Թե ինչու էր Ռոնա Պետրոսյանը խղճում փառքի գագաթնակետին հայտնված բոլոր ժամանակների ամենաերիտասարդ չեմպիոնին․․․

 2015 թվականին ելույթ ունենալով Սենտ Լուիսի համալսարանի շրջանավարտների համար՝ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը պատմեց մի տարօրինակ և ճակատագրական պատմություն, որը, ինչպես վկայեց մեծ չեմպիոնը, մեծ հետք է թողել և շարունակում է թողնել իր կյանքի տարբեր փուլերում։

Դեպքը տեղի է ունեցել 1985 թվականի աշնանը, երբ՝ հաղթելով Կարպովի դեմ մրցախաղի 24-րդ պարտիան, Գարրի Կասպարովը 22 տարեկան հասակում հռչակվեց աշխարհի չեմպիոն։ Աշխարհը նրա ոտքերի տակ էր․․․ երիտասարդ հանճարը նվաճել էր ամենաիմաստուն խաղի չեմպիոնի կոչումը, և դահլիճը թնդում էր, բոլորը հիանում էին, անվերջ ծափահարում, հարազատներն ու բարձրաստիճան հյուրերը հիացական խոսքեր էին ասում, արդեն ամբողջ աշխարհն էր նրա մասին խոսում։

Եվ փակման արարողության այդ էյֆորիկ պահին նրան է մոտենում աշխարհի 9-րդ չեմպիոն Տիգրան Պետրոսյանի այրին՝ Ռոնա Պետրոսյանը, և ասում․ << Երիտասարդ, ես քեզ խղճում եմ․․․>>: Կասպարովն այդ պահին նույնիսկ չհասկացավ` ինչի մասին է խոսքը․.․ ինչպես թե խղճալ․․. ու՞մ, աշխարհի ամենաերիտասարդ չեմպիոնի՞ն, այս պահի՞ն, երբ բոլորը մեծարում են նրան։ Այս խոսքերն էին վայրկյանների արագությամբ անցնում Կասպարովի մտքով, երբ փոքր դադարից հետո Ռոնա Պետրոսյանը պարզաբանեց․ <<Քանի-որ քո կյանքի ամենաերջանիկ պահն արդեն անցավ․․․>>։ Սա արդեն շոկային ազդեցություն ունեցավ Կասպարովի վրա և ստիպեց կանգ առնել։ Չեմպիոնի պատմելով, այդ խոսքերը դաջվել էին նրա ուղեղում և հանգիստ չէին տալիս, և ինչքան շատ էր ժամանակ անցնում, այնքան նա ավելի ու ավելի էր վերադառնում այդ մտքերին և մտածում․ <<Մի՞թե նա ճիշտ էր>>: Աստիճանաբար, տարիների ընթացքում, ահա այս մի քանի բառերի օգնությամբ՝ որոնք նա լսեց Ռոնա Պետրոսյանից, Կասպարովը կառուցեց իր կյանքի փիլիսոփայությունը՝ որի հիմնական գաղափարն այն է, որ ինչքան էլ բարձր ու ռեկորդային լինեն մարդու նվաճումները, երբեք չի կարելի կանգնել ինչ-որ կետի վրա, անընդհատ պետք է ունենալ բարձր նպատակներ, որքան էլ դրանք դժվար լինեն, քանզի հակառակն անդառնալիորեն տանում է լճացման և դեգրադացիայի։

Խաչիկյան Հայկ