Լևոն Արոնյան

Լևոն Արոնյանը ծնվել է 1982 թվականի հոկտեմբերի 6-ին Երևանում։

Հայրը՝ Գրիգորի Արոնովը, ֆիզիկոս-բյուրեղագետ է, ազգությամբ՝ հրեա, մայրը՝ Սեդա Ավագյանը, լեռնային ճարտարագետ, ազգությամբ՝ հայ։

Լևոնը եղել է հանգիստ և նստաջան երեխա. ժամերով կարող էր նստել աթոռակին՝ խաղալով միևնույն խաղալիքով և երգելով Մոցարտի «Գիշերային փոքրիկ սերենադի» մեղեդին։ Երգել նա սկսել է ավելի վաղ, քան խոսել։ Ծնողներին թվացել է, թե Լևոնը երաժիշտ կդառնա։

Փոքր հասակում սովորել է կարդալ, իմացել է գրեթե բոլոր պետությունների դրոշները, հետաքրքրվել է Ամերիկայի նվաճման պատմությամբ, շուրջերկրյա ճանապարհորդություններով:

Ծանոթացում շախմատին

Շախմատ խաղալ սովորել է ինը տարեկանում՝ իր քույր Լիլիթից։ Մանկության տարիներին՝ 1990-1997 թվականներին, նրա մարզիչը եղել է ներկայումս գրոսմայստեր Մելիքսեթ Խաչիյանը: Ըստ Խաչիյանի՝ երբ Լևոնը դարձավ գրոսմայստեր, նրան արդեն անհրաժեշտ էր ավելի բարձրակարգ մարզիչ: Հենց այդ դերն էլ ստանձնեց գրոսմայստեր Արշակ Պետրոսյանը, որի հետ պարապմունքների ժամանակ Արոնյանը յուրացրել է շախմատի բազմաթիվ նրբություններ:

Լևոնի սեղանի առաջին գրքերն են եղել «Ալյոխինի ընտրյալ 300 պարտիաները», Կապաբլանկայի պարտիաների ժողովածուն, 1924 և 1927 թվականների նյու-յորքյան մրցաշարերի պարտիաները Ալեխինի մեկնաբանություններով և Կապաբլանկայի «Շախմատային ինքնուսույցը»: Այդ գրքերը մեծապես օգնել են Լևոնի ստեղծագործական աճին. այն, ինչ նրա հասակակիցները յուրացնում էին մեկ տարում, նա սովորում էր մեկ ամսում:

Առաջին հաջողությունները

Առաջին անգամ Լևոնի մասին սկսեցին խոսել 1992 թվականին՝ աշխարհի մինչև 10 տարեկանների առաջնության ընտրական մրցաշարում տարած փայլուն հաղթանակից հետո:

11-ամյա Լևոն Արոնյան

1994 թվականին Հունգարիայի Սեգեդ քաղաքում Լևոնը դարձավ մինչև 12 տարեկանների աշխարհի չեմպիոն։ Այդ առաջնությունում հաղթելու համար Արոնյանին շնորհվեց ՖԻԴԵ-ի վարպետի կոչում։ 1995 թվականին Փարիզում Արոնյանը հաղթեց մինչև 14 տարեկանների արագ շախմատի աշխարհի առաջնությունում։ 1996 թվականին հաղթեց Իսպանիայում կայացած մինչև 14 տարեկանների աշխարհի առաջնությունում։ Նույն թվականին նա դարձավ միջազգային վարպետ:

1997 թվականին Արոնյանը նվաճեց «Կասպարովի գավաթը»:

Հաջողության զարգացում

1998 թվականին 15-ամյա Լևոն Արոնյանը թիմակիցներ Գաբրիել ՍարգսյանիՏիգրան Լ. Պետրոսյանի և Վարուժան Հակոբյանի հետ դարձել է Թուրքիայի Ստամբուլ քաղաքում կայացած 6-րդ մանկական օլիմպիադայի հաղթող։

1999 թվականին դարձավ Հայաստանի փոխչեմպիոն և ընդգրկվեց Հայաստանի հավաքականի կազմում, որը Բաթումում դարձավ Եվրոպայի չեմպիոն։

2000 թվականին նրան շնորհվեց գրոսմայստերի կոչում։

2001 թվականից ապրում է Գերմանիայում, սակայն շարունակում է ներկայացնել Հայաստանը, որը համարում է իր հայրենիքը.

Գերմանիայում ինձ լավ եմ զգում, սակայն… դա իմ հայրենիքը չէ

2001 թվականին Լևոնը դարձավ Հայաստանի առաջնության երկրորդ մրցանակակիր։

2001 թվականին Հունաստանում, իսկ 2002 թվականին՝ Հնդկաստանում նա երկու անգամ նվաճեց մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոնի կոչումը։

2001 թվականին մշտական բնակություն հաստատելով Գերմանիայում՝ Լևոնը հրաժեշտ չտվեց Հայաստանի շախմատի ֆեդերացիային. նա շարունակում էր ներկայացնել Հայաստանը, սովորում էր Երևանի ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժնում, մասնակցում էր Հայաստանի շախմատային կյանքին, հատկապես երկրի առաջնությանը:

Մուտքը Հայաստանի հավաքական

2002 թվականի սեպտեմբերին Հայաստանի 62-րդ առաջնությունն ավարտվեց Արոնյանի հաղթանակով, նա դարձավ 31-րդ չեմպիոնը։ Հոկտեմբերին Հայաստանի հավաքականը պետք է մասնակցեր Բլեդում (Սլովենիա) կայանալիք համաշխարհային օլիմպիադային: Ըստ կանոնակարգի՝ Հայաստանի չեմպիոնը պետք է համալրեր հավաքականի կազմը։ Լևոնը վերադարձել էր Գերմանիա և սկսել սպասել նախաօլիմպիական հավաքին մասնակցելու հրավերի։

Ֆեդերացիայի հանձնարարությամբ Սմբատ Լպուտյանը հեռախոսով հայտնեց, որ Լևոնը հավաքական չի հրավիրվում, քանի որ նրա ներկայությունը կարող է կազմաքանդել հավաքականը, և որ Լևոնի բնավորությունը շատ վատն է։ Դա էր պատճառը, որ նեղացած Լևոն Արոնյանը դիմեց Գերմանիայի շախմատի ֆեդերացիային՝ խնդրելով փոխել իր շախմատային քաղաքացիությունը։

2004 թվականի մարտի 20-ին Երևանում կայացավ Հայաստանի շախմատի ֆեդերացիայի կոնֆերանսը, որտեղ կազմակերպության ղեկավար ընտրվեց ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը: Հայաստանի շախմատային կյանքում սկսվեցին էական փոփոխություններ, և առաջին հերթին Հայաստան վերադարձվեցին երկիրը լքած շախմատիստները։ Բազմաթիվ զանգահարողները չէին կարողանում համոզել Լևոնին վերադառնալ հայրենիք։ Հարցը լուծեց անձամբ Սերժ Սարգսյանի զանգը, և արդեն մայիսին Լևոնը կրկին սկսեց ներկայացնել Հայաստանը՝ դառնալով նրա հավաքականի առաջատարը:

2003 թվականին դարձավ Ֆիշերի շախմատի (շախմատ 960) գծով Մայնցի մրցաշարի հաղթող։

2004 թվականին Թուրքիայում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում արժանացավ բրոնզե մեդալի։

Նույն թվականին Իտալիայի Կալվիա քաղաքում կայացած համաշխարհային օլիմպիադայում Հայաստանի հավաքականի կազմում նվաճեց թիմային բրոնզե մեդալ։

2003 թվականի հոկտեմբերին Հայաստանի շախմատի ֆեդերացիայի այն ժամանակվա ղեկավարության հետ 2002-2003 թվականներին ունեցած տարաձայնությունների պատճառով լքեց ֆեդերացիան և սկսեց ներկայացնել Գերմանիան: Սակայն միջադեպն արագ հարթվեց, և 2004 թվականի մայիսից Լևոնը կրկին սկսեց ներկայացնել Հայաստանը։

2005 թվականին Հիկարու Նակամուրայի և Բորիս Ավրուխի հետ համատեղ հաղթեց Ջիբրալթարի մրցաշարում, իսկ Ստեփանակերտի մրցաշարում դարձավ միանձնյա հաղթող՝ առաջ անցնելով նույն Նակամուրայից և ուկրաինացի Վասիլի Իվանչուկից: Այդ հաղթանակներով սկսվեց Արոնյանի վերելքը և նա ներխուժեց շախմատային էլիտա։

Մուտքը շախմատային էլիտա

2005 թվականի դեկտեմբերին նա հասավ իր կարիերայի առայժմ ամենամեծ նվաճմանը՝ Խանտի Մանսիյսկում նվաճեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթը։ Եզրափակչում նա 3-1 հաշվով առավելության հասավ Ռուսլան Պոնոմարյովի նկատմամբ։ Այդ հաղթանակը նրան հավակնորդների մրցաշարի ընտրական փուլի ուղեգիր տվեց։ 

2007-ին առաջին մրցամարտում նա 7-5 հաշվով առավելության հասավ նորվեգացի Մագնուս Կառլսենի, իսկ երկրորդում` 3,5-2,5 հաշվով՝ Իսպանիայի դրոշի ներքո հանդես եկող Ալեքսեյ Շիրովի նկատմամբ և նվաճեց հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք։ Մեքսիկայի մայրաքաղաք Մեխիկոյում կայացած այդ մրցաշարում Արոնյանը հանդես եկավ վատառողջ վիճակում ու ցույց տվեց ոչ այնքան լավ արդյունք։

Աշխարհի գավաթը նվաճելուց հետո Արոնյանին սկսեցին հրավիրել մասնակցելու գերմրցաշարերին։ Այդպիսի առաջին մրցաշարը հոլանդական Վեյկ ան Զեյում կայացած 19-րդ կարգի մրցաշարն էր, որտեղ Արոնյանը վաստակեց միավորների կեսը և 14 մասնակիցների մեջ բաժանեց 7-9-րդ տեղերը։

