Սամվել Տեր-Սահակյան

Սամվել Տեր-Սահակյանը ծնվել է 1993 թվականի սեպտեմբերի 19-ին Վանաձորում։ Սովորել է տեղի Վազգեն Առաջինի անվան թիվ մեկ դպրոցում։ Շախմատ սկսել է խաղալ 5 տարեկանից։

Շախմատային ուղին

Վանաձորում առաջին մարզիչն է եղել Տիգրան Գյոզալյանը։ Երևանում երկար ժամանակ մարզվել է ՀՀ բազմակի չեմպիոն Էդուարդ Մնացականյանի ղեկավարությամբ։ Այնուհետև շուրջ 3 ամիս վարպետության դասեր է ստացել գրոսմայստեր Վլադիմիր Հակոբյանից։

2002 թվականից Հայաստանը բազմիցս ներկայացրել է աշխարհի ու Եվրոպայի տարբեր տարիքային խմբերի պատանեկան առաջնություններում` նվաճելով ութ մեդալ, որոնցից երեքը՝ ոսկե։

2007 թվականին Հրանտ Մելքումյանի և Դավիթ Քալաշյանի հետ բաժանել է 1-ին տեղը Երևանում կայացած մրցաշարում։

2008 թվականին Հայաստանը ներկայացրել է մինչև 16 տարեկանների շախմատային օլիմպիադայում։ Նույն թվականին 3-րդ տեղն է զբաղեցրել Երևանում կայացած Հայաստանի անհատական առաջնությունում։ Այդ մրցաշարում նա լրացրել է գրոսմայստերական առաջին նորմը, թեև մասնակիցների մեջ ուներ ամենացածր անհատական վարկանիշը (2369)։

Գրոսմայստերի երկրորդ նորմը լրացրել է նույն թվականի մայիսին՝ Պլովդիվում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում, 2009 թ. հունվարի 1-ին, երբ 14 տարեկան 7 ամսական էր, ՖԻԴԵ-ն պաշտոնապես շնորհել է շախմատի բարձրագույն կոչումը։

2009 թվականին Լևոն Բաբուջյանի հետ հաղթել է Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի հուշամրցաշարում և 3-րդ տեղն է բաժանել Մարտունիում կայացած միջազգային մրցաշարում։

2011 թվականին արժանացել է Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության արծաթե մեդալի, որը համարում է իր նվաճած պարգևներից ամենաարժեքավորը, քանի որ այն ձեռք է բերվել չափազանց ուժեղ կազմով ու բավական լուրջ մրցակցության պայմաններում։

2015 թվականի փետրվարին Սամվելը մասնակցեց Մոսկվայում կայացած «Moscow-Open 2015» փառատոնի ուսանողական F մրցաշարին։ Տանելով 4 հաղթանակ, նույնքան պարտիա ավարտելով ոչ-ոքի և կրելով մեկ պարտություն՝ նա 6 միավորով դարձավ միանձնյա հաղթող:

2020 թվականի հունվարին Սամվել Տեր-Սահակյանը հասավ իր կարիերայի մեծագույն նվաճմանը՝ դառնալով Հայաստանի չեմպիոն (9 հնարավորից 6 միավոր) և ընդգրկվելով երկրի հավաքականի կազմում։

2022 թվականին Հայաստանի հավաքականի կազմում նվաճել է Համաշխարհային օլիմպիադայի արծաթե մեդալ՝ 8 խաղում վաստակելով 4.5 միավոր։

Արտյոմ Սուքիասյան