Անփոխարինելի մարզիչները

Մարզական աշխարհում, երբ այս կամ այն մարզիկը կամ թիմը հասնում է քիչ թե շատ շոշափելի հաջողությունների, հիմնականում հայտնի է դառնում հենց արդյունքն ու տվյալ մարզիկը, սակայն ակնհայտ է, որ ցանկացած հաջողության հետևում կանգնած են լինում մարզիչներ, որոնք հաճախ իրենց անձնվեր աշխատանքով մարզիկներին հասցնում են մեծ բարձունքների:

Շախմատում ևս մարզիչների դերը հսկայական է, և այսօր կներկայացնենք տարբեր ժամանակների մի քանի մարզիչների, որոնք ոչ միայն մարզել են իրենց սաներին, այլ նրանց համար եղել են անփոխարինելի, և ճակատագրական դեր են խաղացել հաղթանակների կերտման գործում:

Շախմատի պատմությանը քիչ թե շատ ծանոթ մարդիկ բնականաբար լսել են վրացական ֆենոմենի մասին, որի տակ հասկացվում է վրացուհիների աննախադեպ հաջողությունները սկսած նախորդ դարի 60-ականներից, երբ նրանք ոչ միայն նվաճում էին աշխարհի չեմպիոնուհու կոչումները, այլ նաև նրանց հետ այդ կոչման համար պայքարողներն էին վրացուհիներ… Քչերը գիտեն սակայն, որ այս ամենի հիմնաքարը ժամանակին դրել էր վարպետության թեկնածու Վախթանգ Կարսելաձեն, ով իր կյանքը նվիրեց այդ գործին, և իր անձուրաց աշխատանքով կրթեց վրացուհիների մի սերունդ, որոնք հետագայում փայլեցին ամենաբարձր մակարդակի մրցաշարերում և ձևավորեցին ավանդույթներ, որոնք գործում են մինչ օրս: Կարսելաձեի առաջին աշակերտուհիներն են եղել լեգենդար Նոնա Գափրինդաշվիլին և Նանա Ալեքսանդրիան, ովքեր ևս փաստում են, որ վրացուհիների հաջողության հիմքերը դրել է հենց Կարսելաձեն:

Վախթանգ Կարսելադզեն իր աշակերտուհիների հետ

Շախմատի պատմությանը հայտնի են չեմպիոններ՝ մասնավորապես Տալը և Սպասսկին, որոնք հաճախ չեն փայլել մեծ աշխատասիրությամբ, և նրանց ծանր աշխատանքի մղողները և ազդեցություն ունեցողները եղել են հենց նրանց մարզիչները, որոնց վաստակը նրանց հաջողություններում անուրանալի է: Տալի դեպքում դա Ալեքսանդր Կոբլենցն էր, ով երկար տարիներ հանդիսանում էր ոչ միայն հանճարեղ չեմպիոնի մարզիչը, այլև նրա ընկերն ու խորհրդատուն: Սպասսկու դեպքում խոսքը Իգոր Բոնդարևսկու մասին է, ով ոչինչ չխնայեց, որ իր սանը նվաճի աշխարհի չեմպիոնի կոչումը: Շատերն են վկայել, որ Բոնդարևսկին միակ մարդն էր, ով ի վիճակի էր ստիպել Սպասսկուն աշխատել ինչպես հարկն է:

Սպասսկին և Բոնդարևսկին

Սակայն Ֆիշերի հետ մրցախաղից առաջ նրանք դադարեցրին իրենց համագործակցությունը, որից հետո, ինչպես հայտնի է, Սպասսկին ջախջախիչ պարտություն կրեց…

Անփոխարինելի մարզիչ է եղել Անատոլի Կարպովի համար Սեմյոն Ֆուրմանը, ում դերը աշխարհի 12-րդ չեմպիոնի կյանքում շատ մեծ էր, և նրա անմիջական ջանքերի շնորհիվ Կարպովը արդեն 23 տարեկանում աշխարհի չեմպիոն էր: Կասպարովի հետ կայանալիք մրցախաղերից առաջ, ցավոք, Ֆուրմանը մահացավ, և Կարպովը համոզված էր, որ եթե իր կողքին լիներ Ֆուրմանը այդ մրցախաղերի ընթացքում, ապա արդյունքներն այլ կլինեին…

Սեմյոն Ֆուրմանը մարզում է պատանի Կարպովին

Ժամանակակից շախմատում մեծ է վերջերս կյանքից հեռացած Մարկ Դվորեցկու դերը որպես մարզչի, ով դաստիարակել է փայլուն շախմատիստների մի ամբողջ բանակ, և որի գրքերով սովորում են շախմատիստների արդեն մի քանի սերունդեր:

Մարկ Դվորեցկի

Կան մարզիչներ, որոնք կարողանում են մեծ հաջողություններ գրանցել նույնիսկ երբ մարզում են մի ամբողջ թիմ: Այս առումով մեծ է Արշակ Պետրոսյանի վաստակը հայկական շախմատի հաջողությունների գործում, ում գլխավորությամբ մեր երկրի հավաքականը 3 անգամ հռչակվել է օլիմպիական չեմպիոն, և 1 անգամ՝ աշխարհի չեմպիոն, ինչն, անկասկած, փառահեղ նվաճում է:

Խաչիկյան Հայկ