Ինչպես վերլուծել պարտիան

Բոլորս ցանկանում ենք բարելավել մեր խաղը, դառնալ ավելի լավ շախմատիստ և հաղթել զգալիորեն ավելի շատ պարտիաներ։ Պարտիայի վերլուծությունը ճիշտ կիրառելու դեպքում կարող եք շտկել թույլ ձեր թույլ կողմերը և զարգացնել ուժեղ կողմերը։

   Վերլուծության նկարագիրը․

Անկախ արդյունքից և զգացողություններից՝ վերլուծության հարցում կարևոր է գործել ինչպես պրոֆեսիոնալ շախմատիստ՝ պարտիայից մաքսիմալ օգուտ ունենալու համար։ Լավ կլինի պարտիան բաժանել երեք մասի՝ սկզբնախաղ, միջնախաղ և վերջնախաղ։ Պարտիայի այս երեք փուլերը պահանջում են առանձին վերլուծություն և պետք է նրանց վերաբերել առանձին-առանձին։

   Սկզբնախաղ

Սկզբնախաղ վերլուծելիս պետք է փորձես հասկանալ՝ արդյոք քո խաղացած տարբերակը այն է, ինչ պատրաստել ես, թե հակառակորդդ քեզ հետ հազվադեպ հանդիպող տարբերակ է խաղացել։

Գրի առ մտքերդ քո խաղացած տարբերակի շուրջ։ Արդյոք այն հիմնավոր տարբերակ էր։ Միայն մտքերդ գրի առնելուց հետո կարող ես դիմել սկզբնախաղային դատաբազայի օգնությանը՝ ստուգելու այդ տարբերակի գոյությունը շամատային տեսության մեջ։ Դու կարող ես հիասթափվել, երբ պարզես, որ հակառակորդիդ խաղացած տարբերակը անհաջող տարբերակ էր, բայց դու միևնույնն է չկարողացար հաղթանակ տանել։ Շատ կարևոր է սա հաշվի առնել։ Սա նշանակում է, որ դու խաղից ինչ-որ բան ես ստացել։ Դու պետք է բարձր վարկանիշ ունեցող շախմատիստների կողմից խաղացված այս սկզբնախաղից մի քանի պարտիա վերլուծես և համապատասխանորեն հարմարեցնես քո սկզբնախաղային խաղացանկին։ Հաջորդ անգամ այս տարբերակին հանդիպելիս դու ավելի լավ պատրաստված կլինես։ 

   Միջնախաղ

   Սա պարտիայի այն փուլն է, որը գալիս է սկզբնախաղի <<տեսական>> քայլերից անմիջապես հետո։

Գրի առ, թե ինչու ես որոշել խաղալ այս կամ այն քայլը, կարող ես նաև նշել այլընտրանքային քայլեր, որոնց շուրջ մտածել ես։ Նշիր տակտիկական մտքերդ՝ ներառելով հավանական զոհաբերությունները, որոնց շուրջ մտածել ես։ Կարևոր է ձևակերպել խաղի պլանը։ Հիշիր ինչ է ասել Բոտվիննիկը․ <<վատ պլանը շատ ավելի լավ է, քան ընդհանրապես պլանի բացակայությունը>>։

   Վերջնախաղ

   Վերջնախաղում պետք է ուշադրություն դարձնես նախնական դիրքին և փորձես հանդես գալ հաղթանակի կամ ոչ-ոքի տանող պլանով։

   Եթե դու սկսում ես ժամանակի հետ հաճախ խնդիր ունենալ, կարող ես վերլուծել, թե ինչպիսի որոշումները քեզնից շատ ժամանակ խլեցին և կոնկրետ որտեղ ես ծախսել ժամանակիդ մեծ մասը։ Ժամանակի հետ կապված խնդիրներից խուսափելը շատ կարևոր է, քանի որ շախմատային պարտիաների արդյունքի համար ժամանակը վճռորոշ դեր է խաղում։ 

Արտյոմ Սուքիասյան