Մինչև որոշենք, թե ինչպես պետք է իրացնել առավելությունը, նախ սահմանենք <<առավելություն>> կամ <<հաղթած դիրք>> տերմինները։ Թագուհին ընդդեմ Նավակի վերջնախաղը տեսականորեն հաղթած է: Բայց, կարո՞ղ է արդյոք միջին մակարդակի շախմատիստը հաղթել այդ դիրքում, հատկապես պրոֆեսիոնալի (իհարկե, պրոֆեսիոնալի դեմ խաղում այդպիսի վերջնախաղ դեռ ստանալ է պետք):
Որպես օրինակ ներկայացնենք Գրիշչուկ — Արոնյան պարտիան։ 96-րդ քայլին ստացվում է թագուհին ընդդեմ նավակի վերջնախաղային դիրք։ Տեսեք, թե ինչ դժվարությամբ է աշխարհի ուժեղագույն շախմատիստներից մեկը հաղթում այս վերջնախաղում։
Հիմա ինչպե՞ս իմանանք, դիրքը հաղթած է, թե ոչ։ Առաջարկում ենք հետևյալ տեսակետը․ հաղթած է այն դիրքը, որը գիտեք, թե ինչպես հաղթել: Հետևաբար, եթե դուք չգիտեք, թե ինչպես մատ հայտարարել փղով և ձիով, ուրեմն ձեզ համար այդ դիրքը հաղթած չէ:
Եկեք չմոռանանք, որ մրցակիցը ոչինչ չունի կորցնելու: Նա ծուղակներ կլարի, զոհաբերությունների կգնա, կօգտվի ամեն հնարավորությունից, որպեսզի բարդացնի հաղթելու ուղին: Ամենակարևոր՝ նախաձեռնությունը ձեր ձեռքում պահելն է, եթե ուզում եք խուսափել անակնկալներից: Մի՛ փորձեք ավելի մեծ նյութական առավելություն ձեռք բերել, եթե արդեն իսկ առավելություն ունեք: Փոխարենը փորձե՛ք վերահսկել դիրքը և մատ հայտարարել: Խուսափեք բարդացումներից և փորձեք որքան հնարավոր է պարզ դիրքերի գնալ:
Որպես օրինակ, ինչպե՞ս կխաղայիք այս դիրքում։
Հաղթանակի տանող տարբերակները շատ են, սակայն ամենահասարակը կլինի ուղղակի խաղալ Նa7, հաջորդ քայլին էլ վերցնել ձին, որից հետո գալ Աe5 և ստանալ մի դիրք, որը կհաղթի նաև սկսնակը։ Խաղալով այսպես, կխուսափեք հնարավոր բոլոր ռիսկերից, մինչդեռ այլ տարբերակների դեպքում ձին անընդհատ շախեր կտար, ավելորդ գլխացավանք կառաջանար, էլ չենք ասում, որ ձին կրկնակի հարված հասցնել և շախով տանել նավակը։
Ամենավտանգավոր մոտեցումն այն է, երբ մտածում եք, թե ձեր դիրքն այնքան լավն է, որ այն ինքն իրեն ձեզ հաղթանակ կբերի: Հիշե՛ք, որ երբ շախմատիստը հաղթած դիրք է ձեռք բերում, նա լարվում է մի պահ և թուլանում: Սա ամենավտանգավոր պահն է: Ահա այս պահին են ի հայտ գալիս հիմնական սխալները:
Հիշե՛ք, որ խաղն ավարտված չէ, քանի դեռ մրցավարը ձեր անվան դիմաց 1 միավոր չի գրել։ Սա նաև վերաբերում է խաղի ավարտին, արդյունքը մրցավարին ասելիս ուշադիր եղեք, որ նա ճիշտ լրացնի, մի մոռացեք, որ մրցավարն էլ մարդ է, և նա էլ կարող է սխալվել։ Այդ սխալի պատճառով ավելորդ խնդիրների և քաշքշուկների կբախվեք։
Հետևություն
Եթե ունեք առավելություն, մի գնացեք ավելորդ նյութական առավելության հետևից, փոխարենը փորձեք մատ հայտարարել, իսկ եթե դրա հնարավորությունը չկա, ապա խուսափեք բարդացումներից, փորձեք որքան հնարավոր է պարզեցնել դիրքը և գնալ ավելի պարզ վերջնախաղի, որտեղ չհաղթելը ավելի դժվար կլինի։
Եվ մի գնացեք այնպիսի դիրքերի, որոնք չեք կարողանում հաղթել։ Եթե թագուհին նավակի դիմաց վերջնախաղում հաղթել չեք կարողանա, փորձեք հնարավորության դեպքում խուսափել այդպիսի վերջնախաղից։