Մեծերի խոսքեր շախմատի մասին

Ինձ հատուկ են զգուշություն, զգուշավորություն… Իմ խաղաոճում, ինչպես հայելիում, արտահայտվել են բնավորությանս գծերը: Սակայն ես համոզված եմ, որ միայն զգուշավորությամբ չի կարելի շահել աշխարհի առաջնության երկու մրցախաղ:
Ամենից շատ ես շախմատում գնահատում եմ տրամաբանությունը: Ես խորապես համոզված եմ, որ շախմատում, թեև այն մնում է խաղ, ոչինչ պատահական չկա: Եվ դա իմ հավատամքն է: Ես սիրում եմ միայն այնպիսի պարտիաներ, որտեղ խաղացել եմ դիրքի պահանջներին համապատասխան: Ես հավատում եմ միայն տրամաբանական, ճիշտ խաղին:
Շախմատը ազդում է մարդու զարգացման վրա, որոշակիորեն ազդում է նրա կենսակերպի վրա: Դա վերաբերում է այն մարդկանց, ովքեր զբաղվում են շախմատով, շախմատային նվիրում են իրենց ժամանակը, իրենց ոգեղեն ուժերի մի մասը և դրանից հաճույք են ստանում: Նշանակություն չունի՝ նրանք պրոֆեսիոնալնե՞ր են, թե՞ պարզապես հասարակ շախմատասերներ:
Շախմատը ձևով խաղ է, բովանդակությամբ՝ արվեստ, տիրապետելու դժվարությամբ ՝ գիտություն: Շախմատը կարող է այնքան ուրախություն պատճառել, որքան լավ գիրքը կամ երաժշտությունը: Բայց պետք է սովորել լավ խաղալ, և այնժամ դուք կապրեք իսկական ուրախություն:
Երկարատև և լավ շախմատ խաղալու համար պետք չէ հենվել միայն փորձի և գիտելիքների վրա: Պետք է շախմատին տրվել ամբողջովին:
Որպեսզի շախմատը ձեր առջև բացի իր ամբողջ գանձարանը, որպեսզի այն հիրավի ձեզ ուրախություն պատճառի, պետք է լավ խաղալ: Ձեզանից յուրաքանչյուրը զբաղված է իր գործերով և, հավանաբար, այնքան էլ հեշտ չէ ժամեր, օրեր ու շաբաթներ գտնել շախմատն ուսումնասիրելու համար: Բայց դա անհրաժեշտ է շախմատի գաղտնիքների մեջ ներթափանցելու համար: Սիրեցեք շախմատը, և այն կսիրի ձեզ: Այն ձեր առջև կբացի իր ամենափայփայած գաղտնիքները:
Ուժեղ շախմատիստը գիտե խաղի բոլոր կանոններն ու օրենքները: Տաղանդավոր շախմատիստը գիտե այն ամենը, ինչ գիտե ուժեղը, բայց տեսնում է և կանոնների բացատությունները: Իսկ խոշոր շախմատային տաղանդները (անվանենք նրանց հանճարներ) այդ բացառությունները աստիճանաբար վերածում են նոր օրենքների: Եվ այսպես անվերջ: Որովհետև շախմատն անսպառ է։
Ես հպարտանում եմ , որ բազմաթիվ արտասահմանյան ուղևորությունների ժամանակ ներկայացնում եմ իմ ժողովուրդը, իմ հանրապետությունը՝ Հայաստանը, ոչ միայն որպես շախմատիստ, այլև որպես իմ հայրենիքի քաղաքացի:
Շախմատում հանճարը առաջ է անցնում իր ժամանակից, բայց չէ՞ որ դա կարելի է տեսնել միայն հետո, ետ նայելիս: Այս տեսակետից հանճարներ կարելի է անվանել ամենևին ոչ շատերին: Մորֆի, Ստեյնից… Միգուցե, Տալ:
Շախմատիստի կատարելագործման լավագույն, իսկ, գուցե և, միակ ուղին, վարպետների խաղացած պարտիաների վերլուծությունն է՝ այդ բառի բուն իմաստով: