Սկզբնախաղային սկզբունքներ

Շատ շախմատիստներ դժվարությունների են հանդիպում սկզբնախաղերում, քանի որ ծանոթ չեն սկզբնախաղային կանոններին: Ներկայացնենք սկզբնախաղային կանոնները , որոնք յուրաքանչյուր շախմատիստ պետք է իմանա:

1. Զինվորներով գրավեք կենտրոնը

Կենտրոնի վերահսկումը կարևոր է բազմաթիվ մարզաձևերում, և շախմատը բացառություն չէ։ Կենտրոն ասելով մենք հասկանում ենք առաջին հերթին կենտրոնական 4 դաշտերը՝ d4, d5, e4, d5: Այս դաշտերի վերահսկումը առավելություն է տալիս ինչպես տարածության հարցում, այնպես էլ մրցակցի արքայի վրա գրոհ սկսելու հարցում։

Տարածական առավելությունը շախմատում շատ կարևոր գործոն է, և կարելի է ասել, որ այն շախմատիստը, ով ունի տարածական առավելություն, կարողանում է վերահսկել խաղը: Տարածությունը հնարավորություն է տալիս առավել արդյունավետությամբ համակարգել խաղաքարերը և՛ հարձակման, և՛ պաշտպանույթան համար` միաժամանակ թույլ չտալով ձեր հակառակորդին անել նույնը:

Ունենալով տարածական առավելություն, ավելի հեշտ կլինի գրոհ սկսել արքայի վրա, մինչդեռ եթե կենտրոնը մրցակցինն է, ապա նախ անհրաժեշտ է այդ կենտրոնը իրենից խլել և նոր միայն գրոհ ձեռնարկելու փորձեր անել։

2․ Թեթև խաղաքարերը զարգացրեք դեպի կենտրոն

Զինվորներով կենտրոնը գրավելուց հետո անհրաժեշտ է զարգացնել խաղաքարերը։ Առաջին հերթին պետք է զարգացնել թեթև խաղաքարերը՝ ձին և փիղը։ Այդ խաղաքարերը պետք է զարգացնել հնարավորինս կենտրոնին մոտ, որտեղից նրանք կկարողանան ավելի շատ դաշտեր վերահսկել։ Օրինակի համար դատարկ տախտակի վրա դրեք ձին սկզվում e5 դաշտում, հաշվեք հնարավոր քայլերի քանակը, այնուհետև ձին տեղափոխեք a5 և կրկին հաշվեք, կտեսնեք, որ կենտրոնում ձին ավելի շատ հարվածներ է ունենում, հետևապես այն կենտրոնում ավելի ակտիվ է։ Նույն տրամաբանությամբ էլ փիղը պետք է զարգացնել այնպես, որ նա հնարավորինս շատ կենտրոնական դաշտեր վերահսկի։ Եվ որպես խորհուրդ, սկզբում զարգացրեք ձին, հետո նոր փիղը, քանի որ ձին մեծ մասամբ զարգանալու միայն մեկ տեղ ունի, իսկ փղի հարցում կա ընտրություն, որը կարող է փոխվել մրցակցի քայլից կախված։


3. Ապահովագրեք սեփական արքային, կատարեք փոխատեղում

Արքային ապահովելը սկզբնախաղային սկզբունքներից մեկն է: Խաղի նպատակը մատ անելն է։ Դուք փորձում եք մրցակցին մատ անել, բայց նույն նպատակը ունի նաև նա։ Այդ պատճառով մրցակցի արքայի վրա գրոհելուց առաջ անհրաժեշտ է ապահովագրել սեփական արքային՝ կատարելով փոխատեղում։ Շատ ավելի դժվար է հարձակվել փոխատեղված արքայի վրա: Միաժամանակ, փոխատեղումը կապակցում է նավակներին` հնարավոր դարձնելով դրանց ավելի արդյունավետ համագործակցությունը: Խաղի վաղ փուլում փոխատեղում կատարելով` դուք շատ խաղեր կփրկեք:

Իհարկե, լինում են դիրքեր, երբ արքային կենտրոնում թողնելը կամ մեկ այլ դաշտում կանգնեցնելը ավելի ապահով է, սակայն դա հասկանալու համար պետք է բարձրակարգ շախմատիստ լինես։ Եթե սկսնակ ես, կատարիր փոխատեղում, այդպես շատ ավելի արդյունավետ կլինի։

4. Միևնույն խաղաքարով մի քանի քայլ մի արեք

Շատ անհրաժեշտ է հիշել այս կանոնը: Խուսափե՛ք մի քանի քայլ անել միևնույն խաղաքարով, քանի դեռ չկա արժանի պատճառ դրա համար (կարևոր նյութական ձեռք բերում, մատ, և այլն), և հնարավորություն տվեք մյուս խաղաքարերին զարգանալ:
Մեկ խաղաքարով մի քանի քայլ կատարելով դուք ժամանակ եք կորցնում, ձեր մրցակիցը այդ ընթացքում զարգացնում է իր մյուս խաղաքարերը և առավելություն է ստանում։

5․ Ուշադրություն դարձրեք մրցակցի կատարած քայլերին

Այս կանոնը պետք է պահպանել ոչ միայն սկզբնախաղում, այլև ամբողջ պարտիայի ընթացքում։ Մրցակցի քայլերին ուշադրություն դարձնելը պարտադիր է, քանի որ նա կարող է ուղակի մեզ մեկ քայլից մատ սպառնալ, և եթե մենք չտեսնենք այդ վտանգը և ուղակի ֆիգուր զարգացնենք, ապա միանգամից կպարտվենք։ Մի մոռացեք, երբ դուք քայլ եք կատարում, ապա ինչ-որ բան մտածած և հաշված եք լինում, այդ դեպքում ինչու՞ եք կարծում, որ ձեր մրցակիցը նույն բանը չի անում։ Իսկ ուշադրություն դարձնելով նրա քայլերին, դուք կիմանաք նրա նպատակը և թույլ չեք տա դա։

Արտյոմ Սուքիասյան