Սխալներ, որոնք շատերն են թույլ տալիս

Ներկայացնենք այն հիմնական սխալները, որ թույլ են տալիս շախմատիստները:

Շախմատ խաղալ մրցանակային գումար շահելու համար

Հաճախ են հանդիպում այնպիսի շախմատիստներ, ովքեր կարծում են, թե կարող են մասնակցել Open մրցաշարում և հաղթել մեծ գումարներ: Սա սխալ մոտեցում է այն պարզ պատճառով, որ անհնար է հաջողություն ունենալ ինչ-որ շախմատային առաջնությունում առանց շախմատով տարվելու, առանց ժամեր շարունակ մարզվելու և խաղալու: Մեծ մրցանակային գումար առաջարկող առաջնություններն ավելի քան մրցունակ են: Մի՛ վարվեք այսպես, եթե չեք ցանկանում հիասթափություն ապրել: Գումարը չպետք է շարժառիթ լինի ոչ մի ասպարեզում, հատկապես շախմատում: Քրտնաջան կատարիր քո աշխատանքը, և գումարը ինքը կգա քեզ մոտ։

Թողնել շախմատը անհաջողությունից հետո

Այնքան էլ լավ սովորություն չէ ինչ-որ բանից հետ կանգնելը ձախողման պատճառով: Բոլոր շախմատիստներն էլ, անկախ իրենց մակարդակից, պարտվել են: Սա նորմալ երևույթ է: Եթե նրանք էլ հետ կանգնեին, մենք այսօր չեինք ունենա Ֆիշեր, Կասպարով, Արոնյան, Կարլսեն և ուրիշներ: Եթե անցնեք հղումներով և ծանոթանաք իրենց կենսագրություններին, ապա կտեսնեք, որ հաջողության հասնելուց առաջ քանի անհաջողություն են ունեցել հաջողության հասնելու ճանապարհին։ Շախմատում պարտությունը պետք է լրցացուցիչ ազդանշան լինի, որ անհրաժեշտ ավելի շատ աշխատել: Այն պետք է շարժառիթ հանդիսանա ձեզ համար ավելի շատ աշխատելու և ավելի լավ խաղալու հաջորդ խաղերում: Եթե պարտությունը դիտարկեք այս տեսանկյունից, հաջողություն կունենք:

Լարվել խաղի պատճառով

Որոշ շախմատիստներ չափազանց շատ են լարվում խաղից առաջ, ինչը բացասական ազդեցություն է ունենում մտքերի և տրամաբանական մտածողության համար: Լարված վիճակում ավելի շատ ժամանակ կվատնեք տարբերակների հաշվարկի վրա և ի վիճակի չեք լինի ամբողջությամբ կենտրոնանալ տվյալ դիրքի վրա: Բարձր մակարդակի խաղ ցուցադրելու համար անհրաժեշտ է մոռանալ արդյունքի մասին և պարզապես վայելել  խաղը:

Հիշեք ձեր լավագույն խաղերը, հիշեք ինչ էիք զգում այդ ընթացքում։ Ուղակի մոռացել էիք կողմնակի ամեն ինչի մասին և ամբողջությամբ կենտրոնացել էիք խաղի վրա։ Որքան շատ կարողանաք այդ վիճակում լինել, այդքան ավելի լավ կլինեն ձեր ցույց տված արդյունքները։

Մեղադրել ինչ-որ մեկին ձեր ձախողումների համար

Շախմատում հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ազնիվ լինել ոչ միայն խաղի ընթացքում, այլև ինքներդ ձեզ հետ և ամբողջական պատասխանատվություն ստանձնել ձեր քայլերի համար: Սա նշանակում է, որ երբ պարտվում եք, դուք չպետք է այսպես մտածեք`«ես պարտվեցի 20-րդ քայլում այն հիմար սխալի պատճառով» կամ «ես բավականին չէի քնել, այդ իսկ պատճառով չկարողացա կենտրոնանալ» և այլն: Այդ սխալը կատարել եք դուք և քնին բավական ժամանակ չեք հատկացրել էլի դուք։ Դուք եք ձեր պարտությունների մեղավորը, ուստի պետք է հասկանալ թույլ տված սխալի պատճառը և աշխատել այլևս չկրկնել դա։ Գտնելով ձեր պարտության հիմնական պատճառը, դուք շատ ավելին ձեռք կբերեք, քան որ առաջ բերեք ինչ-որ անհիմն արդարացումներ:

Շախմատը ամենից վեր դասելը

Որոշ մարդիկ այնքան շատ են տարվում շախմատով, որ մոռանում են ամեն ինչի մասին` աշխատանք, ընտանիք, պարտականություններ, առողջություն և այլն: Իհարկե, շատ կարևոր է ձեր շախմատային կարիերայի համար ամբողջությամբ կենտրոնանալ շախմատի վրա ևայսպես ասած՝ <<ապրել շախմատով>>: Բայց ուշադիր եղեք. կարող եք կորցնել ձեր շարժառիթը և սպառվել: Լավագույն ռազմավարությունը շախմատ ուսումնասիրելն է փոքր պատառներով, սակայն երկարատև ժամանակահատվածում: Հիշե՛ք, որ շախմատը մարաթոն է, և ոչ սպրինտ:

Բացի այդ, կարող եք գերհագենալ շախմաով, ինչը բացասաբար կազդի ոչ միայն խաղամակարդակի, այլ ընդհանուր հոգեկան վիճակի վրա։ Այդ ժամանակ արդեն ստիպված կլինեք որոշ ժամակով ամբողջությամբ թողնել շախմատը։ Այդ իսկ պատճառով կարողացել շախմատը ճիշտ բաժիններով ընդունել։

Իմ կյանքում եղել է նման պահ, երբ հագեցել էի շախմատով և չէի կարողանում նույնիսկ հասարակ տակտիկական խնդիրներ լուծել։ Այդ ժամանակ մարզիչս դիմել էր կտրուկ քայլերի և մեկ շաբաթով արգելել էր ընդհանրապես շախմատին մոտենալ։

Շատ ժամանակ հատկացնել այնպիսի գիտելիքների վրա, որոնք երբևիցե չեք կիրառի իրական խաղում 

Ճիշտ է այն մոտեցումը, որ ինչքան շատ ուսումնասիրեք շախմատը, այնքան ավելի լավ կխաղաք: Բայց անհրաժեշտ է ճիշտ բաներ սովորել: Օրինակ, շախմատի պատմության մասին կարդալը ձեզ չի օգնի խաղի ժամանակ: Սիցիլիական պաշտպանության 25 տարբերակները մտապահելը ձեզ չեն օգնի, օրինակ, եթե խաղում եք թագուհու գամբիտ: Եթե դուք այդ ժամանակի գոնե քառորդ մասը հատկացնեք` ուսումնասիրելու տարբեր տակտիկաներ կամ աշխատելու վերջնախաղերի վրա, դուք շատ ավելի արագ հաջողության կհասնեք: Ձեռք բերեք այնպիսի գիտելիքներ, որոնք պետք կգան ձեր խաղի ընթացքում։ Մնացած բաներին կարող եք ծանոթանալ զուտ հետաքրքրությունը բավարարելու համար։

Ձեռք բերել շախմատային շատ գրքեր, սակայն չկարդալ դրանք

Շախմատի մասին գրքերը բավականին շատ գիտելիք կարող են տալ ձեզ, սակայն սա իրական է միայն մի պարագայում, եթե դուք կարդաք դրանք: Գրքերը չեն կարող օգուտ տալ պահարանում մնալով: Շախմատային գրքեր կարդալը տարբերվում է գեղարվեստական գրքեր կարդալուց։ Դուք չեք կարող ուղակի նստել կամ պառկել և ուղակի մեկը մյուսի հետևից ընթերցել բոլոր էջերը։ Շախմատային գիրք ընթերցելը նշանակում է` կարդալ դրանք, մտածել առաջադրված մտքերի մասին, ինքնուրույն վերլուծել ներկայացված դիքերը խաղատախտակի վրա: Շատերը միայն կարդում են, առանց ուսումնասիրելու` անտեսելով դիագրամներն ու նշումները: Պետք է կարողանաք այնպես անել, որ այդ գրքերը դրական արդյունք տան ձեր ուսումնասիրություններին, այլ ոչ թե ուղակի անիմաստ ժամանակ խլեն:

Անհանգստանալ ավելի շատ միավորների, քան հենց խաղի մասին

Որոշ շախմատիստներ ավելի շատ անհանգստանում են վարկանիշային միավորներ կորցնելու, քան հենց խաղի համար: Այդ միավորները ձեզ տրվում են` որպես ձեր ուժի գնահատական: Կենտրոնացեք խաղի որակի վրա, եթե լավ խաղ ցույց տաք, միավորներն էլ կգան, վարկանիշն էլ։

Սեփական սխալները չընդունելը

Հիշե՛ք, որ այս մոտեցումը ձեզ հեռու կվանի հաջողությունից և աստիճանաբար կնվազեցնի այն: Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է լինել ինքնաքննադատ և ընդունել սեփական սխալները: Եթե դուք պարտվել եք խաղը վատ խաղացած սկզբնախաղի պատճառով, դուք պետք է վերլուծեք այն և անեք համապատասխան ուղղումներ: Եթե պարտվել եք այլ պատճառով, պետք է աշխատեք այդ բացը լրացնելու վրա:

Ուշադրություն չդարձնել ֆիզիկական պատրաստվածությանը

Շատերն են ասում, որ ֆիզիկական պատրաստվածությունը շախմատում ոչ մի նշանակություն չունի, հատկապես այդպես շատ են ասում շախմատի մասին պատկերացումներ չունեցողները։

Մինչդեռ ցանկացած բարձրակարգ շախմատիստ կասի, որ առանց բավարար ֆիզիկական պատրաստվածության անհնար է լուրջ արդյունքի հասնել։ Շախմատային խաղը տևում է միջինում 4-5 ժամ, որոշ դեպքերում հասնելով 7-8 ժամի և ավել։ Այդքան դիմանալու համար ծայրահեղ անհրաժեշտ է ֆիզիկապես պատրաստված լինել, հաշվի առնելով, որ խաղում են ամեն օր։ Այսինքն դուք այսօր անցկացնում եք 8 ժամանոց պարտիա, և պետք է ոչ միայն դիմանաք այդ 8 ժամը, այլև հասցնեք վերականգնվել հաջորդ խաղի համար։

Ժամանակին Մագնուս Կարլսենը իր ֆիզիկական պատրաստվածության շնորհիվ էր հաղթում գրեթե բոլոր մրցաշարերում։ Նրա մրցակիցները ուղակի չէին դիմանում անընդմեջ տևող 8 ժամանոց պարտիաների։

Շախմատից բացի չունենալ որևէ այլ հետաքրքրություն

Վերևում արդեն նշել ենք, որ պետք չէ շախմատը ամենից վեր դասել, այս կետը նոր նշված կետի ծայրահեղ դեպքն է, որը վնասում է ոչ միայն ձեզ, այլև հենց շախմատին։ Մարդու ուղեղը ստեղծված է այնպես, որ նա հոգնում է միանմանությունից, շախմատից բացի չզբաղվելով ուրիշ ոչ մի բանով, դուք ուղակի հոգնեցնում եք ձեր ուղեղը, որը չի կարողանա իր մաքսիմալ ունակությունները ցույց տալ խաղի ընթացքում։ Բոլոր ուժեղագույն շախմատիստները ունեն այլ հետաքրքրություններ, ոմանք սիրում են լողալ, ոմանք ֆուտբոլ են սիրում, սեղանի թենիս կամ ցանկացած այլ ոլորտ։ Դա չի վնասում շախմատին, այդ կողմնակի բաներին չափավոր ժամանակ հատկացնելը օգտակար է շախմատիստի համար, այդ թվում նրա հոգեբանական վիճակի համար։

Արտյոմ Սուքիասյան