2006 թվականի մարտին նա գերազանց հաղթանակ տարավ Լինարեսի (Իսպանիա) 20-րդ կարգի ուժեղագույն մրցաշարում՝ 14 հնարավորից վաստակելով 8,5 միավոր (+5–2=4)։ Նա առաջ անցավ մի շարք ուժեղագույն գրոսմայստերներից, այդ թվում՝ ՖԻԴԵ-ի աշխարհի չեմպիոն Վեսելին Տոպալովից:

Հունիսին Վլադիմիր Հակոբյանի, Կարեն Ասրյանի, Սմբատ Լպուտյանի, Գաբրիել Սարգսյանի և Արտաշես Մինասյանի հետ դարձավ Թուրինի 37-րդ համաշխարհային օլիմպիադայի հաղթող։ Այդ հաղթանակի համար նա և թիմակիցները պարգևատրվեցին Մովսես Խորենացու մեդալով:

Գերմանիայի Մայնց քաղաքում Պյոտր Սվիդլերի հետ եզրափակիչ մրցախաղում նվաճեց «Շախմատ-960»-ի (Ֆիշերի շախմատ) աշխարհի չեմպիոնի կոչումը։

Տարեվերջին Լևոնը Մոսկվայում կայացած Տալի հուշամրցաշարում ևս երկու գրոսմայստերի հետ բաժանեց 1-3-րդ տեղերը։

2007 թվականի հունվարին կայացած Վեյկ ան Զեյի ավանդական մրցաշարում Արոնյանը կրկին բաժանեց 1 — 3-րդ տեղերը։

Երևանում արագ շախմատի ընկերական մրցախաղ անցկացրեց աշխարհի չեմպիոն Վլադիմիր Կրամնիկի հետ և հաղթեց 4–2 հաշվով։

Գերմանիայի Մայնց քաղաքում Վիշվանաթան Անանդի հետ եզրափակիչ մրցախաղում պաշտպանեց «Շախմատ-960»-ի (Ֆիշերի շախմատ) աշխարհի չեմպիոնի կոչումը։

2008-ի Հունվարին կայացած Վեյկ ան Զեյի ավանդական մրցաշարում Արոնյանը նորվեգացի Մագնուս Կառլսենի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը՝ լրացուցիչ ցուցանիշներով դառնալով հաղթող։

Ֆրանսիայի Նիցցա քաղաքում կայացած «Ամբեր-2008» «կույր» և արագ շախմատի ավանդական մրցաշարում հաղթող դարձավ երկու ձևերում էլ և հռչակվեց ամբողջ մրցաշարի բացարձակ հաղթող։

Հաղթեց Սոչիում կայացած ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի մրցաշարում։

Կրկնակի օլիմպիական չեմպիոն

Հայաստանի հավաքականը Դրեզդենում կրկնեց 2006 թվականի իր հաջողությունը՝ դառնալով 38-րդ համաշխարհային օլիմպիադայի չեմպիոն։ Այդ հաղթանակի համար Արոնյանը և թիմի մյուս անդամները՝ Վլադիմիր Հակոբյանը, Գաբրիել Սարգսյանը, Տիգրան Լ. Պետրոսյանը և Արտաշես Մինասյանը, պարգևատրվեցին «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով:

2009-ին Նիցցայում Արոնյանը կրկնեց նախորդ տարվա հաջողությունը՝ դառնալով «Ամբեր-2009» «կույր» և արագ շախմատի ավանդական մրցաշարի բացարձակ հաղթող։

Հաղթեց Նալչիկում կայացած ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի մրցաշարում։

Ջերմուկում կայացած ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի մրցաշարում բաժանեց 2-3-րդ տեղերը և ժամկետից շուտ հռչակվեց Մեծ մրցանակի հաղթող։

Բիլբաոյում դարձավ «Մեծ սաղավարտի» եզրափակիչ մրցաշարի հաղթող։

2010 թվականի նոյեմբերին Մոսկվայում դարձավ Միխայիլ Տալի հուշամրցաշարի հաղթող, մի քանի օր անց կրկին Մոսկվայում դարձավ կայծակնային շախմատի աշխարհի չեմպիոն։ Տալի 5-րդ հուշամրցաշարը առաջինն էր, որին Արոնյանը մասնակցեց Էլոյի վարկանիշի 2800 միավորը հաղթահարելուց հետո:

2011-ին Մոնտե Կառլոյում դարձավ «Ամբեր-2011» «կույր» և արագ շախմատի ավանդական մրցաշարի հաղթող։

Հավակնորների մրցաշար՝ ևս մեկ փորձ

Դառնալով ՖԻԴԵ-ի Մեծ մրցանակի (2008-2010) հաղթող՝ Արոնյանն իրավունք նվաճեց մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցամարտերին։

2011 թվականի մայիսին Ռուսաստանի Կազան քաղաքում մասնակցեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցախաղերին, որտեղ ութ գրոսմայստերներ վիճարկում էին աշխարհի չեմպիոն Վիշվանաթան Անանդի հետ մրցախաղ անցկացնելու իրավունքը։ Արոնյանի առաջին մրցակիցը ռուսաստանցի Ալեքսանդր Գրիշչուկն էր։ Հիմնական չորս պարտիաներն ավարտվեցին ոչ-ոքի, իսկ արագացված ժամակարգով լրացուցիչ պարտիաներում հայ շախմատիստը 1,5-2,5 հաշվով տանուլ տվեց և դուրս մնաց հետագա պայքարից։

2011 թվականի հուլիսի 17-26-ին Չինաստանի Նինբո քաղաքում Հայաստանի հավաքականի կազմում (Լևոն Արոնյան, Սերգեյ Մովսիսյան, Վլադիմիր Հակոբյան, Գաբրիել Սարգսյան, Ռոբերտ Հովհաննիսյան) դարձավ աշխարհի թիմային առաջնության հաղթող։

2012-ի հունվարին դարձավ Վեյկ ան Զեյի ավանդական մրցաշարի հաղթող։

Օլիմպիական եռակի չեմպիոն

Սեպտեմբերին Թուրքիայի Ստամբուլ քաղաքում թիմակիցներ Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի, Գաբրիել Սարգսյանի և Տիգրան Լ. Պետրոսյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում երրորդ անգամ հաղթեց համաշխարհային օլիմպիադայում: Այդ հաղթանակի համար Լևոն Արոնյանը ՀՀ նախագահի 2012 թվականի սեպտեմբերի 10-ի հրամանագրով պարգևատրվեց Սուրբ Մեսրոպ Մաշտոցի շքանշանով:

2013 թվականի մարտի 14-ից ապրիլի 1-ը Լևոն Արոնյանը Լոնդոնում մասնակցեց հավակնորդների մրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն էին Մագնուս Կառլսենը, Վլադիմիր Կրամնիկը, Թեյմուր Ռաջաբովը, Ալեքսանդր Գրիշչուկը, Վասիլի Իվանչուկը, Պյոտր Սվիդլերը և Բորիս Գելֆանդը: Մրցաշարի հաղթողն իրավունք էր ստանալու աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցելու հնդիկ գրոսմայստեր Վիշվանաթան Անանդի հետ։ Այդ մրցաշարում նրա մարտավկաներն էին գրոսմայստերներ Սերգեյ Մովսիսյանը և Հրանտ Մելքումյանը: Չափազանց հաջող անցկացնելով առաջին խաղաշրջանը (3 հաղթանակ, 4 ոչ-ոքի, 1-2-րդ տեղեր)՝ երկրորդում Լևոնը կրեց երեք պարտություն և կորցրեց առաջատարի դիրքերը։ Մրցաշարում նա ընդամենը տարավ հինգ հաղթանակ (երկուական անգամ Իվանչուկի և Ռաջաբովի նկատմամբ, մեկ անգամ՝ Գելֆանդի), կրեց երեք պարտություն (Գելֆանդից, Սվիդլերից և Կրամնիկից), վեց պարտիա ավարտեց ոչ-ոքի և 8 միավորով Սվիդլերի հետ բաժանեց 3-4-րդ տեղերը։ Մրցաշարում 8,5 միավորով հաղթեց նորվեգացի Մագնուս Կառլսենը՝ լրացուցիչ ցուցանիշներով առաջ անցնելով Կրամնիկից: Մրցաշարում Լևոնը 5 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը։

2013-ի ապրիլին Արոնյանը մասնակցեց աշխարհի չեմպիոն Ալեքսանդր Ալեխինի հուշամրցաշարին, որի առաջին հատվածը կայացավ Փարիզում, իսկ երկրորդը՝ Սանկտ Պետերբուրգում: 9 հնարավորից վաստակելով 5,5 միավոր՝ Լևոնը իսրայելցի Բորիս Գելֆանդի հետ բաժանեց 1-ին տեղը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով ճանաչվեց հաղթող:

Օգոստոսին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում Արոնյանը մասնակցեց ՖԻԴԵ-ի աշխարհի գավաթի հերթական խաղարկությանը։ 128 շախմատիստներ նոկաուտ համակարգով վիճարկում էին աշխարհի գավաթակրի կոչումը, ինչպես նաև հավակնորդների մրցաշարի երկու ուղեգիր։ Արոնյանն այդպիսի ուղեգիր ուներ անկախ այս մրցաշարում ցույց տված արդյունքից, սակայն այդ իրավունքը հաստատելու համար պարտադիր պետք է խաղար մրցաշարում։ Այն անհաջող դասավորվեց հայ գրոսմայստերի համար, որը 1/16 եզրափակչում զիջելով ռուսաստանցի Եվգենի Տոմաշևսկուն, դուրս մնաց պայքարից:

Սեպտեմբերի 9-15-ին ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքի «Շախմատային ակումբում և ուսումնական կենտրոնում» մասնակցեց աննախադեպ բարձր միջին վարկանիշով (2797) Sinquefield Cup մրցաշարին։ Աշխարհի երկրորդ շախմատիստ Լևոն Արոնյանը (վարկանիշը՝ 2813) երկու շրջանով մրցում էր առաջին շախմատիստ նորվեգացի Մագնուս Կառլսենի (2862) և ամերիկացիներ Հիկարու Նակամուրայի (2772) և Գատա Կամսկու (2741) հետ։ Մրցաշարն անհաջող դասավորվեց հայ գրոսմայստերի համար. նա տարավ մեկ հաղթանակ, կրեց երկու պարտություն և զբաղեցրեց 3-րդ տեղը։ Առաջինը Կառլսենն էր, երկրորդը՝ Նակամուրան։

