Մեծերի խոսքեր շախմատի մասին

Ցավոք, ես կազմակերպված անձնավորություն չէի։ Ամբողջ կյանքում չեմ կարողացել կազմակերպվել, չունեի մշտական մարզիչ։ Ես շատ ընկերներ ունեի, բայց ոչ ոք չէր կարող լուրջ աշխատանք կազմակերպել։
Ժամանակին մասնագետները հավասար էին գնահատում իմ ու Կարպովի հնարավորությունները՝ դառնալու աշխարհի չեմպիոն։ Բայց Կարպովը դարձավ, իսկ ես՝ ոչ։ Նա կենտրոնացված օգնություն ստացավ։ Բացի այդ, նման նպատակներ ունեցող մարդիկ պիտի կարողանան, ինչպես ասում են, դիակների վրայով քայլել։ Կարպովին ոչինչ չէր շեղի իր նպատակից․ ինձ համար ընկերությունը թուլություն էր։
Ինձ բախտ է վիճակվել 15-16 տարեկանից խաղալ Պետրոսյանի, Սպասսկու և ուրիշ հսկաների հետ։ Նրանց հետ յուրաքանչյուր հանդիպումն էլ անմոռանալի է ինձ համար։ Բայց մեր շփումները չեն սահմանափակվել միայն շախմատով․ ես մտերիմ էի շատերի հետ նաև շախմատից դուրս։
Շախմատում ճանապարհի սկիզբը ցույց տվեց հայրս, իսկ ուղղորդեց ինձ Տիգրան Պետրոսյանը։ Վաթսուներեք թվականին նրա հաղթանակը ինձ մեծ ուժ տվեց շախմատում լուրջ նպատակների հասնելու հարցում։
Շախմատի ուսուցանումը պետք է դաստիարակի ինքնուրույն մտածելու կարողություն։ Նա, ով ցանկանում է իր մեջ դաստիարակել ինքնուրույն մտածելու կարողությունը շախմատում, պետք է խուսափի ամեն անկենդան և հորինված թեորիաներից, որոնք հիմնվում են քիչ օրինակների և բազմաթիվ ենթադրությունների վրա։ Պետք է խուսափել մի քանի սովորություններից, ինչպիսիք են վտանգից խուսափումը, ավելի թույլ հակառակորդի հետ խաղալը և սեփական սխալները չընդունելու ցանկությունը:
10 պարտիայից ես կարողացա հաջողություն ունենալ 8-9-ում, որոնք հանրությունը պարտված էր հայտարարել, բայց ես ինքս դրանք անհուսալի չէի համարում, նույնիսկ ամենածայրահեղ պահերին։ Շախմատը պայքար է մարդկանց միջև, այլ ոչ թե ֆիգուրների, և ամեն սխալ պարտիայի բաղադրիչ մասն է համարվում՝ շախմատային քայլերի նման:
Շախմատում կան և՜ գիտության, և՜ արվեստի էլեմենտներ, սակայն երկուսն էլ ենթարկվում են հիմնականին՝ պայքարին: