Ինչպես խաղալ ավելի ուժեղ մրցակցի դեմ

Երբևէ խաղացե՞լ եք այնպիսի մրցակցի հետ, ով ձեզանից 400 կետ ավելի վարկանիշ ունի։ Եթե շախմատ շատ եք խաղում, ապա հաստատ խաղացել եք։ Ըստ վիճակագրության՝ եթե շախմատիստը 400 կետ ավել վարկանիշ ունի, ապա նա հաղթանակ կտանի խաղացած պարտիաների 90․9%-ում։ Ինչու՞ են ուժեղները հաղթում ավելի թույլերին․ նրանք լավ պատրաստված են, բարձր վարկանիշ ունեցող շախմատիստները ավելի լավ գիտեն սկզբնախաղերը, նրանք լավ շախմատային տեսողություն ունեն, նրանց տակտիկական հմտությունների մակարդակը բարձր է և նրանք ավելի լավ գիտեն, թե ինչպես խաղալ վերջնախաղերում։ Այդ դեպքում ինչպե՞ս պայքարել իրենց դեմ։

Ահա մի քանի ցուցում, որոնց պետք է հետևել ավելի ուժեղ հակառակորդների հետ հաջող խաղալու համար․

  • Առաջին կարևոր բանը, որ պետք է սովորել, հանգստանալն ու չնյարդայնանալն է։ Մի՛ վախեցեք մրցակցից, եթե նույնիսկ նա 400 կետ ավել վարկանիշ ունի։ Եթե հետևեք շատ ուժեղ շախմատիստների խաղին, ապա կտեսնես, որ նրանք պարտիայի ընթացքում միշտ հանգիստ են և կենտրոնացած։ Նյարդային վիճակում գտնվող շախմատիստը չի կարող լավ խաղալ։ Լավագույն քայլերը գտնելու համար պարտադիր պայման է արտաքին աշխարհից լիովին կտրված լինելն ու ամբողջությամբ շախմատի վրա կենտրոնանալը։
  • Ինքնաբերաբար ֆիգուրներ մի փոխանակեք։ Հատկապես փոքրերի մոտ շատ հաճախ է հանդիպում այս սխալը, իրենք համաձայնվում են գրեթե բոլոր փոխանակումների։ Սա մեծ սխալ է։ Իհարկե՝ եթե փոխանակեք բոլոր խաղաքարերն ու զինվորները, խաղը ոչ-ոքի կավարտվի, բայց ուժեղ կողմը երբեք դա թույլ չի տա։ Այդ պարագայում, եթե թույլ կողմը փորձում է փոխանակել ֆիգուրները, նա, մեծ հավանականությամբ, իր ակտիվ ֆիգուրները կփոխանակի հակառակորդի ավելի պասիվ ֆիգուրների հետ։ Ուժեղ կողմի առավելությունը կմեծանա և նա այդ պարտիայում կհաղթի։ Եթե նույնիսկ ֆիգուրների մեծ մասը փոխանակեք, ուժեղ շախմատիստները սովորաբար շատ լավ են խաղում վերջնախաղում։ Եվ ևս մեկ հետաքրքիր փաստ․ ձեր մրցակիցը կարող է հասկանալ ձեր ընտրած ռազմավարության մասին և առաջարկել իրեն ձեռնտու փոխանակումներ՝ իմանալով, որ դուք միանշանակ կհամաձայնվեք։
  • Ակտիվ խաղացեք ցանկացած մրցակցի դեմ։ Մի մտեք պասիվ պաշտպանություն։ Հիշե՛ք՝ լավագույն պաշտպանությունը հարձակումն է։ Աշխատեք չթողնել, որ նա ղեկավարի խաղը։ Մի եղեք ենթարկվողի դերում։ Պասիվ պաշտպանվելով դուք նաև շատ մեծ հոգեբանական առավելություն կտաք մրցակցին, մինչդեռ ակտիվ խաղի դեպքում նա կսկսի լարվել։
  • Ոչ-ոքիի համար խաղալը շատ վատ ռազմավարություն է։ Եթե այդպես եք տրամադրվում, ապա մեծ հավանականությամբ կպարտվեք։ Հիշենք տարածված խոսքը․ <<Եթե քեզ պետք է ոչ-ոքի, խաղա հաղթանակի համար>>։ Ոչ-ոքի ստանալու համար պետք է հնարավորինս ակտիվ խաղալ, սակայն դա չի ենթադրում, որ պետք է գրոհ սկսել հենց առաջին քայլից, զոհաբերել զինվորներ և հետո հասկանաս, որ գրոհն իր նպատակին չի հասնի, որովհետև նրա փիղը պաշտպանում է հնարավոր մատի դաշտը․․․ Նման իրավիճակներ հաճախ են տեղի ունենում նույնիսկ վարպետների մակարդակում։ Ուստի, եթե դուք տեսնում եք հզոր գրոհի հնարավորություն, եթե նույնիսկ դրա համար կարող եք որակ զոհաբերել, արա այն։

Արտյոմ Սուքիասյան