Պլանավորումը շատ կարևոր գաղափար է շախմատում: Շախմատում պետք է իմանալ, թե ինչ անել խաղատախտակի վրա, ինչպես մշակել ճիշտ մարտավարություն։ Ոչ միայն սա. պետք է փորձել գտնել լավագույն լուծումը` ելնելով տվյալ դիրքի առանձնահատկություններից: Ընդհանուր առմամբ, մարտավարություն մշակելով` մենք փորձում ենք օգտվել դիրքի առավելություններից և նվազագույնի հասցնել թերություններից եկող վնասը: Որպեսզի այն հաջողությամբ պսակվի , անհրաժեշտ է վերլուծել դիրքը և գտնել ուժեղ և թույլ կողմերը, որոնք երկու հակառակորդների մոտ էլ առկա են: Ճիշտ մարտավարություն մշակելու գործընթացը հեշտացնելու համար կարող եք հետևել ստորև նշված քայլերին, որոնք կօգնեն նախ դիրքը ճիշտ գնահատել։
- Նյութական առավելություն: Սա առաջին և ամենաակնհայտ քայլն է, հատկապես, երբ վերլուծում եք մի դիրք, որը նախկինում երբևէ չեք տեսել: Նույնիսկ եթե դուք առավելություն ունեք, չի կարելի խաղալ ինչպես պատահի և առանց պլան մշակելու: Անհրաժեշտ է նոր մոտեցումներ փնտրել` այդ առավելությունները նյութականացնելու համար:
- Փնտրեք սպառնալիքներ և տակտիկական հարվածներ: Իհարկե, կարող եք երկար մարտավարություն մշակել, որը, գուցե, վերջում չարդարացնի իրեն, քանի որ դուք կարող էիք բաց թողած լինել հակառակորդի պատասխան հարվածը: Մյուս կողմից էլ, դիրքը կարող է ունենալ թաքնված հնարավորություններ, որոնք պետք չէ բաց թողնել։
- Գտեք դիրքային առավելություններն ու թուլությունները: Այստեղ դուք պետք է ուշադրություն դարձնեք արքայի դիրքին ու անվտանգությանը, կառուցվածքին, թույլ զինվորներին ու դաշտերին, խաղաքարերի համագործակցությանը, զարգացմանը և տարածքային առավելությանը, և այլն: Ինչպես նախորդ քայլերում, դուք պետք է գնահատեք նշված կետերը և՛ ձեր, և՛ ձեր հակառակորդի դիրքի համար:
- Թեկնածու քայլերի ցանկ կազմեք: Նախորդ քայլերի օգնությամբ գտնելով հնարավորություններն ու սպառնալիքները` այժմ կարող եք գտնել մի քանի քայլ, միտք, որոնք կօգնեն բարելավել ձեր դիրքը: Այս քայլերից անհրաժեշտ է ընտրել այն մեկը, որը լավագույնս նպատակահարմար է տվյալ դիրքում` ըստ հաշվարկների: Ճշգրիտ մարտավարություն մշակելիս` ձգտեք այնպես անել, որ ձեր քայլերով արգելափակեք հակառակորդի մտքերը: Այժմ կներկայացնենք մի քանի պարտիա, որ խաղացել են ուժեղ շախմատիստները, և կտեսնենք, թե ինչ տեխնիկաներ են գործածում նրանք` գտնելու լավագույն ծրագիրը տվյալ խաղի համար: