Ինչպես խաղալ հավասար դիրքում

Լավ շախմատիստ լինելու համար անհրաժեշտ է իմանալ, թե ինչպես պետք է խաղալ հավասար դիրքում: Միգուցե դուք հարց տաք. «Ի՞նչն է այդքան բարդ հավասար դիրքում խաղալիս: Չէ՞ որ այն շատ պարզ է»: Այսպես, լրիվ ոչ-ոքի դիրքում խաղալն իրոք պարզ ու հասկանալի է, սակայն հնարավոր չէ հասկանալ` արդյոք դա հենց այդ դեպքն է: Կան շատ հավասար դիրքեր, որոնք իրականում առաջին հայացքին տեսականորեն են այդպիսին, սակայն պրակտիկ խաղում կարող է շատ բան տեղի ունենալ։
Շատ շախմատիստներ սխալմամբ կարծում են, որ հնարավոր չէ պարտվել ոչ-ոքի դիրքում: Դա նույնը կլինի, եթե ասենք, թե բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները միշտ հաղթում են: Խաղի սկզբում բոլորս էլ ունենք հավասար խաղաքարեր և զինվորներ, բայց խաղը միշտ չէ ավարտվում ոչ-ոքի: Այլ խոսքով ասած, խաղաքարերի հավասար քանակը չի երաշխավորում ոչ-ոքի արդյունք:
Հիմնականում կա հավասար դիրքի 3 կատեգորիա`

  • հավասար դիրք, որ դուք պետք է հաղթեք,
  • հավասար դիրք, որ ձեր հակառակորդը պետք է հաղթի
  • հավասար դիրք որի դեպքում ոչ-ոքի արդյունքն ընդունված է ձեր երկուսի կողմից

Մենք կսկսենք հեշտ տարբերակից, երբ դուք և ձեր հակառակորդն ընդունում եք ոչ-ոքի արդյունքը: Դուք կարող եք կամ բառացի ոչ-ոքի առաջարկել ձեր հակառակորդին կամ կարող եք 3 անգամ կրկնել դիրքը:

Իսկ եթե դիրքը հավասար է, բայց դուք չեք ցանկանում ոչ-ոքի համաձայնվել և ցանկանում եք հաղթել: Նմանատիպ դեպքեր հաճախ են պատահում, երբ շախմատիստներից մեկին անհրաժեշտ է հաղթանակ` մրցանակային տեղ գրավելու համար: Ոչ-ոքին դեպի հաղթանակ տանելու համար մեծ համբերություն է անհրաժեշտ: Այսպիսով, անհրաժեշտ է այնպիսի պլան մշակել, որը ձեր հակառակորդին շփոթմունքի մեջ կգցի: Սկզբում անհրաժեշտ է շփոթեցնել ձեր հակառակորդին` խաղալով տարբեր քայլեր և տեսնելով նրա պատասխանը: Նմանատիպ փորձը կարող է դրական արդյունք ունենալ, քանի որ կարող եք իրականացնել տարբեր մտքեր և ձեր հակառակորդին ստիպել սխալվել։ Սակայն հիշեք, որ կարող է նաև այս ամենը վատ ավարտ ունենալ: Եթե այս ծրագիրը հաջողություն չի արձանագրում և դուք ցանկանում եք ռիսկի դիմել` հաղթել կամ պարտվել, դուք պետք է այլ մոտեցում ցուցաբերեք: Պետք է հավասարակշռությունից դուրս բերել խաղը, օրինակ, փոխանակեք թեթև խաղաքարը 2-3 զինվորով, զոհաբերեք որակ, խախտեք զինվորների սիմետրիկ դասավորվածությունը և այլն: Նմանատիպ դիրքերը դժվար է գնահատել և շատ ավելի դժվար` կառավարել: Սա հենց այն է, ինչ մեզ պետք է` ավելացնել հակառակորդի կողմից սխալներ թույլ տալու հավանականությունը: Երբեմն այս մոտեցումը կարող է աշխատել և երբեմն էլ` ոչ: Մի մոռացեք, որ նաև ավելանում է ձեր սխալ թույլ տալու հավանականությունը։ Սակայն, եթե ցանկանում եք ձեռք բերել այդ հաղթանակը, պետք է ռիսկի դիմեք և արդյունքում կամ հաղթեք, կամ պարտվեք, քանի որ ոչ-ոքիի հավանականությունը կտրուկ նվազում է:
Ամբողջությամբ այլ պատկեր ունենք, երբ դուք պաշտպանվող կողմում եք, և ձեր հակառակորդը պայքարում է հաղթանակի համար: Նա փորձում է ծուղակներ լարել ձեր դեմ` ձեզ շփոթեցնելու համար: Այս պարագայում լավ կլինի  ճիշտ օգտագործել ձեր ժամանակը և ստուգել քայլերը: Այսպիսով, դուք մեծ հաշվով կնվազեցնեք տիրող խառնաշփոթը: Կարող եք նաև ուղակի սպասել մրցակցի ռիսկի դիմելուն, հիշեք, ռիսկի դիմողը պարտվելու ավելի մեծ հավանականություն է ունենում, ուստի կարող եք ուղակի սպասել հարմար շանսի։ Բերենք ֆուտբոլի օրինակը․ ի՞նչ է տեղի ունենում, երբ թիմերից մեկը 8,9 կամ նույնիսկ 10 խաղացողով գնում է գրոհի։ Այո, երբեմն նրանց հաջողվում է գոլ խփել, սակայն ավելի հաճախ իրենք հակագրոհի ժամանակ գնդակ են բաց թողնում։ Նույն տրամաբանությունն էլ այստեղ է, միայն պետք չէ պասիվ պաշտպանվել։

Արտյոմ Սուքիասյան