Հոկտեմբերին Իսպանիայի Բիլբաո քաղաքում մասնակցեց «Մեծ սաղավարտի» 6-րդ խաղարկության եզրափակիչ մրցաշարին, որը կոչվում է «Շախմատային վարպետներ»: Արոնյանի մրցակիցներն էին Մաքսիմ Վաշիե-Լագրավը (Ֆրանսիա), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան) և Մայքլ Ադամսը (Անգլիա)։ Մրցաշարն անցկացվում էր երկու խաղաշրջանով՝ 6 խաղափուլով։ Տանելով երկու հաղթանակ՝ սևերով Վաշիե-Լագրավի և Ադամսի նկատմամբ, և մյուս պարտիաներն ավարտելով ոչ-ոքի՝ Արոնյանը 10 միավորով (հաշվարկը կատարվում էր «ֆուտբոլային կանոններով»՝ հաղթանակ՝ 3 միավոր, ոչ-ոքի՝ 1, պարտություն՝ 0) դարձավ մրցաշարի հաղթող (միավորների հաշվարկման դասական եղանակով նա վաստակեց 4 միավոր 6 հնարավորից)։ Դա նրա երկրորդ հաջողությունն էր տարվա ամփոփիչ մրցաշարում (առաջինը 2009 թվականին էր)։

Նոյեմբերի 7-18-ին Հայաստանի հավաքականի կազմում Վարշավայում մասնակցեց Եվրոպայի թիմային առաջնությանը՝ զբաղեցնելով թիմային 4-րդ տեղը, իսկ անհատական պայքարում 1-ին խաղատախտակի վրա նվաճեց բրոնզե մեդալ։

Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 6-ը Թուրքիայի Անթալիա քաղաքում Արոնյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Աշխարհի թիմային 9-րդ առաջնությանը։ Թիմը հանդես եկավ անհաջող՝ զբաղեցնելով 5-րդ տեղը, իսկ ահա Լևոն Արոնյանը 1-ին խաղատախտակի վրա ցույց տալով գերազանց արդյունք (8 հնարավորից՝ 6 միավոր՝ 75 տոկոս)՝ արժանացավ անհատական ոսկե մեդալի:

2014-ի հունվարի 10-26-ին Նիդերլանդների Վեյկ ան Զեյ քաղաքում մասնակցեց Tata Steel Chess ավանդական փառատոնի գլխավոր մրցաշարին, որտեղ խաղում էին 12 գրոսմայստեր, և նախավերջին տուրում ապահովեց միանձնյա հաղթողի կոչումը՝ դառնալով մրցաշարի քառակի հաղթող: Մինչև վերջին տուրը Արոնյանը տարել էր 6 հաղթանակ, 4 պարտիա ավարտել էր ոչ-ոքի, չէր կրել ոչ մի պարտություն՝ ցուցադրելով գեղեցիկ ու ստեղծագործական խաղ։ Արոնյանն իր անհատական վարկանիշն ավելացրեց 14 կետով՝ այն հասցնելով 2826-ի և 1 կետով գերացանցելով 2012-ի մայիսին արձանագրած սեփական ռեկորդը։

Վեյկ ան Զեյից անմիջապես հետո Լևոնը մեկնեց Ցյուրիխ (Շվեյցարիա), որտեղ հունվարի 29-ից փետրվարի 4-ը մասնակցեց պատմության ընթացքում ամենաբարձր՝ 23-րդ կարգի (միջին վարկանիշը՝ 2801) Zurich Chess Challenge 2014 գերմրցաշարին, որտեղ նաև խաղում էին աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենը, ինչպես նաև Վիշվանաթան Անանդը, Հիկարու Նակամուրան, Ֆաբիանո Կարուանան և Բորիս Գելֆանդը: Մասնակիցների մեկնարկային համարները որոշելու համար հունվարի 29-ին անցկացվեց կայծակնային շախմատի մրցաշար, որտեղ Լևոնը Կառլսենի հետ բաժանեց 1-2-րդ տեղերը: Մրցաշարը բաղկացած էր երկու մասից՝ առաջինում գրոսմայստերները խաղացին դասական, երկրորդում՝ արագ շախմատի կանոններով։ Դասական շախմատում Լևոնը զբաղեցրեց 2-րդ տեղը, արագում՝ 3-րդ։ Ընդհանուր հաշվարկում նա բաժանեց 2-3-րդ տեղերը՝ զիջելով աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին։ Այս մրցաշարում Լևոնը ևս 4 կետով բարելավեց իր անհատական վարկանիշը (դասական շախմատ)՝ հասցնելով իր համար ռեկորդային՝ 2830 ցուցանիշի (այս արդյունքը պաշտոնապես հաստատվեց 2014-ի մարտի 1-ին)։

Մարտի 11-30-ին Ռուսաստանի Խանտի Մանսիյսկ քաղաքում Լևոն Արոնյանը մասնակցեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին։ Երկու շրջանով անցկացվող մրցաշարի հաղթողը իրավունք էր ստանալու ձեռնոց նետելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին: Արոնյանի (գործակիցը՝ 2830) մրցակիցներն էին աշխարհի նախկին չեմպիոններ Վլադիմիր Կրամնիկը (Ռուսաստան, 2787), Վեսելին Տոպալովը (Բուլղարիա, 2785), Վիշվանաթան Անանդը (Հնդկաստան, 2770), ինչպես նաև Սերգեյ Կարյակինը (Ռուսաստան, 2766), Պյոտր Սվիդլերը (Ռուսաստան, 2758), Շահրիար Մամեդյարովը (Ադրբեջան, 2757) և Դմիտրի Անդրեյկինը (Ռուսաստան, 2709)։ Առաջին խաղաշրջանում Լևոնը տարավ 3 հաղթանակ, կրեց մեկ պարտություն և զբաղեցրեց 2-րդ տեղը։ Երկրորդ խաղաշրջանը նա անցկացրեց անհաջող՝ կրելով 3 պարտություն և, ի վերջո, զբաղեցրեց մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ Մրցաշարի հաղթող ավարտից մեկ խաղափուլ առաջ դարձավ Վիշվանաթան Անանդը: Այս մրցաշարում Լևոնը 18 կետով նվազեցրեց իր անհատական վարկանիշը:

Հունիսի 2-13-ին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում Լևոնը մասնակցեց «Norway Chess 2014» գերմրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն էին աշխարհի ուժեղագույն գրոսմայստերներից ինը: Առաջին օրը կայացավ կայծակնային շախմատի մրցաշար, որը կատարում էր նաև հիմնական մրցաշարի վիճակահանության դեր։ Արոնյանը զբաղեցրեց 2-րդ տեղը, սակայն ստացավ առաջին համարը, քանի որ, ըստ կանոնակարգի, 1-ին տեղն զբաղեցրած շախմատիստն ինքը կարող էր ընտրել ցանկացած համար։ 1-ինն աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենն էր, որն ընտրեց 5-րդ համարը: Հիմնական մրցաշարում Լևոնը հանդես եկավ անհաջող՝ տանելով մեկ հաղթանակ (մրցաշարի ապագա հաղթող Սերգեյ Կարյակինի նկատմամբ), կրելով երկու պարտություն (Ալեքսանդր Գրիշչուկից և Մագնուս Կառլսենից), ևս վեց պարտիա ավարտելով ոչ-ոքի: Ընդ որում, պարտիաներից առնվազն երեքում նա ուներ շահած դիրք, սակայն վրիպեց և դրանցում կարողացավ վաստակել ընդամենը 1 միավոր:

Օգոստոսի 1-14-ին Նորվեգիայի Տրոմսյո քաղաքում թիմակիցներ Գաբրիել Սարգսյանի, Սերգեյ Մովսիսյանի, Վլադիմիր Հակոբյանի և Տիգրան Քոթանջյանի հետ Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց համաշխարհային օլիմպիադային: Լևոնը գլխավորում էր հավաքականը՝ խաղալով 1-ին տախտակի վրա։ Մասնակցելով 10 պարտիայի՝ նա տարավ 3 հաղթանակ, 7 պարտիա ավարտեց ոչ-ոքի և 1-ին խաղատախտակի վրա զբաղեցրեց 7-րդ տեղը։ Հայաստանի հավաքականն 8-րդն էր:

Օգոստոսի 27-սեպտեմբերի 7-ին ԱՄՆ-ի Սենտ Լուիս քաղաքում մասնակցեց «Սինքֆիլդի գավաթ» երկշրջանային գերմրցաշարին։ Նրա բոլոր մրցակիցները՝ աշխարհի չեմպիոն նորվեգացի Մագնուս Կառլսենը, իտալացի Ֆաբիանո Կարուանան, ամերիկացի Հիկարու Նակամուրան, բուլղարացի Վեսելին Տոպալովը և ֆրանսիացի Մաքսիմ Վաշիե-Լագրավը, տեղ էին զբաղեցնում գործակիցների աղյուսակի լավագույն տասնյակում։ Մրցաշարի միջին գործակիցը 2801,7 էր, որը ռեկորդային էր պատմության ընթացքում։ Արոնյանի ելույթն անհաջող էր. նա տարավ ընդամենը 1 հաղթանակ (Տոպալովի նկատմամբ), կրեց 3 պարտություն և բաժանեց 4-5-րդ տեղերը:

Սեպտեմբերին Բիլբաոյում Արոնյանը մասնակցեց «Մեծ սաղավարտի» «Շախմատի վարպետներ» եզրափակիչ մրցաշարին, որտեղ տարավ երկու հաղթանակ, մյուս չորս պարտիաներն ավարտեց ոչ-ոքի և զբաղեցրեց 2-րդ տեղը՝ զիջելով աշխարհի նախկին չեմպիոն Վիշվանաթան Անանդին:

Հոկտեմբերի 8-ի արտահերթ նիստում Երևանի ավագանին քաղաքի 2796-րդ տարեդարձի առթիվ Լևոն Արոնյանին շնորհել է Երևանի պատվավոր քաղաքացու կոչում:

Մարզական առումով տարին անհաջող էր Արոնյանի համար։ Նա անհաջող անցկացրեց մի շարք մրցաշարեր և զգալիորեն նվազեցրեց իր անհատական վարկանիշը՝ տարեսկզբի 2-րդից տարեվերջին նահանջելով 5-րդ հորիզոնական։

2015 թվականին նախորդ տարվա անհաջողությունների շարքը շարունակվեց նաև 2015 թվականի առաջին մրցաշարերում։ Մասնակցելով Վեյկ ան Զեյի, Բադեն-Բադենի և Ցյուրիխի գերմրցաշարերին՝ Լևոնը կայացած 25 պարտիաներում տարավ ընդամենը 2 հաղթանակ, կրեց 5 պարտություն, մնացած պարտիաներն ավարտեց ոչ-ոքի և իր անհատական վարկանիշը նվազեցրեց մոտ 30 կետով։ Վարկանիշային աղյուսակում մարտի 1-ի դրությամբ նա հայտնվեց 10-րդ տեղում։ Նման ցածր դիրք վերջին անգամ Արոնյանն զբաղեցրել էր 2008 թվականի հունվարին։

Ապրիլին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց աշխարհի թիմային առաջնությանը (Ծաղկաձոր), որտեղ հավաքականը նվաճեց բրոնզե մեդալներ, իսկ Լևոնը առաջինն էր առաջին խաղատախտակի վրա (9 հնարավորից 6 միավոր):

Հունիսին Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Grand Chess Tour շարքի առաջին՝ Norway Chess 2015 գերմրցաշարում չափազանց անհաջող ելույթից հետո (1 հաղթանակ, 4 պարտություն և նախավերջին տեղ)՝ Լևոնը երկամսյա դադար վերցրեց և չմասնակցեց որևէ մրցաշարի։ Նրա վերադարձը շատ հաջող էր։ Օգոստոս-սեպտեմբերին նա հիանալի ելույթ ունեցավ շարքի երկրորդ՝ «Սինքֆիլդի գավաթ-2015» գերմրցաշարում (Սենտ Լուիս, ԱՄՆ), որը չափազանց բարձր՝ 22-րդ կարգի էր։ Այդ մրցաշարը բացառիկ էր նրանով, որ առաջին անգամ մասնակիցների ուղիղ կեսը՝ 5 գրոսմայստեր, անհատական վարկանիշով գերազանցում էր 2800-ը։ Լևոնը տարավ երեք հաղթանակ (երեքն էլ ԱՄՆ-ի ներկայացուցիչների՝ Կարուանայի, Սոյի և Նակամուրայի նկատմամբ), մյուս պարտիաներն ավարտեց ոչ-ոքի և, 1 միավորով առաջ անցելով մոտակա մրցակիցներից, 6 միավորով միանձնյա զբաղեցրեց առաջին հորիզոնականը: Անհատական վարկանիշը Լևոնը բարձրացրեց 19,1 կետով։

Հոկտեմբերին Ռուսաստանի «Սիբիր» թիմի կազմում Լևոնը դարձավ Եվրոպայի ակումբային առաջնության հաղթող: Նա հանդես եկավ 2-րդ խաղատախտակի վրա և իր բոլոր պարտիաներն ավարտեց ոչ-ոքի։

Նոյեմբերին Հայաստանի հավաքականի կազմում մասնակցեց Եվրոպայի թիմային առաջնությանը և նվաճեց երկու արծաթե մեդալ՝ մեկը թիմի հետ, մյուսը՝ անհատական (1-ին խաղատախտակի վրա՝ 9 հնարավորից 6 միավոր):

Ո՛չ անցկացված մրցաշարերի արդյունքներով, ո՛չ անհատական վարկանիշով Լևոն Արոնյանն իրավունք չուներ մասնակցելու աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին, որը պետք է կայանա 2016 թվականի մարտին Մոսկվայում: Սակայն նոյեմբերին պարզ դարձավ, որ նա, այնուամենայնիվ, կխաղա այդ մրցաշարում։ Նոյեմբերի 4-ին ՖԻԴԵ-ի նախագահ Կիրսան Իլյումժինովը Երևանում հանդիպել է Հայաստանի նախագահ, Շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանի հետ։ Նրանք քննարկել են այդ մրցաշարի կազմակերպման հետ կապված հարցեր։ Կազմակերպիչները լինելու են ՖԻԴԵ-ն, AGON ընկերությունը՝ Ռուսաստանի շախմատի ֆեդերացիայի աջակցությամբ, իսկ գործընկերը կլինի «Տաշիր» ընկերությունը։ Կազմակերպիչներն իրավունք ունեին առաջադրելու մեկ մասնակցի, և այդ մասնակիցը դարձավ հենց Լևոն Արոնյանը:

Դեկտեմբերի 4-13-ին Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում մասնակցեց Grand Chess Tour-ի եզրափակիչ՝ London Chess Classic գերմրցաշարին, որտեղ նրա մրցակիցներն էին Կառլսենը, Տոպալովը, Անանդը, Նակամուրան, Կարուանան, Գիրին, Վաշիե-Լագրավը, Գրիշչուկը և Ադամսը: Լևոնը տարավ ընդամենը մեկ հաղթանակ (Տոպալովի նկատմամբ), մյուս բոլոր պարտիաներն ավարտեց ոչ-ոքի և 5 միավորով զբաղեցրեց 4-րդ տեղը՝ հաղթողների եռյակից հետ մնալով կես միավորով: Grand Chess Tour-ի ընդհանուր հաշվարկով նա 3-րդն էր՝ զիջելով Կառլսենին և Գիրիին:

Մարտի 10-29-ին Լևոն Արոնյանը Մոսկվայում մասնակցեց աշխարհի չեմպիոնի կոչման հավակնորդների մրցաշարին։ Հաղթողն իրավունք էր ստանում աշնանը ձեռնոց նետելու աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենին։ Լևոնը, որը մրցաշարին մասնակցում էր կազմակերպիչների տված ուայլդ-քարդի շնորհիվ, հաջող մեկնարկեց մրցաշարում՝ առաջին 6 խաղափուլերում տանելով 2 հաղթանակ և 4 պարտիա ավարտելով ոչ-ոքի։ Մինչև 8-րդ փուլը նա 1-2-րդ տեղերն էր բաժանում Սերգեյ Կարյակինի հետ, սակայն 9-րդ և 11-րդ փուլերում պարտություններ կրեց, մնացած պարտիաներն ավարտեց ոչ-ոքի և ամփոփիչ աղյուսակում բաժանեց 4-7-րդ տեղերը։ Հաղթող դարձավ ռուսաստանցի Սերգեյ Կարյակինը։

Ապրիլին Լևոն Արոնյանը մասնակցեց Նորվեգիայի Ստավանգեր քաղաքում կայացած Altibox Norway Chess 2016 մրցաշարին։ Մեկնարկում և միջնամասում Լևոնը խաղաղասիրաբար էր տրամադրված և առաջին 6 պարտիաներն ավարտեց ոչ-ոքի։ Այնուհետև նա տարավ երկու անընդմեջ հաղթանակ Էլյանովի և Կառլսենի նկատմամբ) և վերջին տուրից առաջ աշխարհի չեմպիոն Մագնուս Կառլսենի հետ բաժանում էր առաջին հորիզոնականը։ Վերջին պարտիան էլ Լևոնն ավարտեց ոչ-ոքի և մրցաշարում զբաղեցրեց 2-րդ տեղը։ Հաղթող դարձավ Մագնուս Կառլսենը, որն իր միակ պարտությունը մրցաշարում կրեց Լևոն Արոնյանից։ Գրեթե երկու տարի Լևոնը ոչ մի նշանակալի մրցաշարի հաղթող չէր դարձել։

2017-ի ապրիլին նա կարողացավ հաղթանակ տոնել գերմրցաշարում։ Գերմանիայում կայացած GRENKE Chess Classic մրցաշարը նա անցկացրեց գեղեցիկ ոճով, տարավ 4 անընդմեջ հաղթանակ, 3 պարտիա ավարտեց ոչ-ոքի և մրցաշարի ավարտից մեկ տուր առաջ ապահովեց առաջին տեղը։

Նույն թվականին նա հաղթել է նաև դասական շախմատի Altibox Norway Chess մրցաշարում՝ առաջ անցնելով Հիկարու Նակամուրայից, Վլադիմիր Կրամնիկից, Մագնուս Կառլսենից և մի քանի այլ հայտնի շախմատիստներից: Grand Chess Tour-ում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը՝ զիջելով միայն Մաքսիմ Վաշիե-Լագրավին և Մագնուս Կառլսենին:

2018 թվականին առաջին խոշոր հաջողությունն արձանագրվեց օգոստոսին։ ԱՄՆ-ում կայացած «Սինքֆիլդի գավաթ-2018» մրցաշարում Լևոնը 1-3-րդ տեղերը բաժանեց Մագնուս Կառլսենի և Ֆաբիանո Կարուանայի հետ։ Նա նաև նվաճեց Grand Chess Tour-ի եզրափակիչ փուլի ուղեգիր՝ չորս մրցաշարերի ընդհանուր հաշվարկում վաստակելով 34 միավոր և զբաղեցնելով 2-րդ տեղը։

2019 թվականի առաջին նշանակալի հաջողությունը Արոնյանը գրանցեց օգոստոսին, երբ 10 մասնակիցների պայքարում հաղթեց ԱՄՆ-ի Սենթ Լուիս քաղաքում կայացած Grand Chess Tour 2019 շարքի 5-րդ մրցաշարում։ Արագ շախմատում նա բաժանեց 1-2-րդ տեղերը, իսկ կայծակնայինում՝ 4-5-րդը։ Ընդհանուր հաշվարկում նա կես միավորով առաջ անցավ հետապնդողներից։

Նոյեմբերին նա կրկնեց իր հաջողությունը նույն մրցաշարքի Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կայացած 6-րդ մրցաշարում։ Արագ շախմատում նա բաժանեց 2-4-րդ տեղերը, իսկ կայծակնայինում՝ 5-6-րդը։ Ընդհանուր հաշվարկում նա Սերգեյ Կարյակինի հետ բաժանեց 1-2-րդ հորիզոնականները։ Հաղթողին որոշեց թայ-բրեյքը, որտեղ Արոնյանը հաղթեց 1½-½ հաշվով։

Արտյոմ Սուքիասյան