Մանուել Սուրենի Պետրոսյանը ծնվել է 1998 թվականի մայիսի 6-ին Արցախի Հանրապետության մայրաքաղաք Ստեփանակերտում։
Մանուել Պետրոսյանի մանկությունն անցել է Ստեփանակերտում։ Շախմատ խաղալ սովորել է պապիկից` 3-4 տարեկանում, իսկ 6 տարեկանից արդեն մարզվել է պրոֆեսիոնալ մարզչի մոտ։
11 տարեկանում ընտանիքի հետ տեղափոխվել է Երևան, քանի որ Արցախում չկային բարձրակարգ մարզիչներ և բավականաչափ մրցաշարեր։
Երևանում Մանուելը սկսել է մարզվել Հայաստանի շախմատի ակադեմիայում` գրոսմայստեր Արսեն Եղիազարյանի մոտ։
Մանուելն ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժինը։ Զինվորական ծառայությունն անցել է Բանակի կենտրոնական մարզական ակումբում։
Մարզական հաջողություններ
2010 թվականին Մանուելը 3-րդ տեղն է զբաղեցրել Հենրիկ Գասպարյանի հուշամրցաշարի մինչև 14 տարեկանների խմբում։ Նույն թվականին նա դարձել է մինչև 12 տարեկանների Հայաստանի չեմպիոն` 9 հնարավորից վաստակելով 8.5 միավոր։
2012 թվականին կրկնել է հաջողությունը` այս անգամ դառնալով մինչև 14 տարեկանների երկրի չեմպիոն (7.5/9)։ Նույն թվականին մասնակցել է Եվրոպայի մինչև 14 տարեկանների առաջնությանը և 9 հնարավորից 7 միավորով դարձել փոխչեմպիոն։
2013 թվականին Մանուելը` 9 հնարավորից վաստակելով 8 միավոր, դարձել է մինչև 16 տարեկանների Հայաստանի չեմպիոն։ Նույն թվականին Բրազիլիայում կայացած Գիմնազիադայի շախմատի մրցաշարում Պետրոսյանը 6 պարտիայում վաստակել է 4.5 միավոր և հաղթել մրցաշարում։
2014 թվականին Մանուելը դարձել է մինչև 16 տարեկանների Հայաստանի կրկնակի չեմպիոն` գրանցելով 100-տոկոսանոց արդյունք (9/9)։ Այնուհետև Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում հայ շախմատիստը 6.5/9 արդյունքով զբաղեցրել է 2-րդ հորիզոնականը։
2016 թվականին Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում 9 տուրում վաստակելով 7.5 միավոր Մանուելը դարձել է Եվրոպայի չեմպիոն։ Երկու ամիս անց Ռուսաստանի Խանտի-Մանսիյսկ քաղաքում Մանուելը կրկնել է հաջողությունը` դառնալով նույն տարիքային խմբի աշխարհի չեմպիոն (9/11)։
2017 թվականին իտալական Տարվիզիո քաղաքում կայացած աշխարհի պատանեկան առաջնությունում Մանուելը մինչև 20 տարեկանների մրցաշարում 11 հնարավորից վաստակելով 8.5 միավոր և կիսել է 1-3-րդ տեղերը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով զբաղեցրել է 2-րդ տեղը։
2018 թվականին դարձել է Հայաստանի արագ շախմատի չեմպիոն։
2022 թվականին, 11 հնարավորից վաստակելով 8 միավոր, Մանուելը դարձավ Հայաստանի բարձրագույն խմբի 82-րդ առաջնության հաղթող և հրավիրվեց Հայաստանի հավաքական։