Մեծերի խոսքեր շախմատի մասին

Արվե՞ստ է, արդյոք, շախմատը: Այո՛, արվեստ է: Ուրիշ ին՞չ կերպ պետք է անվանել գործունեության այնպիսի տեսակը, որի դեպքում մարդը ամենախոր գեղագիտական հաճույք է զգում: Ուրիշ ին՞չպես գնահատել նրա ստեղծագործության արդյունքը, որը մարդկանց հոգեկան ուրախություն է պատճառում:
Ես երբեք չեմ բողոքել իմ կոմբինացիոն տեսողությունից: Ես ընդհանրապես կարծում եմ, թեև շատերի համար դա զարմանալի կթվա, որ շախմատում ամեն ինչ հիմնվում է տակտիկայի վրա: Եթե ստրատեգիան մարմարի մի հսկա կտոր է, ապա տակտիկան մի նուրբ հատիչ է, որով գործում է վարպետը շախմատային արվեստի ստեղծագործություն կերտելիս:
Շախմատում անհասանելի իդեալը անսխալ խաղալն է: Հենց անսխալ գործելու ձգտումն է ամենից ավելի գրավում այդ խաղում: Հնարավոր է, իրենց ուժի բարձրակետում գրոսմայստերները երբեմն և խաղում են անսխալ, բայց ստեղծագործության մյուս փուլերում վրիպումներն անխուսափելի են:
Քի՞չ խաղեր գիտե մարդկության պատմությունը: Կամ այսօր քի՞չ խաղեր են լույս աշխարհ գալիս, որոնց նկատմամբ հետաքրքրությունը արագորեն ծնվում և նույնպես արագորեն մարում է: Իսկ շախմատը, անցնելով բազմադարյա պատմություն և ըստ էության մնալով անփոփոխ, արիստոկրատական զվարճանքներից վերածվել է երկրագնդի միլիոնավոր մարդկանց սիրելի խաղի:
Այժմ չեն էլ պատկերացնում նոր հերթափոխի աճ՝ առանց մարզիչների մշտական հովանավորության: Եվ այնուամենայնիվ, ուզում եմ ընդգծել, որ տողերիս հեղինակը,ինչպես և մեր շատ լավագույն գրոսմայստերներ, աճել է պատերազմական և հետպատերազմյան ժամանակաշրջանի մթնոլորտում, երբ ամեն ոք ինքն էր կերտում իր շախմատային ճակատագիրը:
Շախմատում հավասար չափով կարող են մարդու երևակայությունը ապշեցնել ինչպես զուտ տակտիկական հնարքները, այնպես էլ դիրքային բնույթի գործողությունները:
Շախմատիստը պետք է սովորի ոչ միայն ուսման րոպեներին, այլև պարտիայի ժամանակ, խաղից հետո վերլուծելիս, գրքեր և հանդեսներ թերթելիս… Քեզ հետաքրքրե՞լ է խնդիրը կամ էտյուդը՝ ահա և մարզվիր հաշվարկների մեջ: Հանդիպեցիր մի տրամագիր, դիրքի գնահատականով՝ իսկ գուե դու համաձայն չե՞ս: Շարիր ֆիգուրները, ստուգիր, խորհրդակցիր:
Շախմատիստի խաղը հասուն տարիքում, այն ժամանակաշրջանում, երբ նա հայտնվում է ասպարեզում, ավելի կամ պակաս լայն արձագանք է գտնում շախմատային մամուլում: Բայց քիչ բան կամ համարյա ոչինչ է հայտնի մեր խոշոր շախմատիստների այն պարտիաների մասին, որոնք խաղացվել են ձևավորման ընթացքում: Իսկ չէ՞ որ հենց այդ պարտիաներն են հնարավորություն տալիս հետևել այս կամ այն վարպետի ստեղծագործական ուժին, հանդիսանում են այն նյութը, որը հնարավորություն է տալիս ուսումնասիրել շախմատային կերպարի ձևավորումը:
Ես հենց այդպիսի շախմատի կողմնակից եմ և կցանկանայի, որպեսզի երիտասարդ շախմատիստները, որոնք իրենց կյանքը նվիրում են հնագույն խաղին, շախմատում տեսնեին առաջին հերթին հենց ստեղծագործական կողմը, որպեսզի շախմատը նրանց համար դառնար ստեղծագործական ակտ, որն այդ խաղի միլիոնավոր երկրպագուներին բերում է անբացատրելի գեղագիտական ուրախություն և հաճույք:
Ես ձգտում եմ ապացուցել, որ շախմատում ամենակարևորն ու գլխավորը ստեղծագործական սկիզբն է: Այն ստեղծագործական սկիզբը, որը շախմատը դարձրել է շախմատ, որի շնորհիվ շախմատը չի մոռացվել հազարամյակների ընթացքում: Այսօր շախմատ խաղում են ամբողջ աշխարհում, շախմատիստը ստեղծում է իսկական գլուխգործոցներ, որոնք վերջին հաշվով, տեղ են գրավում մշակութային արժեքների համաշխարհային գանձարանում: