Ինչպես խաղալ մեկուսացած զինվորների դեմ

Ինչպես հայտնի է բոլորին, մեկուսացած զինվորն իրենից թուլություն է ներկայացնում, որից հակառակորդը պետք է օգտվի: Սակայն հիմնականում  մեկուսացած զինվորի ուժեղ կամ թույլ լինելը պայմանավորված է մի շարք գործոններից, ինչպիսիք են` խաղաքարերի ակտիվությունը: Առաջին հերթին եկեք տեսնենք, թե որոնք են ամենաընդունված մտքերը` մեկուսացած զինվորի դեմ պայքարելիս:

  • Ձգտեք պարզեցումների

Մեկուսացած զինվորը վերջնախաղում իրենից թուլություն է ներկայացնում, ինչը նշանակում է, որ փոխանակումները միշտ օգտակար կլինեն դրա դեմ պայքարող կողմի համար: Սակայն պետք չէ մտածել, որ վերջնախաղում մեկուսացած զինվորի դեմ պայքարող կողմը պարտադիր հաղթանակ կտանի: Հնարավոր է, որ հակառակորդը կարողանա այն պաշտպանելու միջոցներ գտնել, սակայն այս գործոնը հակառակ կողմին մեծ առավելություն է տալիս և մեծացնում հաղթելու հնարավորությունները: Արքայով և զինվորներով կամ թեթև խաղաքարերով վերջնախաղերում առկա է մի քանի գործոն, որ դժվարացնում է խաղը այս կառուցվածքի դեպքում: Առաջին հերթին նշենք, որ մեկուսացած զինվորը սովորաբար պաշտպանության կարիք ունի, ինչը նշանակում է, որ ձեր հակառակորդի արքան կամ թեթև խաղաքարը հնարավոր է ստիպված լինեն պաշտպանել այն, ինչն էլ պասիվացնում է այդ պաշտպանող խաղաքարի գործունեությունը: Երկրորդը, մեկուսացած զինվորով խաղացող կողմի համար  դժվար է վերահսկել զինվորի առջևի դաշտը, և այն կարելի է օգտագործել ձեր խաղաքարերը ակտիվացնելու համար: Երբեմն, մեկուսացած զինվորը կարող է դառնալ անցունակ զինվոր: Սակայն նույնիսկ այդ դեպքում այն առաջ տանելն այնքան էլ հեշտ չէ, քանի որ ձեր խաղաքարերը սովորաբար ավելի ակտիվ են: Երբ խոսում ենք ծանր խաղաքարերով վերջնախաղերի մասին, հակառակորդի խաղաքարերի պասիվությունն իրենից սովորաբար ավելի մեծ առավելություն է ներկայացնում: Այս դեպքում դուք պետք է օգտագործեք այն` երկրորդ թույլ կետը ստեղծելու համար, քանի որ պաշտպանող խաղաքարերը չեն կարողանա ամեն ինչ վերահսկողության տակ պահել:

  •  Զինվորի առջևի դաշտը վերահսկողության տակ պահեք

Մեկուսացած զինվորով խաղացող կողմի համար հիմնական միտքը կենտրոնում զինվորային ճեղքում ստեղծելն է` այն առաջ տանելով և ակտիվացնելով իր խաղաքարերը: Հենց այս պատճառով մեր խաղաքարերը պետք է կենտրոնանան այդ դաշտը վերահսկողության տակ պահելու համար: Պարտադիր չէ այն գրավել, պարզապես պետք է թույլ չտալ հակառակորդին իրականացնել իր մտքերը:

  • Ստեղծեք երկրորդ թուլությունը

Ձգտելով միայն հարձակվել և շահել այդ զինվորը` ոչ միշտ կարող եք դրական արդյունքի հասնել: Սակայն ճնշում գործադրելով դրա վրա՝ ձեր հակառակորդի խաղաքարերը կպասիվանան, իսկ ձեր խաղաքարերը հեշտությամբ կշարժվեն մի անկյունից մյուսը: Սրանք այն հիմնական մտքերն են, որ անհրաժեշտ է հիշել մեկուսացած զինվորի դեմ խաղալիս:

Արտյոմ Սուքիասյան