Շատ շախմատիստներ սկզբնախաղերում առավել թույլ են: Ստորև կփորձենք ներկայացնել այն միջոցները, որոնց շնորհիվ կկարողանաք բարելավել ձեր սկզբնախաղերը:
- Հասկացե՛ք հիմնական գաղափարները:
Ցանկացած շախմատային սկզբնախաղ ուսումնասիրելիս անհրաժեշտ է նախ և առաջ հասկանալ տվյալ սկզբնախաղի հիմնական գաղափարները: Շատ շախմատիստներ փորձում են մտապահել տարբերակաները, մինչդեռ անհրաժեշտ է սովորել, թե ինչպես է պետք խաղալ տվյալ սկզբնախաղը: Քայլերը կուրորեն մտապահելու փոխարեն շատ ավելի արդյունավետ կլինի հասկանալ խաղի գաղափարը երկու կողմի համար էլ: Այսպիսով՝ չեք մոլորվի, երբ ձեր հակառակորդը որոշի շեղվել այն հիմնական ուղիներից, որոնք դուք սովորել եք: Դուք կիմանաք սկզբնախաղի հիմնական գաղափարները, դրան բնորոշ հարձակումները և այլն:
- Սովորե՛ք զինվորների և այլ խաղաքարերի դասավորությունը:
Երբ սովորեք և հասկանաք սկզբնախաղի հիմնական գաղափարն ու պլանները, ավելի շատ ժամանակ պետք է հատկացնեք զինվորային կառուցվածքների ուսումնասիրմանը: Յուրաքանչյուր սկզբնախաղ ունի իրեն յուրահատուկ զինվորային կառուցվածք: Եթե ուզում եք լավ խաղալ սկզբնախաղերում, պետք է հասկանաք այդ զինվորային կառուցվածքների առավելություններն ու թերությունները: Այս կետն առավել կարևոր է, քանի որ զինվորների ճիշտ դասավորությունը վերջնախաղում և միջնախաղում ձեզ առավելություն կտա:
- Վերլուծե՛ք ուժեղ շախմատիստների խաղերը:
Երբ հասկանաք հիմնական գաղափարներն ու զինվորային/խաղաքարային կառուցվածքները, ուսումնասիրեք նույն սկզբնախաղերը, որ հանդիպել են գրոսսմայստերների խաղերում: Երբ վերլուծեք բարձր մակարդակի խաղերը, կկարողանաք ավելի լավ հասկանալ այդ սկզբնախաղերը և դրանց բնորոշ հարձակումներն ու պաշտպանությունները: Ինչքան շատ նման բարձր կարգի խաղեր վերլուծեք, այնքան ձեզ վստահ կզգաք դրանք խաղալիս, և, հետևաբար, աստիճանաբար կնկատեք ձեր առաջընթացը:
- Կազմե՛ք սկզբնախաղային բազա:
Շատ կարևոր է սկզբնախաղային բազա կազմելը, որտեղ կկարողանաք զետեղել սկզբնախաղային ձեր պատրաստվածության գաղափարներն ու մտքերը: Բոլոր գրոսմայստերներն էլ այդպես են վարվում: Այս միջոցը ավելի է խորացնում սկզբնախաղային ձեր գիտելիքները: Ցավոք, սկսնակները չեն գիտակցում այս գործոնի կարևորությունը: Սկզբնախաղային ձեր խաղացանկը բազայի վերածելով, դուք շատ բաներ կհասկանաք, որ նախկինում չէիք էլ նկատել, կհասկանաք այն ուղիները, որ ձեզ կտանեն դեպի հաղթանակ, և որոնք` դեպի պարտություն: Այս արժեքավոր ինֆորմացիային տիրապետելով` կկարողանաք բարելավել ձեր պատրաստվածությունը:
- Փո՛րձ ձեռք բերեք ընկերական բլիցի միջոցով:
Սկզբնախաղերը բարելավելու վերջին քայլը ավելի շատ գործնական փորձ ձեռք բերելն է: Նոր սկզբնախաղը գործնականում կիրառելու համար դիմե՛ք արագ շախմատի կամ բլիցի օգնությանը` փորձելով նոր մտքերը:
Իհարկե, ընդունված չէ բլիցը որպես մարզվելու միջող կիրառելը, սակայն այս պարագայում այն բացառություն է կազմում: Շատ գրոսմայստերներ խորհուրդ են տալիս բլից խաղալ` սկզբնախաղերը փորձարկելու համար: Ցանկալի է խաղալ խաղատախտակի առջև, սակայն մարտընկեր չգտնելու դեպքում կարող եք դիմել օնլայն շախմատի օգնությանը։