Գրեթե կույր շախմատիստը գրոսսմայստերի կոչում ստացավ

Հիվանդության պատճառով Դանիել Պուլվետը գրեթե ամբողջությամբ կորցրեց տեսողությունը, սակայն դա նրան չխանգառեց գերազանցել 2500 վարկանիշային կետն ու լրացնել գրոսսմայստերի 3-րդ նորման։

Պուլվետը ծնվել է Վենեսուալայի Պուերտո-Օրդաս քաղաքում։ Շախմատով զբաղվել սկսել է բավականին ուշ՝ 11-12 տարեկանում։ Սկզբում քայլերը կատարում էր հայրիկի օգնությամբ, հետագայում սովորեց ինքնուրույն կատարել քայլերը։

16 տարեկանում նա կարողացավ Միջազգային վարպետի կոչում ստանալ, ինչից հետո սկսեց քրտնաջան մարզվել բաղձալի երազանքին հասնելու համար։

Ցավոք, ժամանակի ընթացքում նրա տեսողությունը սկսեց ավելի վատանալ։ 2017 թվականին նա տեղափոխվեց Իսպանիա, սակայն կյանքը նոր երկրում հեշտ չէր։ Նա շատ քիչ էր վաստակում և ստիպված էր շաբաթական 7 օր և օրական 10 ժամ աշխատել, ինչը վտանգի էր ենթարկում շախմատային կարիերան։

Չնայած շատ ծանր գրաֆիկին, Պուլվետը փորձում էր որքան հնարավոր է հաճախ խաղալ, հիմնականում խաղում էր շաբաթ օրերին տեղական մարզադպրոցի մրցաշարերում։

Պուլվետը նաև ժամանակ էր գտնում սեփական խաղային որակները բարելավելու համար, այդ հարցում իրեն շատ էին օգնում գործընկեր մարզիչները։

Ինչպես արդեն նշել էինք, Դանիելը միջազգային վարպետի կոչումը ստացավ 2008 թվականին, առաջին գրոսսմայստերի նորման՝ 2013 թվականին։

Վերը նշված խնդիրների պատճառով նա երկրորդ նորման կարողացավ լրացնել միայն 9 տարի անց, իսկ առջևում դեռ 3-րդ նորման էր։

Հարկ էր նշել, որ այս ամբողջ ընթացքում Պուլվետը ունեցել է բազմաթիվ անհաջողություններ, ինչը իրեն ոչ միայն չի կոտրել, այլ ավելի է կոփել և ուժեղ դարձրել։ Դանիելը շտկեց մարզումների գրաֆիկը և կարողացավ հասնել երազանքին՝ 2022 թվականին Վալենսիայում նա լրացրեց գրոսսմայստերի 3-րդ նորման և գերազանցեց վարկանիշային 2500 կետը։

Շուտով իրեն կշնորհվի գրոսսմայստերի կոչում, դա միայն տեխնիկական հարց է։

Արտյոմ Սուքիասյան