Հանճարեղ չեմպիոններին ոգեշնչած շախմատիստը

<<Շախմատային աշխարհին հետաքրքրող հարցերից ամենակարևորը, թերևս,այն է, թե ով է կրում աշխարհի չեմպիոնի տիտղոսը .>>: 1937 թվականին Կապաբլանկայի կողմից ասված այս խոսքերը 1886 թվականից (երբ սկսվեց անցկացվել աշխարհի պաշտոնական առաջնությունը) մինչ օրս արդիական է, քանզի շախմատը՝ լինելով քաղաքակրթության ֆենոմեններից մեկը, միշտ առաջ է բերում նույն հարցը՝ թե ով է տվյալ պահին ուժեղագույնը աշխարհում:

Այս իրողությունը, ցավոք, ունի նաև բացասական կողմ այն առումով, որ տարբեր ժամանակներում չեմպիոնների հետ հավասար, երբեմն նաև հաղթական պայքար մղած հանճարեղ շախմատիստները, ովքեր ինչ ինչ հանգամանքներից ելնելով չեն նվաճել չեմպիոնական տիտղոսը, մնում են սերունդների համար գրեթե անհայտ, որոնց հիշում են միայն նեղ մասնագիտական շրջանակներում;

Նման շախմատիստներից է, անկասկած, հանճարեղ ամերիկացի Գարրի Նելսոն Պիլսբերին (1872-1906), ով իր ապրած 33 տարիների ընթացքում կարողացավ մեծ ազդեցություն թողնել ոչ միայն իր ժամանակակիցների՝ այլև հետագա սերունդների վրա:

Միայն 16 տարեկանում ծանոթանալով շախմատային խաղի հետ՝ մեկ տարի անց նա այլևս չէր պատկերացնում իր կյանքն առանց շախմատի: << Ամենուր և նույնիսկ երազում շախմատը ինձ հետ էր>>, — գրել է նա:

1894 թվականին հաղթելով Նյու Յորքի Մանհեթենի շախմատի ակումբի առաջնությունում՝ նա իրավունք ստացավ Ստեյնիցի և Շովալտերի հետ ներկայացնել ԱՄՆ-ն Հաստինգսի Միջազգային մրցաշարում: 22-ամյա Պիլսբերին Եվրոպա ժամանեց միայն այն համոզմունքով, որ հաղթելու է, և նվաճեց առաջին մրցանակը՝ ետևում թողնելով ժամանակի այնպիսի հսկաների, ինչպիսիք էին Ստեյնիցը,Լասկերը, Չիգորինը, Տարրաշը, Յանովսկին, Շիֆֆերսը և այլք: Այս հաղթանակը անջնջելի տպավորություն թողեց Պիլսբերիի հակառակորդների վրա: Այս առումով աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուէլ Լասկերը գրեց նաև, որ << Նրա հայտնվելը շախմատային աշխարհում հինավուրց խաղի պատմության ամենաուշագրավ դրվագներից էր>>:

Պիլսբերիի հետագա հաջողությունները ապացուցեցին, որ նա արժանի է աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցախաղի, ինչին, սակայն, վիճակված չէր կայանալու այն պատճառով, որ նա մեծ էներգիա և ցավոք նաև առողջությունն էր վատնում <<կույր>> շախմատի միաժամանակյա խաղաշարերի վրա, որոնցում գրանցում էր անհավանական հաջողություններ: Հայտնի է, որ Պիլսբերին կարողանում էր առանց խաղատախտակին նայելու մրցել ավելի քան 20 հակառակորդների դեմ!: 6 տարվա ընթացքում նա տվել է 40 այդպիսի խաղաշար՝ անցկացնելով 666 պարտիա (+456, -75, =135), և գրանցել մի քանի համաշխարհային ռեկորդներ:

Հատկանշական է, որ փոքր տարիքում այսպիսի խաղաշարերի ընթացքում մի քանի անգամ ներկա են եղել ապագայի այնպիսի հանճարեղ չեմպիոններ, ինչպիսիք են Կապաբլանկան և Ալեխինը, որոնց վրա Պիլսբերիի տաղանդը մեծ տպավորություն է թողել, և ինչպես պնդում է հայտնի շախմատային պատմաբան Իսահակ Լինդերը՝ հենց այս հանդիպումներից ստացված տպավորություններից հետո են նրանք վերջնական որոշում կայացրել շախմատը իրենց կյանքի գործ դարձնել:

<<Պիլսբերիի խաղը ինձ կարծես հոսանքահարում էր>>, <<Պիլսբերիի ելույթը այն ժամանակ ինձ համար ուղղակի հրաշք էր>>, — գրել են հետագայում Կապաբլանկան և Ալեխինը իրենց մանկական հուշերի մասին:

Խաչիկյան Հայկ