Ինչպես պաշտպանվել ծանր դիրքում

Ըստ շատերի` եթե ունեք ծանր դիրք, ապա խաղը պարտված է: Բայց այս մոտեցումն այնքան էլ ճիշտ չէ։ Եթե ճիշտ կարողանաք կիրառել որոշ սկզբունքներ, միգուցե կկարողանաք փրկել խաղը:

Նախ պետք է ընդունել, որ դուք ունեք ծանր դիրք: Շատ շախմատիստներ հոգեբանական խնդրի առջև են կանգնում` չցանկանալով ընդունել այդ փաստը. նրանք շարունակում են մտածել, որ իրենց դիրքն այնքան էլ վատը չէ, կամ որ կարելի է հաղթել այդ դիրքում, կամ որ իրենց հակառակորդն այնքան էլ ուժեղ չէ, որ տեխնիկապես կարողանա իրացնել առավելությունը։

Այս խնդիրը նաև հաճախ է հանդիպում, երբ ունեիք առավելություն, սակայն սխալների պատճառով կորցրեցիք այն և հայտնվեցիք ծանր դիրքում։

Ինչ անել

Որպեսզի չդասվեք այս շախմատիստների շարքին, պետք է կարողանաք ճիշտ գնահատել դիրքը և գիտակցեք, որ պարտվում եք: Երբ դուք ընդունեք, որ ձեր դիրքն անհույս է, կնվազի ձեր նյարդայնությունը, լարվածությունը, մինչդեռ ձեր հակառակորդի մոտ այն կաճի: Դուք հոգեբանական լարվածություն չեք զգա, քանի որ կորցնելու ոչինչ չունեք (առանց այդ էլ պարտվում եք, դրանից վատ ի՞նչ կարող է լինել)։ Դուք պետք է հակառակորդի համար խաղը որքան հնարավոր է բարդացնեք:

Հաջողության հասնելու համար անհրաժեշտ է ամբողջությամբ փոխել խաղի պլանը: Օրինակ, եթե մի թեթև խաղաքար պակաս եք հակառակորդից, փորձեք փոխանակել զինվորները, այլ ոչ խաղաքարերը, քանի որ Արքա+Թեթև խաղաքարն ընդդեմ Արքայի դիրքը տեսականորեն ոչ-ոքի է:

Տակտիկանան հարվածները խաղի ցանկացած փուլում կարևոր զենք են համարվում, հատկապես երբ նյութապես զիջում եք: Որոշ վերջնախաղեր պակաս խաղաքարերով կարելի է փրկել կամ նույնիսկ հաղթել, սակայն ուժեղ նյարդեր և թարմ ուղեղ է անհրաժեշտ:

Երկրորդ խորհուրդը ակտիվ խաղալն է: Երբ դուք ունեք պակաս խաղաքարեր, պետք չէ հանգիստ նստել և սպասել, թե երբ ձեր հակառակորդը մատ կհայտարարի: Փորձեք բարդացնել դիրքը որքան հնարավոր է: Եթե դիրքն այնքան էլ ակնհայտ չէ ձեզ համար, այնուամենայնիվ պետք է խաղալ` անկախ այն փաստից` դուք պարտվում եք, թե ոչ:

Ինչպե՞ս վարվել, երբ դուք ունեք ոչ թե մեկ թեթև խաղաքար պակաս, այլ ավելին, օրինակ մեկ նավակ: Եթե նույնիսկ փոխանակեք բոլոր զինվորները, Արքա+Նավակն ընդդեմ Արքայի վերջնախաղը հաղթած է (եթե, իհարկեմ ձեր մրցակիցը կարողանում է նավակով մատ հայտարարել 🙂 )։ Այսպիսով, միակ հնարավորոթյունն այստեղ հարձակվելն է և հակառակորդի համար ծուղակներ լարելը` հույս ունենալով, որ ձեր հակառակորդը սխալ թույլ կտա:

Եվ մի մոռացեք պատի մասին։ Հատկապես ցայտնոտային կամ լարված դիրքերում հաճախ կարելի է մատի փոխարեն պատ հայտարարել։ Բայց մի սպասեք միայն, թե մրցակիցը կարող է սխալվել, քիչ ֆիգուրներ ունենալու դեպքում ձգտեք արքային տանել պատային դրություն և պատ անել տակտիկական հարվածի միջոցով։

Վերջում ցույց տամ իմ պարտիաներից մեկը։ Ոչ, գլուխ չեմ գովում, ես սպիտակներով էի 😂

Ըստ վիճակագրության, ոչ բարձրակարգ մակարդակում 30% դեպքերում կարող եք հաղթանակներ կամ ոչ-ոքիներ ձեռք բերել: Փորձեք, միևնույն է ոչինչ չունեք այլևս կորցնելու:

Արտյոմ Սուքիասյան