Պայքար զինվորային կենտրոնի դեմ

Մեզ մանկուց սովորեցնում են, որ անհրաժեշտ է զինվորներով գրավել կենտրոնը։ Բազմաթիվ սկզբնախաղեր մշակվել են հենց այդ սկզբունքի հիման վրա։ Սակայն հետագայում սկսեցին առաջանալ սկզբնախաղեր, որտեղ կողմերից մեկը, սովորաբար սևերը, դիտավորյալ զիջում են կենտրոնը և սկսում հարձակում գործել՝ այն քանդելու նպատակով։
Կենտրոնական զինվորներից բացի կան նաև այլ գործոններ, որ պետք է հաշվի առնել նախքան դիրքային առավելության մասին հայտարարելը: Շատ կարևոր է, որ կենտրոնական զինվորները պաշտպանված լինեն մյուս խաղաքարերի կողմից, ինչի բացակայության դեպքում զինվորները պարզապես կդառնան հակառակորդի խաղաքարերի թիրախ:

Կենտրոնական զինվորներն իրենցից մեծ արժեք են ներկայացնում, քանի որ դրանք հիմնականում վերահսկում են գլխավոր դաշտերը, և հակառակորդի համար միշտ առկա է նրանց առաջ գնալու վտանգը: Այսպիսով, երբ ձեր հակառակրոդը խաղատախտակի կենտրոնում ունի վտանգավոր զինվորներ, անհրաժեշտ է կամ վերացնել դրանց, կամ ճեղքել:
Կան սկզբնախաղերի մի քանի ժամանակակից տարբերակներ, օրինակ` Պիրց-Ուֆիմցևի պաշտպանություն, Հին Հնդկական պաշտպանություն, Գրյունֆելդի, Ռետիի համակարգ, որտեղ կենտրոնը զիջվում է` հետագայում հարձակվելու նպատակով: Սակայն, սա պետք է արվի նախքան կենտրոնական զինվորներ ունեցող կողմը կուժեղացնի դիրքը: Զինվորների դիրքի թուլացումը ամենաարդյունավետ մեթոդն է կենտրոնական զինվորների դեմ պայքարում։ Մրցակցի զինվորներին ստիպում եք փոխանակվել կամ առաջ գնալ: Երկու դեպքում էլ նրանք կորցնում են վերահսկողությունը մի քանի կարևոր դաշտերի վրա, ինչը կարելի է կիրառել հակահարված տալու համար:

Արտյոմ Սուքիասյան