Չեմպիոններ, որոնք հավատացել են տարբեր նախանշանների

Ինչպես հայտնի է, շախմատային խաղը բարդ է ոչ միայն ընկալելու և սովորելու տեսանկյունից, այլ նաև հոգեբանական առումով: Հաճախ ոչ միայն շարքային խաղացողների, այլ նաև գրոսմայստերների և նույնիսկ աշխարհի չեմպիոնների մոտ լինում են անհասկանալի վրիպումներ և կոպիտ սխալներ, որոնք երբեմն ճակատագրական են դառնում շախմատիստի կարիերայի համար: Շախմատում մեկ անզգույշ կամ անհասկանալի վրիպումը կարող է ջուրը նետել տարիների աշխատանքը կամ բաղձալի երազանքը:

Բնականաբար, նաև այս իրողությամբ է պայմանավորված այն փաստը, որ շախմատում մնում և հաջողությունների են հասնում կամային բարձր որակներ ունեցող մարդիկ, սակայն վերոշարադրյալ իրողությունը միգուցե բերում է նրան, որ տարբեր մակարդակի շախմատիստներ սկսում են հավատալ տարբեր նախանշանների և հետևում են դրանց: Նույնիսկ փոքրիկ շախմատիստների մոտ հաճախ կարելի է նկատել, որ մրցումների ընթացքում նրանք ունեն <<հաջողակ>> հագուստ, <<հաջողակ>> գրիչ կամ այլ առարկա և նույնիսկ սովորություն, որը նրանց կարծիքով հաջողություն է բերում:

Շատերի համար գուցե տարօրինակ թվա, սակայն տարբեր ժամանակների աշխարհի չեմպիոնների մոտ նույնպես եղել են նման դեպքեր, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև:

1948 թվականին աշխարհի առաջնության վերջին տուրում Միխայիլ Բոտվիննիկը՝ խաղալով 14-րդ քայլում b2-b4, որոշեց առաջարկել ոչ-ոքի և վերջակետ դնել մրցաշար — մրցախաղին: Էյվեն համաձայնվեց և Բոտվիննիկը հռչակվեց աշխարհի չեմպիոն: Հայտնի է, որ b4 զինվորը այդ ժամանակ տարել է իր հետ որպես թալիսման Ելիզավետա Բիկովան՝ համոզված լինելով որ այն կօգնի իրեն ևս հռչակվել աշխարհի չեմպիոն: Դեպքը կարող է զավեշտալի թվալ, սակայն Բիկովան 1953 թվականին նվաճեց աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը…

1961 թվականին պարտվելով մրցախաղ ռևանշում Բոտվիննիկին, Միխայիլ Տալը իր պարտության պատճառներից մեկը համարում էր այն, որ նախապես Բոտվիննիկի երկրպագուները գողացել էին իր հաջողակ գրիչը..

1963 թվականի Պետրոսյան — Բոտվիննիկ աշխարհի առաջնության առաջին պարտիայից հետո՝ որտեղ Պետրոսյանը պարտություն կրեց, Պետրոսյանն ու իր կինը որոշեցին, որ այլևս խաղերի ընթացքում դահլիճում չպիտի լինի իրենց ընտանիքի մտերիմ ընկեր Առնո Բաբաջանյանը, ով, միգուցե, հաջողություն չէր բերում..

Հայտնի է նաև 13 թվի մոգական ուժին հավատացող Գարրի Կասպարովի մտքերը, ով պնդում է, որ այդ թիվն իր համար ճակատագրական է: Ծանոթանալով, սակայն, Կասպարովի հիմնավորումներին, ակամայից սկսում ես հավատալ, որ միգուցե այդ ամենը ճիշտ է… Նա ծնվել է ապրիլի 13 ին, հաճախել է Բաքվի համար 13 դպրոց, առաջին լուրջ հաջողությանը հասել է 13 տարեկանում, դարձել է աշխարհի 13-րդ չեմպիոնը, նրա ռեյտինգային ռեկորդը պահպանվել է 13 տարի, և նույնիսկ նրա անուն ազգանվան տառերի գումարն է կազմում 13…

Խաչիկյան Հայկ