Ինչպես Ռոբերտ Ֆիշերի շնորհիվ բռնցքամարտի աշխարհի առաջնությունների մրցանակային ֆոնդն ավելացավ միլիոնավոր դոլլարներով

Գաղտնիք չէ, որ բռնցքամարտն ամենաթանկ վարձատրվող սպորտաձևերից է, և հատկապես աշխարհի առաջնություններում այն հասնում է միլիոնավոր դոլարների, սակայն քչերին է հայտնի, որ սկսած 1975 թվականից այդ մրցանակներն աճեցին մի քանի անգամ, և պատճառը ՖիշերԿարպով չկայացած աշխարհի առաջնության մրցախաղն էր․․․

Բանն այն է, որ 1975 թվականին Ֆիլիպինների մայրաքաղաք Մանիլայում նախատեսված էր անցկացնել երկու դարակազմիկ սպորտային միջոցառում՝ Ֆիշեր-Կարպով աշխարհի գերհետաքրքիր մրցախաղը և լեգենդար բռնցքամարտիկներ Մուհամեդ Ալիի և Ջո Ֆրեզերի մենամարտը։ Այս երկու հզոր միջոցառումների անմիջական հովանավորն էր Ֆիլիպինների նախագահ Ֆերդինանտ Մարկոսը, ով հատկապես շախմատի առաջնության անցկացման համար հատկացրել էր այն ժամանակների և առհասարակ շախմատի ողջ պատմության համար աննախադեպ մրցանակային ֆոնդ՝ 5մլն ԱՄՆ դոլարի չափով։ Ցավոք, մինչ օրս լիովին չբացահայտված հանգամանքների պատճառով սկանդալային Ֆիշերը հրաժարվեց մրցախաղից և Կարպովը հռչակվեց աշխարհի չեմպիոն, չստանալով սակայն որևէ դրամական մրցանակ։ Նախատեսված ֆոնդն ամբողջովին ուղղվեց Ալի — Ֆրեզեր մենամարտին, այսպիսով հասցնելով բռնցքամարտի հոնորարները մեծ չափերի։ Հետագայում արդեն այն նվազեցնել չէր հաջողվի, և բռնցքամարտիկները սկսեցին ստանալ բարձր հոնորարներ նաև հաջորդող տարիներին։ Գուցե իրավացի է Անատոլի Կարպովն այն առումով, որ մի քանի անգամ իր հարցազրույցներում պնդել է, թե բռնցքամարտիկները պետք է արձան կանգնեցնեն Ֆիշերի պատվին, ի նշան արած <<լավության>>․․․

Խաչիկյան Հայկ