8-ամյա Յուրի Համբարձումյանը դարձավ ՌԴ Կենտրոնական ֆեդերատիվ շրջանի չեմպիոն

Ռուսաստանի Դաշնության Կենտրոնական ֆեդերատիվ շրջանի առաջնությանը մասնակցում էին 17 շրջանների շախմատիստներ։ Առաջնությանը փայլուն հանդես եկավ մեր հայրենակից Յուրի Համբարձումյանը, ով 9 խաղում տոնեց 8 հաղթանակ և 1 խաղ ավարտեց ոչ-ոքի՝ 1,5 միավոր առաջ անցնելով երկրորդ տեղը գրաված շախմատիստից։ Այս հաղթանակի շնորհիվ Յուրին իրավունք ստացավ մասնակցելու Ռուսաստանի մինչև 11 տարեկանների բարձրագույն խմբի առաջնությանը։

Բացի այս հաղթանակից այս տարվա ընթացքում Յուրին դարձել է մինչև 9 և մինչև 11 տարեկանների շրջանի չեմպիոն, ինչպես նաև հաղթել է Ռուսաստանի պատանեկան գավաթի փուլերից մեկում։

Հոյակապ հանդես եկավ նաև Յուրիի քույրը՝ 5-ամյա Անգելինա Համբարձումյանը, ով մինչև 9 տարեկանների պայքարում կարողացավ գրավել մրցանակային երրորդ հորիզոնականը՝ հերթական անգամ հաղթելով Ռյազանի շրջանի չեմպիոն Մարիա Մուխորինային։

Առաջնությանը մասնակցում էր նաև Համբարձումյանների երրորդ երեխան՝ Միխայիլը, ով 42 շախմատիստի պայքարում գրավեց 16-րդ հորիզոնականը։ Նրա հաղթանակները դեռ առջևում են։

Վերջում հավելենք, որ Համբարձումյանների ընտանիքը մեծ ուշադրություն է դարձնում ֆիզիկական պատրաստվածությանը, երեխաները սիստեմատիկ կերպով մարզվում են և կարողանում են լրացնել բոլոր նորմատիվները։

Արտյոմ Սուքիասյան