Զավեն Անդրիասյան

Զավեն Անդրիասյանը ծնվել է 1989 թվականի մարտի 11-ին Երևանում։ Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում, իսկ 7-ում դարձել է Հայաստանի մինչև 10 տարեկանների չեմպիոն։ Այդ արդյունքը նա կրկնել է ևս երկու անգամ՝ 1998 և 1999 թվականներին՝ 100-տոկոսանոց արդյունքով՝ 9 հնարավորից 9 միավոր։ Տարբեր տարիներին նա դարձել է տարբեր տարիքային խմբերի Հայաստանի չեմպիոն։

14 տարեկանում հաղթել է մինչև 18 տարեկանների ՀՀ առաջնությունում և այլևս չի մասնակցել այդ մրցաշարին։

Հաջողությունները միջազգային ասպարեզում

2005թ. նվաճել է Եվրոպայի մինչև 16 տարեկանների հաղթողի կոչումը։

Նույն թվականին հաղթել է նաև այդ տարիքային խմբի Եվրոպայի արագ շախմատի առաջնությունում։

2005-ին դարձել է «Աերոֆլոտ օփեն Բ» մրցաշարի հաղթող։ Նույն թվականին ստացել է միջազգային վարպետի կոչում։

2006 թվականին նվաճել է Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնության արծաթե մեդալը, իսկ մեկ ամիս անց 17 տարեկանում դարձել է աշխարհի մինչև 20 տարեկանների չեմպիոն և անմիջապես ստացել գրոսսմայստերի կոչում։ Այդ պահին նա Հայաստանի ամենաերիտասարդ գրոսմայստերն էր։

Ուղին մինչև Հայաստանի չեմպիոնի կոչումը

Տարբեր տարիներին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն։

Հայաստանի մեծահասակների առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր է։

2010-ին դարձավ Ռուսաստանի գավաթակիր՝ նոկաուտ համակարգով անցկացվող մրցաշարի բոլոր մրցամարտերը շահելով հիմնական ժամանակում, ինչն աննախադեպ էր այդ մրցաշարի համար։ Զավենն առավելության հասավ մրցաշարի առաջին համար Վիորել Բոլոգանի, Եվրոպայի չեմպիոն Վլադիմիր Պոտկինի և մրցաշարի երկրորդ համար, 2007 թ. Ռուսաստանի գավաթակիր Արտյոմ Տիմոֆեևի նկատմամբ։

2013-ին դարձել է Կազանում կայացած Ամառային ուսանողական խաղերի արծաթե մեդալակիր՝ արմագեդդոնում զիջելով ֆիլիպինցի Ուեսլի Սոյին։

2016-ին առանց պարտության 8/11 արդյունքով դարձել է Հայաստանի բարձրագույն խմբի հաղթող։

Ներկայումս աշխատում է որպես Հայաստանի կանանց հավաքականի մարզիչ։

Արտյոմ Սուքիասյան