Ռոբերտ Հովհաննիսյանը ծնվել է 1991 թվականի մարտի 23-ին Երևանում։ 2003-2011 թվականներին Հայաստանը բազմիցս ներկայացրել է տարբեր տարիքային խմբերի աշխարհի և Եվրոպայի առաջնություններում։ 2008-2009 թվականներին երկու անգամ նվաճել է մինչև 18 տարեկանների Հայաստանի չեմպիոնի կոչումը։
2009 թվականին Մոսկվայում հաղթել է Տիգրան Պետրոսյանի բաց հուշամրցաշարում, իսկ Սանկտ-Պետերբուրգում անցկացված Միխայիլ Չիգորինի հուշամրցաշարում լրացրել է գրոսմայստերական առաջին նորմը։ Եվս երկու նորմեր Ռոբերտը լրացրել է 2010 թվականին՝ Ռիեկայում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում։
Հայաստանի չեմպիոն
2011 թվականին, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, Ռոբերտը դարձավ Հայաստանի մեծահասակների 71-րդ առաջնության հաղթող՝ տեղ նվաճելով Հայաստանի հավաքականում։
Նույն թվականին Ջերմուկում կայացած Կարեն Ասրյանի հուշամրցաշարում Ռոբերտը կիսեց 2-4-րդ հորիզոնականները՝ զիջելով միայն Տիգրան Քոթանջյանին։
Հավաքականի կազմում
Չինաստանի Նինբո քաղաքում կայացած աշխարհի թիմային առաջնությունում Ռոբերտ Հովհաննիսյանը պահեստային խաղացող էր։ Նա անցկացրեց մեկ պարտիա, որում հաղթեց Եգիպտոսը ներկայացնող շախմատիստին։
Հայաստանի հավաքականի անդամներ Լևոն Արոնյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի և Գաբրիել Սարգսյանի հետ Ռոբերտը դարձավ 2011 թվականի աշխարհի չեմպիոն։
Նույն թվականին Չեննայում (Հնդկաստան) դարձավ մինչև 20 տարեկանների աշխարհի փոխչեմպիոն։
2012 թվականին, 10 հնարավորից վաստակելով 6½ միավոր, Ռոբերտը դարձավ Հայաստանի մեծահասակների 72-րդ առաջնության արծաթե մեդալակիր։
2013 թվականին դարձավ Կարեն Ասրյանի 6-րդ հուշամրցաշարի հաղթող։
2015 թվականին Հովհաննիսյանը 9 հնարավորից 7½ միավորով Ալեքսեյ Շիրովի հետ առաջին տեղը կիսեց Ռիգայի տեխնիկական համալսարանի բաց մրցաշարում։
Անհատական վարկանիշի ամենաբարձր կետին հասել է 2019 թվականի օգոստոսին (2650)