Շախմատի պատմություն
Շախմատ խաղի նախատիպը
Շախմատ խաղն առաջացել է ավելի քան մեկուկես հազարամյակ առաջ Հնդկաստանում։ Խաղի նախատիպը կոչվում էր չատուրանգա: Իր խաղաքարերի զանազանությամբ ևդասավորությամբ նա ձգտում էր պատկերել այն ժամանակվա հնդկական զորքի կազմն ու շարքը:
Խաղում էին չորս հոգով։ Խաղի նպատակն էր՝ ոչնչացնել մրցակցի ամբողջ զորքը։ Հետաքրքիր է, որ քայլերը որոշում էին ոչ թե խաղացողները, այլ պատահականության սկզբունքը։ Քայլը որոշվում էր խաղազառի նետման միջոցով։ Ժամանակի ընթացքում չատուրանգան սկսեց զարգանալ և տարածվել։ Սպիտակ ու սև խաղաքարերը «միավորվեցին», 4 խաղացողից մնացին երկուսը։ Չատուրանգան կամաց-կամաց սկսեց նմանվել ժամանակակից շախնատին։
Բազմաթիվ աղբյուրների պնդմամբ, ներկա շախմատի կանոնները ձևավորվել են վեցերորդ դարում։
Շախմատ խաղի գյուտի պատմություն
Նախապատմություն
Ալ-Բիրունի «Հնդկաստան» գրքում գրված ավանդությունից մեզ հասել է հետևյալը. Հնդկաստանի թագավոր Մահարաջա Րանվիրը, որը թագավորում էր սրբազան Գանգես գետի ափին գտնվող Մագադհե քաղաքում, շատ էր սիրում պատերազմել։ Նա կամ պատրաստվում էր արշավանքի, կամ արշավանքից էր վերադառնում, սակայն ոչ բոլորն էին ընդունում այդ քաղաքականությունը։ Բացի այդ, արքան շատ մեծամիտ էր, նա իրեն շրջապատել էր շողոքորթ պալատականներով։ Նրանց կեղծ գովասանքից թագավորի գլուխը պտույտ էր եկել, և նա դարձել էր շատ ինքնավստահ։ Ինքնահավան թագավորը չէր լսում ոչ միայն ժողովրդի ձայնը, այլև հաշվի չէր նստում փիլիսոփաների ու գիտնականների հետ։ Այն ժամանակվա փիլիսոփա գիտնականներից մեկը, որը նույնպես վշտացած էր թագավորի անձնական քմահաճույքներից ու ինքնահավանությունից, որոշում է ապացուցել թագավորին, որ նա չի կարող շահել որևէ պայքար առանց իր հպատակների։
Ստեղծում
Գիտնականը որոշում է ստեղծել մի խաղ, որը նաև կփոխարինի արքայի արշավանքներ գնալու ցանկությունը։ Նա երկար մտածում է ու վերջապես հնարում է շախմատը։ Այդ խաղը շատ դուր է գալիս թագավորին։ Նա անմիջապես պալատ է կանչում փիլիսոփային և հարցնում, թե ինչ նվեր է ուզում այդ հիանալի խաղի համար։ Իմաստուն հնդիկը ասում է․ «Շախմատի տախտակի առաջին վանդակում դրեք մի հատիկ ցորեն, երկրորդում՝ դրա կրկնապատիկը և այդպես մինչև վաթսունչորսերորդ վանդակը»: Թագավորն առանց երկար մտածելու կանչում է մառանապետին և կարգադրում՝ փիլիսոփայի հասանելիք ցորենը տալ։ Պահեստապետն ու իր օգնականները սկսում են հաշվել. պարզվում է, որ դա աներևակայելի չափերի հասնող ցորենի մի քանակ է, և թագավորն ի վիճակի չէ վճարելու: Արդեն երրորդ շարքի ավարտին անհրաժեշտ էր 17 մլն ցորեն, իսկ միայն վերջին վանդակի մասնաբաժինը կազմում է 18 446 744 073 709 551 615 հատիկ ցորեն։ Հաշվարկված է, որ ցորենի ամբողջ քաշը կազմելու է 460 մլրդ տոննա։
Շախմատ խաղի կանոնների տեսակները
Շախմատը, որ պարունակում էր շատ տեսակներ, Հնդկաստանից տարածվեց ամբողջ արևելյան և կենտրոնական Ասիայով, իսկ 5-րդ դարի վերջում կամ 6-րդ դարի սկզբում մուտք գործեց Պարսկաստան: Այնտեղ մեծ շախմատը մեծ տարածում գտավ, քանի որ «բանականությունը հաղթանակ է տանում»՝ ինչպես ասվում էր հնագույն ձեռագրերից մեկում։ 7-րդ դարում իրանական միապետության նվաճողներ արաբները ծանոթացան շախմատին։ Նրանք զարգացրին և փոքր ինչ կատարելագործեցին խաղը։ Շախմատը իր առավելագույն զարգացմանը արաբների մոտ հասավ 9-10-րդ դարերում: Ձեռագրերը վկայում են, որ նրանք հետաքրքրվում էին ոչ միայն գործնական խաղով, այլև շախմատային կոմպոզիցիայով և վերլուծությամբ։
Խաղի հիմնական կանոնները ստեղծվել են վերածննդի դարաշրջանում, թեպետ միատեսակությունը սահմանվել է միայն 19-րդ դարում:
Անվանում
Հայերենում ի սկզբանե շախմատը կոչվել է ճատրակ, որն այժմ օգտագործվում է արևմտահայերենում և պարսկահայերենում։
Շախմատ անունն առաջացել է պարսկերեն շահ՝ արքա, և մատ՝ մահացավ բառերից։
Շախմատ խաղի կարգավիճակ
1999 թ.–ի հունիսին Շախմատի միջազգային ֆեդերացիան (ՖԻԴԵ) ճանաչվել է որպես Միջազգային մարզական ֆեդերացիա:
Լրացուցիչ մանրամասներ կարող եք կարդալ Հայկ Խաչիկյանի բլոգում։