Ինչպես հայտնի է, 19-րդ դարի կեսերից, երբ սկսեցին անցկացվել շախմատային առաջին մրցաշարերը՝ շախմատիստները խաղում էին առանց ժամանակի սահմանափակման, ինչը հաճախ բերում էր պարտիաների տարօրինակ ավարտի, և ժամանակակիցների կողմից նկարագրվում էր որպես հակառակորդին հունից հանելու և հյուծելու գործողություն:
Հայտնի է, որ, օրինակ, Հովարդ Ստաունտոնի և Պյեռ Սենտ Ամանի միջև 1843 թվականին կայացած մրցախաղի 21-րդ պարտիան, որում կատարվել է 66 քայլ, տևել է 14,5 ժամ…
Ավելի զավեշտալի դեպք գրանցվեց նաև Լոնդոնի 1851 թվականի միջազգային մրցաշարում, որտեղ ՈՒիլյամս — Մակլոու պարտիայի ընթացքում երկու խաղացողներն էլ քնեցին՝ չդիմանալով անվերջ սպասումներին:
Նման աննպատակ ձգձգումները և հակառակորդին այդ կերպ հունից հանելու փորձերն այն ժամանակ բավականին տարածված էին, և պարտիաները տևում էին միջինը 9 ժամ:
1852 թվականին անհայտ մի երկրպագու առաջարկեց խաղերի ընթացքում օգտագործել ավազային ժամացույցներ և սահմանափակել մտածելու ժամանակը, ինչին հավանություն տվեց ժամանակի ուժեղագույն շախմատիստներից՝ Հովարդ Ստաունտոնը: Այդ մեթոդն օգտագործվեց 1853 թվականին Գարվից — Լեվենտալ մրցախաղում, որտեղ ամեն քայլի համար մտածելը սահմանափակվում էր 10 րոպեով և խախտողը տուգանվում էր: Իսկ ահա 1861 թվականի Անդերսեն — Ֆոն Կոլիշ մրցախաղում 2 ժամ էին հատկացնում 24 քայլի համար:
Եվ ահա 1883 թվականի Լոնդոնի միջազգային մրցաշարի ժամանակ գործարկվեցին առաջին շախմատային ժամացույցները՝ կրկնակի սլաքներով: Դրանք, սակայն, չունեին սովորական կոճակներ և ամեն քայլից հետո խաղացողը ժամացույցը պարզապես շուռ էր տալիս իր կողմը:
Գյուտի հեղինակը սիրողական մակարդակի շախմատիստ Թոմաս Բրայտ Ուիլսոնն էր, ով այն ստեղծեց՝ խորհրդակցելով ուժեղ շախմատիստ Ջոզոֆ Բլեկբեռնի հետ:
Այդ մրցաշարում մեկ ժամ էին հատկացնում 15 քայլի համար և առաջին անգամ սկսեցին խաղացողին պարտություն գրանցել ժամանակը սպառելու համար:
1899 թվականին շախմատային ժամացույցները կատարելագործվեցին դրանցում <<դրոշակ>>-ի իհայտ գալով, որը սկսում էր բարձրանալ երբ շախմատիստին մնում էր 3 րոպե, և այն ընկնելը նշանակում էր ժամանակի սպառում և պարտություն:
1900 թվականին ի հայտ եկան նաև ժամանակակից շախմատիստներին ծանոթ կոճակներով ժամացույցները, որոնք սեղմում էին ամեն քայլից հետո:

Շախմատային ժամացույցները կտրուկ փոփոխության ենթարկվեցին 1992 թվականին, երբ լեգենդար Ռոբերտ Ֆիշերը առաջարկեց կատարած ամեն քայլի համար խաղացողին ավելացնել որոշակի վայրկյաններ՝ որոնք, ըստ իրեն, զգալի կմեղմեյին շախմատիստի սթրեսային վիճակը, և նա կկարողանար ավելի լավ կառավարել իր ժամանակը:
Ֆիշերի ժամացույցը կիրառվեց հենց իր ու Սպասսկու միջև 1992 թվականին կայացած սկանդալային մրցախաղում և կիրառվում է մինչ օրս:
Ի դեպ, կայքի միջոցով կարող եք գնել շախմատային ժամացույց։ Մանրամասները՝ խանութ բաժնում։