Պոլգար քույրերի ֆենոմենը

Երեք քույրերի շախմատային անհավանական հաջողությունները առաջին հերթին նրանց հոր՝ մանկավարժ հոգեբան Լասլո Պոլգարի հաջողությունն է, ով որոշեց ապացուցել աշխարհին, որ հանճարներ դաստիարակելը շարքային մանկավարժական խնդիր է․․․

Երեք հարազատ քույրերը Հունգարիայից՝ Ժուժան, Սոֆյան և Հուդիթը վունդերքինդներից վերածվեցին հայտնի գրոսմայստերների, հեղինակավոր մրցաշարերի հաղթողների և վերջապես Գինեսի ռեկորդների գրքի հերոսուհիների։

Նրանց պատմությունը սկսվել էր ավելի վաղ, քան քույրերի լույս աշխարհ գալը, երբ նրանց հայրը՝ Լասլոն, մտածել էր անհավանական մի ծրագիր՝ մեծացնել և դաստիարակել հանճարների։ Ուսումնասիրելով հանճարեղ մարդկանց կենսագրությունը նա եկել էր այն համոզման, որ հաջողության գաղտնիքը գերկենտրոնացումն ու քրտնաջան աշխատանքն է։

Լասլոյի մտահաղացման մանկավարժական փուլը սկսվեց առաջնեկի՝ Ժուժայի երեք տարին լրանալուն պես, երբ նա պատահականորեն տան իրերի միջից գտավ շախմատային խաղաքարերը և սկսվեց հետաքրքրվել դրանցով։ Ի սկզբանե Լասլոն որոշել էր, որ Ժուժան պետք է դառնա հանճարեղ մաթեմատիկոս, սակայն երեխայի անսպասելի սերը փոխեց պլաններն ու որոշեց փոքր քույրերի ճակատագիրը ևս․․․

Արդեն առաջին պարապմունքները Ժուժայի հետ տվեցին իրենց անհավանական արդյունքները։ Բուդապեշտի առաջնությունում 4 ամյա աղջնակը զբաղեցրեց առաջին հորիզոնականը մինչև 11 տարեկանների մեջ՝ չկրելով ոչ մի պարտություն․․․

Ժամանակի հետ ժուժային միացան նաև փոքր քույրերը, որոնք ևս ցույց էին տալիս անհավանական արդյունքներ, իսկ նրանցից փոքրը՝ Հուդիթը, արդեն 12 տարեկանում հաղթում էր տղամարդ գրոսմայստերների․․․

Որոշ ժամանակ անց Պոլգար ամուսինների համար պարզ դարձավ, որ եզակի փորձը շարունակելու համար նրանք պետք է լքեն աշխատանքը, իսկ աղջիկները՝ դպրոցը․․․

Սովորաբար Պոլգարների ընտանիքի համար օրն սկսվում էր առավոտյան 6-ից։ Մեկ ժամ անց քույրերն արդեն վազում էին Դանուբի ափին։ Այնուհետև ամբողջ օրը պարապում էին խիստ գրաֆիկով․ շախմատ, տեսություն, պրակտիկա և դասեր։ Սովորաբար Պոլգար ամուսինները կարողանում էին դպրոցական մեկ տարվա ծրագիրը երեխաներին տալ 7-10 օրում․․․Տարվա վերջում աղջկները հանձնում էին քննությունները և փոխադրվում հաջորդ դասարան։ Մոտ տաս տարեկանում Ժուժան արդեն խոսում էր յոթ լեզուներով- իսպաներեն, ռուսերեն, գերմաներեն, էսպերանտո, ֆրանսերեն, անգլերեն և բուլղարերեն․․․

12 տարեկանում նա արդեն գլխավորում էր Հունգարիայի կանանց հավաքականը, 15-ում՝ արդեն ընտանիքի միակ պահողը, քանի որ ծնողները չէին աշխատում և զբաղված էին փոքր քույրերով։

1990 թվականին Ժուժան լրացրեց տղամարդկանց գրոսմայստերի կոչում, իսկ 1996-ին հեշտությամբ նվաճեց աշխարհի չեմպիոնուհու տիտղոսը։

Նույն ժամանակահատվածում փոքր քույրերը աճում էին աներևակայելի արագությամբ։ 1988 թվականին նրանք մասնակցեցին կանանց համաշխարհային օլիմպիադային և ցույց տվեցին բացառիկ արդյունքներ։ Հունգարական թիմը ի դեմս 19-ամյա Ժուժայի, 14-ամյա Սոֆյայի և 12-ամյա Հուդիթի նվաճեց ոսկե մեդալ:

Պետք է փաստել, որ ամենափառահեղ կարիերան ունեցավ փոքր քույրը՝ Հուդիթը, ով 15 տարեկանում նվաճեց տղամարդկանց գրոսմայստերի տիտղոս, 16 տարեկանում մրցախաղում հաղթեց աշխարհի նախկին չեմպիոն Սպասսկուն և հայտնվեց աշխարհի ուժեղագույն տղամարդ շախմատիստների ցանկում։ Իր փայլուն կարիերայի ընթացքում նա հաղթանակներ է տարել ոչ միայն Սպասսկու, այլ նաև Կարպովի, Կասպարովի, Անանդի և նույնիսկ Կարլսենի նկատմամբ։

Լասլո Պոլգարի սխրանքը ստիպում է մտածել․ միգուցե բոլո՞ր երեխաներն ունեն նման պոտենցիալ, ինչ Պոլգար քույրերը:

Խաչիկյան Հայկ