Տեղի ունեցավ աշխարհի գավաթի վիճակահանությունը

Այսօր տեղի ունեցավ աշխարհի գավաթի վիճակահանությունը, որին Հայաստանի ֆեդերացիան ներկայացնում է ռեկորդային քանակի շախմատիստ։

Տղամարդկանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Լևոն Արոնյանը, Գաբրիել Սարգսյանը, Հայկ Մարտիրոսյանը, Շանթ Սարգսյանը և Հովհաննես Գաբուզյանը, ինչպես նաև հայազգի շախմատիստներից ԱՄՆ-ի դրոշի տակ հանդես կգան Սամուէլ Սևյանն ու Վարուժան Հակոբյանը, իսկ Դավիթ Պառավյանը կխաղա Ռուսաստանի դրոշի տակ։

Կանանց պայքարում Հայաստանի ֆեդերացիան կներկայացնի էլինա Դանիելյանը, իսկ Տաթև Աբրահամյանը կխաղա ԱՄՆ-ի դրոշի ներքո։

Վիճակահանություն

Ըստ վիճակահանության Լևոն Արոնյանըն ու Գաբրիել Սարգսյանը բաց կթողնեն 1/128 եզրափակիչ փուլը և մրցաշարը կսկսեն 1/64 եզրափակչից։

1/128 եզրափակչի վիճակահանության արդյունքներն են․

  • Շանթ Սարգսյան (2626) — Պեդրո Ռամոն Մարտինեզ Ռեյեզ (2417)
  • Հովհաննես Գաբուզյան (2587) — Բիլել Բելլահենսե (2497)
  • Հայկ Մարտիրոսյան (2632) — Մվալի Չիտումբո (2281)
  • Վարուժան Հակոբյան (2614) — Էստեբան Ալտ Վալդերամա Քուիկենո (2430)
  • Դավիթ Պառավյան (2625) — Մուհամեդ Տիսիր (2379)
  • Սամուէլ Սևյան (2647) — Սուման Սուբրամանյամ (2155)
  • Էլինա Դանիելյան (2407) — Գաբրիելա Վարգայ (2170)
  • Տաթև Աբրահամյան (2352) — Վիկտորիա Ռադևա (2355)

Առաջին պարտիան տեղի կունենա վաղը 16։00։

Կրճատ կանոնակարգի մասին

  • Նոկաուտ համակարգ, պարտվողը դուրս է մնում մրցաշարից
  • Արգելվում է մինչև 30-րդ քայլի ոչ-ոքի առաջարկել
  • Եզրափակչի մասնակիցները Հավակնորդների մրցաշարի ուղեգիր կնվաճեն
  • Եթե եզրափակչի մասնակիցը արդեն մրցաշարի ուղեգիր ունենա, այն կփոխանցվի հաջորդ տեղը գրաված մասնակցին, սակայն ոչ պակաս, քան 4-րդ հորիզոնականը գրավելու դեպքում
  • Ժամակարգը՝ 90 րոպե 40 քայլի համար, ևս 30 րոպե մինչև պարտիայի ավարտը՝ յուրաքանչյուր քայլին 30 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից
  • Յուրաքանչյուր փուլում խաղացվում է 2 պարտիա, հավասար հաշվի դեպքում՝ թայ-բրեյք
  • Թայ-բրեյքի ժամակարգ․ 2 պարտիա, 25 րոպե մինչև խաղի ավարտը, յուրաքանչյուր քայլին 10 վայրկյան հավելումով՝ սկսած առաջին քայլից, հավասար հաշվի դեպքում՝ ևս երկու պարտիա 10+10 ժամակարգով, կրկին հավասար հաշվի դեպքում՝ ևս 2 պարտիա 5+3 ժամակարգով, կրկին հավասար հաշվի դեպքում խաղացվում է արմագեդդոն։ Սպիտակներին տրվում է 5 րոպե, սևերին՝ 4։ 60-րդ քայլից սկսած յուրաքանչյուր քայլին 2 վայրկյան հավելումով։ Ոչ-ոքիի դեպքում հաջորդ փուլ է անցնում սևերով խաղացող շախմատիստը։

Արտյոմ Սուքիասյան