Վերջնախաղեր ուսումնասիրելու պատճառները

Շատ հաճախ շախմատիստները սկսում են իրենց ճանապարհորդությունը սկզբնախաղեր սովորելով, մարտավարական խնդիրներ լուծելով և խաղալով հնարավորինս շատ պարտիաներ:

Նրանք իրականում բաց են թողնում շախմատի ամենակարևոր փուլերից մեկը, որը կոչվում է վերջնախաղ։

Այս փուլը սկսվում է 30-35 քայլ հետո, երբ խաղաքարերի սակավություն է նկատվում խաղատախտակի վրա: Ինչո՞ւմն է կայանում վերջնախաղեր ուսումնասիերլու առաջնահերթության կարևորությունը:

Ստորև կփորձենք գտնել այս հարցի պատասխանները:

1. Դուք կհասկանաք զինվորների և այլ խաղաքարերի իրական արժեքը

Վերջնախաղն այն փուլն է, երբ ցանկացած չնչին թվացող սխալ կարող է ճակատագրական լինել: Սկզբնախաղում կամ միջնախաղում մեկ զինվոր կորցնելը դեռ խաղի վերջը չէ: Դուք կարող եք որոշ տակտիկական հարվածներ անցկացնել` հասնելու նյութական հավասարության կամ նույնիսկ առավելության: Վերջնախաղն այն փուլն է, երբ մեկ տեմպը կարող է որոշիչ դեր խաղալ արդյունքի վրա: Յուրաքանչյուր տեմպ, զինվոր և խաղաքար շատ ավելի թանկ է: Ցանկացած գործոն դառնում է էլ ավելի կարևոր՝ սկսած փղի դաշտի գույնից, արքայի դիրքից և վերջացնելով հակառակորդի զինվորների դիրքով։ Վերջնախաղերի հիմքերն ուսումնասիրելով` դուք այլ մոտեցում կցուցաբերեք յուրաքանչյուր խաղաքարի հանդեպ, ինչը ձեր խաղը կտեղափոխի մեկ այլ, ավելի բարձր հարթակ: 
 

2. Դուք կսկսեք խորապես հաշվել տարբերակները

Շատերը կարծում են, թե տարբերակները հաշվելու կարողությունը անհնար է ձեռք բերել: Սակայն, ուսումնասիրելով վերջնախաղեր և հաշվարկելով պարզ դիրքերը մինչև վերջ, կարելի է զարգացնել հաշվարկելու կարողությունը։

Ուշադիր վերլուծելով վերջնախաղեր` դուք կկարողանաք կանխատեսել վերջնական դիրքը, որն էլ խորը հաշվարկի առանցքային կետն է:

Իզուր չէ, որ փոքր երեխաները վերջնախաղեր ուսումնասիրելը սկսում են հենց զինվորային վերջնախաղերից։
 

3. Դուք կհասկանաք զինվորային կառուցվածքի կարևորությունը

Զինվորային կառուցվածքը շատ շախմատիստների կողմից ուշադրության չի արժանանում սկզբնախաղում և միջնախաղում: Սակայն վերջնախաղում այն վերածվում է շատ կարևոր գործոնի: Վերջնախաղում վնասված զինվորային կառուցվածքը նման է կտրված ծառերով անտառի:
Վնասված զինվորային կառուցվածքի խնդիրը նրանում է, որ չեն կարողանում պաշտպանել միմյանց ու դառնում են թուլություն:
 

4. Դուք կկարողանաք հավասար միջնախաղային դիրքից ստանալ հաղթած վերջնախաղեր

Առանց հասկանալու վերջնախաղերի էությունը` անհնար կլինի ճիշտ կողմնորոշվել, թե երբ է պետք, կամ պետք չէ փոխանակել խաղաքարերը և անցնել վերջնախաղի: Վերջնախաղերի մասին բավարար գիտելիք ունենալով և իմանալով, թե որոնք են հաղթած և պարտված դիրքերը` կկարողանաք ավելի հաճախ ճիշտ որոշումներ կայացնել, ինչն ավելի կբարձրացնի ձեր հաղթանակների հավանականությունը:
 

5. Կունենաք ավելի քիչ պարտված խաղեր

Ունենալով ավելի խորը վերջնախաղային գիտելիքներ և տեխնիկա` կկարողանաք զինվորների և խաղաքարերի ճիշտ փոխանակումներ անել և, հետևաբար, ունենալ քիչ պարտություններ: Գրեթե բոլոր տեսակի վերջնախաղերում կարելի է հանդիպել այնպիսի դեպքերի, երբ կողմերից մեկը, ունենալով ավելի քիչ խաղաքար, կարողացել է ճիշտ խաղի և ճիշտ դասավորության շնորհիվ հաղթանակ տանել:

6. Վստահություն ձեռք կբերեք

Իմանալով` ինչպես խաղալ տվյալ վերջնախաղը, դուք ձեզ ավելի վստահ կզգաք, քանի որ կխուսափեք ավելորդ ռիսկերից:

Տիրապետելով վերջնախաղեր ճիշտ խաղալու հմտություններին` կկարողանաք առավելություն ձեռք բերել հակառակորդի նկատմամբ` նույնիսկ հավասար դիրքում: 

Արտյոմ Սուքիասյան