Հայկ Խաչիկյան

Հայկ Խաչիկյանը շախմատի բնագավառում իր գործունեությունը սկսել է  2013 թվականից Երևանի Ալ. Պուշկինի անվան թիվ 8 դպրոցում որպես շախմատի ուսուցիչ: Մանկավարժ-մարզչին հաջողվել է հանրակրթական դպրոցում շախմատի դասավանդումը դնել ամուր հիմքերի վրա և ձևավորել շախմատասեր աշակերտների ուժեղ թիմ, որը հաջողությամբ մասնակցում է միջդպրոցական հանրապետական մրցումների:

2014 թվականից Հայկ Խաչիկյանը աշխատում է Դավթաշենի շախմատի դպրոցում, Այստեղ նա մարզում է պրոֆեսիոնալ պատանի մարզիկների, որոնց համար արդեն շախմատը ոչ թե նախասիրություն է, այլ ապրելակերպ ու ամենօրյա տքնաջան աշխատանք: Հայկ Խաչիկյանի սաները շախմատի Երևանի, մարզային ու հանրապետական մրցաշարերի դափնեկիրներ են, նվաճել են չեմպիոնական բարձր կոչումներ: Պատանի շախմատիստները նշանակալի հաջողություններ են գրանցել նաև միջազգային մրցաշարերում, մասնակցել աշխարհի ու Եվրոպայի առաջնությունների:

 2015 թվականից Հայկ Խաչիկյանը սկսել է «Շախմատի տեսություն և պրակտիկա» դասախոսել  Գավառի պետական համալսարանում և իր փորձն ու գիտելիքները փոխանցել ապագա մանկավարժ-մարզիչներին: Նրա ուսանողներից շատերն այսօր արդեն հավաստագրված մասնագետներ են:

Հայկ Խաչիկյանը նաև շախմատի տեսությանն ու պրակտիկային նվիրված մի շարք գիտական հոդվածների հեղինակ է: