ՖԻԴԵ — Շախմատի միջազգային ֆեդերացիա

ՖԻԴԵ

Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ, Fédération Internationale des Échecs, FIDE) միջազգային սպորտային կազմակերպություն է, որը միավորում է շախմատի ազգային ֆեդերացիաները: Նա զբաղվում է շախմատի մասսայականացմամբ, հավակնորդների մրցաշարերի, աշխարհի չեմպիոնի տիտղոսի կոչման մրցամարտի, շախմատի օլիմպիադաների և շախմատի միջազգային այլ մրցաշարերի կազմակերպմամբ, տալիս է սպորտային կոչումներ, հաշվարկում և հրապարակում շախմատիստների պաշտոնական վարկանիշները: Հիմնադրվել է 1924 թվականի հուլիսի 20-ին, Փարիզում:

Ֆեդերացիայի կարգախոսն է ՝ «Gens Una Sumus» («Մենք մեկ ընտանիք ենք» — լատ.)։

Գլխավոր գրասենյակը գտնվում է Լոզանում (Շվեյցարիա), ունի գրասենյակ նաև Էլիստայում (Ռուսաստան):

Պաշտոնական լեզուները անգլերենն ու ֆրանսերենն են, բայց բոլոր փաստաթղթերը կազմվում են միայն անգլերեն լեզվով:

Բացի այդ, համագումարներում օգտագործվում են նաև իսպաներենը և ռուսերենը:

ՖԻԴԵ-ի անդամներ

ՖԻԴԵ-ի անդամները շախմատի ազգային ֆեդերացիաներ են, որոնցից յուրաքանչյուրն իրավունք ունի քվեարկել Գլխավոր ասամբլեայում, ինչպես նաև շախմատի մի շարք այլ կազմակերպություններ (միջազգային թղթակցության շախմատի միջազգային ֆեդերացիա, կույր շախմատիստների միջազգային ասոցիացիա և այլ) և առանձին անդամներ, ովքեր չունեն քվեարկության իրավունք:

Ցանկացած ազգային ֆեդերացիա, որի գործունեությունը չի հակասում Շախմատի միջազգային ֆեդերացիայի կանոնադրություններին, կարող է միանալ ՖԻԴԵ-ին:

ՖԻԴԵ-ն կառուցված է ժողովրդավարության սկզբունքների վրա. դրանում ընդգրկված բոլոր ֆեդերացիաները հավասար իրավունքներ ունեն:

ՖԻԴԵ-ն չի ընդունում խտրականություն քաղաքական, ազգային, ռասայական, կրոնական կամ սոցիալական հիմքերով (օրինակ, 1974-1996 թվականներին Հարավային Աֆրիկայի շախմատի ֆեդերացիայի անդամակցությունը դադարեցվել է այս երկրում վարվող ապարտերային ռասսայական խտրականության քաղաքականության պատճառով):

Հիմնադրման պահին ՖԻԴԵ-ն միավորել է 14 երկիր:

1960-ականների կեսերին անդամների թիվն ավելացավ զարգացող շատ երկրների անդամակցության շնորհիվ և 1987-ին հասավ 125-ի:

2019-ի դրությամբ ՖԻԴԵ — ին անդամակցում է 191 շախմատի ազգային ֆեդերացիա:

Դրանք տարածաշրջանային հիմունքներով բաժանվում են գոտիների, յուրաքանչյուր գոտի ընտրում է նախագահ։

ՖԻԴԵ — ի գործունեություն

ՄրցաշարերՎարկանիշներ և կոչումներ

ՖԻԴԵ-ն կազմակերպում է շախմատի օլիմպիադաներ, տղամարդկանց և կանանց աշխարհի առաջնություն, աշխարհի գավաթ և այլ մրցումներ:

1970-ից ՖԻԴԵ-ն հաշվարկում է շախմատիստների վարկանիշները, սկզբում՝ 6 ամիսը մեկ անգամ, այժմ՝ ամիսը մեկ անգամ:

Մրցաշարում միջազգային վարկանիշների հաշվարկի համար այն պետք է նախապես գրանցվի և անցկացվի ՖԻԴԵ-ի կանոնների համաձայն:

Մրցաշարի գրանցումը վճարովի է:

ՖԻԴԵ-ն նաև միջազգային կոչումներ է շնորհում ամենաուժեղ շախմատիստներին.

  • Գրոսմայստեր (GM) — 2500+ վարկանիշ և 3 նորմա
  • Միջազգային վարպետ (IM) — 2400+ վարկանիշ և 3 նորմա
  • ՖԻԴԵ-ի վարպետ (FM, 1978 թվականից) — 2300+ վարկանիշ
  • Վարպետության թեկնածու (CM, 2002 թվականից) — 2200+ վարկանիշ

Այս բոլոր կոչումները շնորհվում են ցմահ: Շախմատիստը պետք է վճարի դրանց շնորհման համար:

Ազգային ֆեդերացիաները կարող են հաշվարկել «ազգային» վարկանիշներ և իրենց անդամներին շնորհել «ազգային» կոչումներ:

Նրանք ՖԻԴԵ-ի կոչումների և վարկանիշների հետ կապ չունեն:

ՖԻԴԵ — ի պատմություն

1914-1946թթ․1916-1962թթ․1970-ականներԱշխարհի առաջնություն 1983-1985թթ․1992-2015թթ․2015թ․- մեր օրեր

1914-1946թթ․

1914 թվականի ապրիլին Սանկտ-Պետերբուրգում առաջին անգամ փորձ արվեց ձևավորել շախմատի միջազգային ֆեդերացիա։

Եվս մեկ փորձ արվեց 1920 թվականի Գյոթեբորգի մրցաշարի ընթացքում։

ՖԻԴԵ-ն հիմնադրվել է 1924 թ. հուլիսի 20-ին Փարիզում (Ութերորդ ամառային օլիմպիական խաղերի ժամանակ) Պ. Վենսանի (Ֆրանսիա), Լ. Ռիսի (Մեծ Բրիտանիա) և Ալեքսանդր Ռյուեբի (Նիդեռլանդներ) նախաձեռնությամբ:

ՖԻԴԵ-ի 14 հիմնադիր երկրներն են՝

  • Արգենտինա,
  • Բելգիա,
  • Մեծ Բրիտանիա,
  • Հունգարիա,
  • Իսպանիա,
  • Իտալիա,
  • Կանադա,
  • Նիդեռլանդներ,
  • Լեհաստան,
  • Ռումինիա,
  • Ֆրանսիա,
  • Չեխոսլովակիա,
  • Շվեյցարիա,
  • Հարավսլավիա:

Իր գոյության առաջին տարիներին ՖԻԴԵ-ն թույլ ազդեցություն ունեցավ և վատ ֆինանսավորվեց:

ՖԻԴԵ-ն բավարարված էր Լոնդոնյան կանոններով, բայց 10,000 ԱՄՆ դոլարի մրցանակային հիմնադրամ ապահովել չէր կարողանում:

Կանոնակարգը վերանայելու համար հրավիրվել է Կապաբլանկան: Երրորդ համագումարում, որը տեղի է ունեցել Բուդապեշտում 1926 թ.-ին, որոշվել է կազմակերպել շախմատի օլիմպիադա: Բայց հրավերներն ուշ ուղարկվեցին, և մրցաշարին մասնակցեց ընդամենը 4 երկիր: Արդյունքում, այս մրցաշարը կոչվեց Փոքր Օլիմպիադա: Հաղթող դարձավ Հունգարիան, որին հաջորդեցին Հարավսլավիան, Ռումինիան և Գերմանիան:

1927-ին ՖԻԴԵ-ն Լոնդոնում անցկացվող 4-րդ համագումարի ընթացքում կազմակերպեց և հյուրընկալեց առաջին շախմատի օլիմպիադային: Մրցաշարի պաշտոնական անունն էր «Ազգերի մրցաշար» կամ «Աշխարհի թիմային առաջնություն», բայց «Շախմատի օլիմպիադա» անվանումը ավելի տարածված է դարձել: 16 թիմով Հունգարիան դարձավ Շախմատի Առաջին օլիմպիադայի հաղթողը:

1935 թվականից ՖԻԴԵ-ն փորձում է կանոններ սահմանել հավակնորների ընտրության համար: Միևնույն ժամանակ, Ալեխինը և Էյվեն պատրաստվում էին իրենց ռևանշին, որը նախատեսված էր 1937-ի վերջին: Հոլանդիայի շախմատի ֆեդերացիան առաջարկել է գերմրցաշար նախկին չեմպիոնների և աճող աստղերի հետ` հաջորդ չեմպիոնին ընտրելու համար: ՖԻԴԵ-ն մերժեց այս առաջարկը։

1939-ին Երկրորդ աշխարհամարտի բռնկումից հետո դադարեցվեցին միջազգային մրցաշարերը:

1916-1962թթ․

Մինչև 1946 թվականը աշխարհի նոր չեմպիոնը նվաճում էր տիտղոսը ՝ հաղթելով նախկին չեմպիոնին: 1946 թվականին չեմպիոն Ալեքսանդր Ալեխինի մահից հետո նոր չեմպիոն որոշելու խնդիր առաջացավ: Շատ հարգված խաղացողներ և մասնագետներ առաջարկում էին տարբեր լուծումներ: ՖԻԴԵ-ի համար դժվար էր քննարկում կազմակերպել այս հարցի շուրջ, քանի որ շատ երկրներ, հատկապես Խորհրդային Միությունը, չէին կարող ուղարկել իրենց ներկայացուցիչներին պատերազմի հետևանքով առաջացած ֆինանսական խնդիրների պատճառով:

Բացի այդ, ԽՍՀՄ-ը երկար ժամանակ հրաժարվեց միանալ ՖԻԴԵ-ին, չնայած այն հանգամանքին, որ հավակնորդների մոտ կեսը սովետական ​​շախմատիստներ էին: Բայց շուտով Սովետական ​​Միությունը հասկացավ, որ չի կարող մի կողմ քաշվել աշխարհի նոր չեմպիոնի հարցի քննարկումից և 1947-ին հեռագիր ուղարկվեց՝ ներողություն խնդրելով սովետական ​​ներկայացուցիչների բացակայության համար, և առաջարկով, որ ԽՍՀՄ-ը ներկայացված լինի ՖԻԴԵ-ի ապագա հանձնաժողովներում:

1938 թ. ԱՎՌՈ մրցաշարը հիմք է ծառայել 1948 թ. Հավակնորդների մրցաշարի համար: ԱՎՌՈ մրցաշարին մասնակցում էին ութ խաղացող, որոնք, այն ժամանակ աշխարհի լավագույն խաղացողներն էին: 1938 թվականի մրցաշարի մասնակիցներից երկուսը՝ Ալեխինը և աշխարհի երրորդ չեմպիոն Խոսե Ռաուլ Կապաբլանկան, մահացած էին, և ՖԻԴԵ-ն որոշեց, որ 1938 թվականի մրցաշարի մյուս վեց մասնակիցները խաղան ընտրական մրցաշարում:

Այս խաղացողներն էին. Մաքս Էյվե, Միխայիլ Բոտվիննիկ, Պաուլ Կերես, Սալո Ֆլոր, Ռուբեն Ֆայն և Սամուել Ռեշևսկի:

Շուտով ՖԻԴԵ-ն ընդունեց Սալո Ֆլորին Վասիլի Սմիլովով փոխարինելու սովետական ​​առաջարկը: Ռոյբեն Ֆայնը դուրս եկավ մրցաշարից ուսումը շարունակելու համար: Այսպիսով, միայն հինգ խաղացողներ շարունակեցին պայքարը շախմատի համաշխարհային տիտղոսի համար: Բոտվիննիկը համոզիչ կերպով հաղթեց և դարձավ աշխարհի նոր չեմպիոն: Սահմանվեց նաև ընթացակարգ ՝ աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար մրցաշարի ցիկլը սահմանել 3 տարի: Այդպես եղել է մինչև 1962 թվականը ներառյալ:

1970-ականներ

1962 թ.-ին Ռոբերտ Ֆիշերը, զբաղեցնելով 4-րդ տեղը Կյուրասաոյի հավակնորդների մրցաշարում, <<Sports Illustrated>> ամսագրում հոդված է հրապարակել, որում նշել է, որ սովետական ​​ուժեղագույն շախմատիստներ Տիգրան Պետրոսյանը, Պաուլ Կերեսը և Եֆիմ Գելլերը իրենց միջև պայմանավորված պարտիաներ են խաղում, որպեսզի թույլ չտան մյուս շախմատիստներին մրցանակային տեղեր գրավել։ ՖԻԴԵ-ն պատասխանեց՝ փոխարինելով հավակնորդների մրցաշարը շրջանաձև մրցակարգի փոխարեն անցկացնելով օլիմպիական համակարգով։

1969 թվականին Ֆիշերը հրաժարվեց խաղալ Ամերիկայի առաջնությունում մրցաշարի կանոնների և մրցանակային գումարի վերաբերյալ տարաձայնությունների պատճառով: Քանի որ այդ առաջնությունը դիտվում էր որպես գոտիական մրցաշար, Ֆիշերը կորցրեց այս փուլում աշխարհի չեմպիոն Բորիս Սպասկուն մարտահրավեր նետելու հնարավորությունը: Բայց ամերիկացի գրոսմայստեր Պոլ Բենկոն համաձայնվեց հօգուտ Ֆիշերի հրաժարվել իր տեղից միջզոնալ մրցաշարում։ Ամերիկյան մյուս խաղացողները նույնն արեցին: ՖԻԴԵ-ի նախագահ Մաքս Էյվեն Ֆիշերին թույլ տվեց խաղալ 1970-ին Պալմա դե Մալյորկայում անցկացվող միջզոնային մրցաշարում, որը Ֆիշերը համոզիչ կերպով հաղթեց: Այնուհետև ընտրական հանդիպումներում Ֆիշերը ջախջախեց սովետական ​​գրոսմայստեր Մարկ Թայմանովին 6 : 0 հաշվով, նույն ավերիչ հաշվով պարտության մատնեց դանիացի գրոսմայստեր Բենտ Լարսենին, այնուհետև հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Տիգրան Պետրոսյանին`6,5: 2,5 հաշվով: 1972 թվականին հաղթեց Բորիս Սպասկուն և դարձավ աշխարհի նոր չեմպիոն:

Ֆիշերը՝ աշխարհի շախմատի չեմպիոն

Հաղթանակից հետո Ֆիշերը քննադատեց աշխարհի առաջնության խաղի գործող կանոնները (24 խաղ. Չեմպիոնը պահպանեց տիտղոսը, եթե հանդիպումն ավարտվի ոչ-ոքի) այն հիմքերով, որ այն խրախուսում է ոչ-ոքի:

Մինչ Ֆիշերի և ՖԻԴԵ-ի միջև այս վեճը շարունակվում էր, սովետական ​​երիտասարդ գրոսմայստեր Անատոլի Կարպովը դարձավ ընտրական փուլի հաղթող և 1975 թ. Ֆիշերին մարտահրավեր նետեց։ Ֆիշերը հրաժարվեց ընդունել մրցարային ցանկացած կանոն՝ բացի իր առաջարկածներից: Ֆիշերի հիմնական պահանջներից մեկն այն էր, որ հավակնորդը տիտղոսը նվաճելու համար պետք է ունենա առնվազն երկու հաղթանակ ավել, քան չեմպիոնը: ՖԻԴԵ-ն պնդում էր, որ սա անարդար էր։ Ֆիշերը չկանգնեց իր պահանջներից և, ի վերջո, ՖԻԴԵ-ն զրկեց նրան իր տիտղոսից և Կարպովին հռչակեց աշխարհի նոր չեմպիոն:

ՖԻԴԵ-ն բազմաթիվ վեճեր ունեցավ Խորհրդային Շախմատի ֆեդերացիայի հետ:

1976-ին, աշխարհի չեմպիոն Անատոլի Կարպովի մրցակից գրոսմայստեր Վիկտոր Կորչնոյը քաղաքական ապաստան է ստանում Նիդեռլանդներում: Մի քանի օր առաջ քննարկման ժամանակ Մաքս Էյվեն Կորչնոյին ասել էր. «… Դուք, իհարկե, կպահեք ձեր բոլոր իրավունքները …»: ՖԻԴԵ-ն հետագայում մերժեց ԽՍՀՄ-ի Կորչնոյին Կարպովի հետ մրցամարտին թույլ չտալու բոլոր փորձերը։ ՖԻԴԵ-ի և Խորհրդային Շախմատի ֆեդերացիայի միջև ևս մեկ բախման պատճառ եղավ Իսրայելում 1976 թվականի շախմատի օլիմպիադան անցկացնելու որոշումը, որի հետ Սովետական ​​Միությունը դիվանագիտական հարաբերություններ չէր պահպանում: ԽՍՀՄ թիմը (ինչպես մյուս սոցիալիստական ​​երկրները) չմասնակցեց այս Օլիմպիական խաղերին: Այնուամենայնիվ, սոցիալիստական ​​երկրները չեն մասնակցել նաև Տրիպոլիում անցկացվող «հակաօլիմպիադային», որը տեղի է ունեցել միևնույն ժամանակ 1976-ին (այս մրցույթը կազմակերպվել է որպես բողոքարկման ձև, ընդհանուր առմամբ մասնակցել է 34 թիմ ՝ հիմնականում արաբական երկրներից և զարգացող այլ երկրներից, և մի քանի ֆեդերացիաներ ուղարկել են իրենց թիմեր ինչպես Հայֆայում, այնպես էլ Տրիպոլիում։ Մրցաշարը հաղթեց Սալվադորի թիմը):

1977-ին ՖԻԴԵ-ի կոնգրեսը աջակցեց ԽՍՀՄ դիրքորոշմանը՝ նշելով իր ներդրումը շախմատի աշխարհի միասնության, ոչ պառակտման մեջ:

Անդամակցության արագ ընդլայնում

Իր նախագահության օրոք (1970-1978) Մաքս Էյվեն ձգտում էր ավելացնել ֆեդերացիայի անդամ երկրների թիվը:

Ֆլորենցիո Կամոմանեսը (1982-1995) շարունակեց այս քաղաքականությունը: Աշխարհի նախկին չեմպիոն Անատոլի Կարպովը ավելի ուշ ասաց, որ ՖԻԴԵ-ում շատ փոքր և աղքատ երկրների ընդգրկումը հանգեցրել է «շախմատի աշխարհում առաջնորդության վակուումի, այլ կերպ ասած ՝ մեր ներկա իրավիճակին»:

Գրոսմայստեր Յուրի Ավերբախի խոսքով՝ ՖԻԴԵ-ում երրորդ աշխարհի մեծ թվով երկրների ներկայությունը հեշտացնում էր որոշումների մանիպուլյացիան:

Միխայիլ Բոտվիննիկը այս առիթով նշել է, որ ՖԻԴԵ-ում, ի տարբերություն ՄԱԿ-ի, «Անվտանգության խորհուրդ գոյություն չունի»:

Աշխարհի առաջնություն 1983-1985թթ․

Աշխարհի առաջնությունում Գարրի Կասպարովի հաղթանակին տանող իրադարձությունները ՖԻԴԵ-ին ներգրավեցին երկու վեճերի մեջ:

Կիսաեզրափակիչի ընտրական փուլը, որը պետք է խաղային 1983-ին, ՖԻԴԵ-ն որոշեց Կասպարով — Կորչնոյի հանդիպումը անցկացնել Կալիֆոռնիայի Փասադենա քաղաքում: Սովետական ​​Միությունը հրաժարվեց մասնակցել, քանի որ վախենում էր, որ Կասպարովը արտագաղթելու է, կամ գուցե այն պատճառով, որ Կասպարովին ծեր Կորչնոյի համեմատ համարում էր ավելի մեծ սպառնալիք իշխող չեմպիոն Անատոլի Կարպովի: Հրաժարումը կնշանակեր, որ Կասպարովը կկորցներ աշխարհի չեմպիոնի տիտղոսը վիճարկելու իր հնարավորությունը: Հանուն արդարության, հարկ է նշել, որ առաջարկվող քաղաքներից երկու մրցակիցն էլ ընտրեցին Ռոտերդամը։ Բացի այդ, կոնֆլիկտ է ծագել երկրորդ «Սմիսլով» — «Ռիբլի» խաղի անցկացման վայրում (ՖԻԴԵ-ի նախագահ Ֆլորենսիո Կամոմանեսը, հակառակ երկու մասնակիցների ցանկության, մրցամարտը որոշեց անցկացնել Աբու Դաբիում): Նա հետագայում բանակցություններ է վարել Խորհրդային Միության հետ, և երկու հանդիպումները խաղացել են Լոնդոնում:

1984 թվականին Կարպովի և Կասպարովի միջև աշխարհի առաջնությունում հաղթողը պետք է հաղթեր 6 խաղ՝ առանց պարտիաների քանակի սահմանափակման:

Առաջին 27 խաղում Կարպովը 5-0 հաշվով առաջ անցավ, բայց 48-րդ խաղում Կասպարովը կրճատեց տարբերությունը`5-3: Այս ժամանակ մրցամարտն արդեն տևել էր 159 օր (1984 թ. Սեպտեմբերից մինչև 1985 թ. Փետրվար), Կարպովը շատ հոգնած էր թվում, և շատերը կարծում էին, որ Կասպարովը պետք է հաղթի: Վեցօրյա բանակցություններից հետո՝ փետրվարի 15-ին, Կամպոմանեսը հայտարարեց, որ հանդիպումն ավարտվել է առանց չեմպիոնի որոշման, նոր հանդիպումը պետք է սկսվի 1985 թվականի սեպտեմբերին ՝ 0: 0 հաշվով, և որ այն բաղկացած կլինի 24 խաղից: Կարպովը մամուլի ասուլիսում ասաց, որ ցանկանում է շարունակել պայքարը:

Այնուամենայնիվ, խաղացվեց երկրորդ մրցամարտը, Կասպարովը հաղթեց այն և դարձավ աշխարհի նոր չեմպիոն:

1992-2015թթ․

1992-ին Նայջել Շորտը հաղթեց ընտրական մրցաշարը՝ դառնալով աշխարհի չեմպիոնի պաշտոնական հավակնորդ: ՖԻԴԵ-ն շատ արագ ընդունեց Մանչեստերի չեմպիոնական մրցամարտն անցկացնելու առաջարկը։ Բայց միևնույն ժամանակ, Շորտը Հունաստանում էր գտնվում և չէր կարող խորհրդակցել, ինչպես պահանջվում էր ՖԻԴԵ-ի կանոններով: Իրավիճակը զննելուց հետո Շորտը կապ հաստատեց Կասպարովի հետ, որը չէր վստահում Ֆլորենցիո Կամոմանեսին, որը դադարեցրեց Կասպարով-Կարպով հանդիպումը 1984 թվականին: Կասպարովն ու Շորտը եկան կարծիքի, որ ՖԻԴԵ-ն ի վիճակի չէ ապահովել ֆինանսական լավագույն պայմանները խաղի համար և հայտարարեցին, որ նրանք կխաղան նոր կազմակերպության ՝ Պրոֆեսիոնալ շախմատային ասոցիացիայի հովանու ներքո: Ի պատասխան ՝ ՖԻԴԵ-ն զրկեց Կասպարովին աշխարհի չեմպիոնի տիտղոսից և հեռացրեց նրան ու Շորտին պաշտոնական վարկանիշային ցուցակներից: Աշխարհի չեմպիոնի կոչման մրցամարտը պետք է կայանար Կարպովի և Յան Թիմմանի միջև, որոնց Շորտը հաղթել էր կիսաեզրափակչում և եզրափակչում:

Կասպարովն ու Կարպովը հաղթեցին իրենց մրցամարտերում, և այժմ երկու շախմատիստներն էլ սկսեցին համարվել աշխարհի չեմպիոն:

1994-ին Կասպարովը հասկացավ, որ ՖԻԴԵ-ից անջատումը սխալ էր, քանի որ ինչպես հովանավորները, այնպես էլ գրոսմայստերների մեծ մասը չեն ընդունում պառակտումը շախմատային աշխարհում: Կասպարովը սկսեց փորձել բարելավել հարաբերությունները ՖԻԴԵ-ի հետ, աջակցեց Կամպոմանեսին նախագահի պաշտոնում վերընտրվելու պայքարում: Բայց ՖԻԴԵ-ի շատ պատվիրակներ Կամպոմանեսին համարեցին կոռումպացված, և 1995-ին նա համաձայնվեց հեռանալ: Նրան հաջորդեց Կիրսան Իլյումժինովը՝ Ռուսաստանի Դաշնություն Կալմիայի Հանրապետության Նախագահը: Հաջորդ տարիներին աշխարհի գավաթը միավորելու մի քանի անհաջող փորձեր եղան. դրանք անհաջող էին, մասնավորապես, Կասպարովի պահանջով անհապաղ խաղալ միավորման խաղը, առանց նախնական որակավորման հանդիպումների: 2000 թվականին Վլադիմիր Կրամնիկը շախմատի աշխարհի առաջնության խաղում պարտության մատնեց Կասպարովին: Բայց Կրամնիկը նույնպես չցանկացավ որակավորման հանդիպումներ անցկացնել և դեմ էր արտահայտվել ՖԻԴԵ-ի Աշխարհի առաջնությունը ամենամյա նոկաուտային մրցաշարերով փոխարինելու փորձին, ժամակարգի կրճատմանը և փոփոխություններին, որոնք, ըստ ղեկավարության, կդարձնեն խաղը ավելի դիտարժան: Վերջապես, 2006 թ.-ին տեղի ունեցավ միավորվման մրցամարտ Կրամնիկի և Վեսելին Տոպալովի միջև, որում Կրամնիկը հաղթեց և դարձավ միակ աշխարհի չեմպիոն։

2015թ․- մեր օրեր

2015-ի նոյեմբերին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Սիրիայի գործով ԱՄՆ պատժամիջոցների ցուցակում էր, և այդ կապակցությամբ, 2017-ի հոկտեմբերին, ՖԻԴԵ-ի գործադիր կոմիտեն նրան հորդորեց հաջորդ ընտրություններին թեկնածություն չդնել:

2018-ի ապրիլին ՖԻԴԵ-ի նախագահական խորհուրդը պահանջել է Իլյումժինովին պաշտոնաթող լինել, բայց նա հրաժարվել է։

2018 թվականի հուլիսի 13-ին էթիկայի հանձնաժողովը նրան հեռացրեց պաշտոնից 18 ամիս ժամկետով:

Նոր նախագահն ընտրվել է 2018-ի հոկտեմբերի 3-ին Բաթումիում ՖԻԴԵ-ի 89-րդ համագումարում: Նախագահի պաշտոնում առաջադրվել է երեք թեկնածու՝ Գեորգիոս Մակրոպուլոսը, Նայջել Շորտը և Արկադի Դվորկովիչը: Քարոզարշավի ելույթի ընթացքում Շորտը հանեց իր թեկնածությունը հօգուտ Դվորկովիչի:

Քվեարկության արդյունքներով Արկադի Դվորկովիչը դարձավ ՖԻԴԵ-ի նոր նախագահ: