Բարդ է մարզել տարբերակները հաշվարկելու ընդունակությունը, սակայն, այնուամենայնիվ, քիչ են այն ուղեցույցներն ու աշխատությունները, որ կօգնեն մարզվել և ճիշտ քայլեր գտնել:
Ինչո՞վ է պայմանավորված քայլերը հաշվարկելու կարևորությունը:
Խաղի վաղ փուլում այնքան էլ պետք չէ շատ մտածել: Լավ պատրաստված շախմատիստը կարող է հեշտությամբ 10-15 քայլ անել առանց մտածելու անհրաժեշտության: Սկզբնախաղային փուլից հետո շախմատիստները սկսում են ինքնուրույն խաղալ, արդեն անհնար է դառնում հիշողության վրա հիմնված քայլեր անելը:
Միջնախաղում ամեն ինչ այնքան էլ պարզ ու հեշտ չէ, ինչքան որ սկզբնախաղում էր: Անհրաժեշտ է որոշակի պլան մշակել և ճիշտ քայլեր գտնել: Հիմնական հարցը մնում է անորոշ. ինչպե՞ս կարելի է գտնել ուժեղ քայլերը:
Ամենաուժեղ շարունակությունը գտնելու համար, հարկավոր է գտնել բոլոր թեկնածու քայլերը, և դա պետք է անել անմիջապես սկզբնախաղից դուրս գալուց հետո:
Խնդիրն այստեղ ամենևին էլ բոլոր թեկնածու քայլերը գտնելը չէ` դրանք հաշվարկելու համար: Մագնուս Կարլսենը խորհուրդ է տալիս ընտրել 2-3 ամենաուժեղ տարբերակները, խորապես հաշվարկել դրանք և ճշգրտորեն գնահատել վերջնական դիրքերը: Ակնհայտ է, որ ոչ բոլորը կարող են բազմաթիվ քայլերից ընտրել հենց այն քայլերը, որ արժանի է հաշվել: Այսպիսով, խորապես ստուգելով 2-3 քայլ, դուք կարող եք ճանաչել թույլ տարբերակները և խնայել ձեր ժամանակը:
Մեկ այլ կարևոր հանգամանք, որ անհրաժեշտ է հիշել. շախմատիստի հաշվելու ընդունակությունը մեծապես կապված է տակտիկական խնդիրներ լուծելու ընդունակության հետ: Հետևաբար, այն շախմատիստներն, ովքեր կարողանում են իրենց լավ դրսևորել տակտիկական խնդիրներ լուծելու մեջ, ավելի լավ են կարողանում հաշվարկել քայլերը: Մարտավարական խնդիրներ լուծելով` կբարելավեք հաշվելու ձեր ունակությունները:
Ըստ FIDE-ի ավագ մարզիչ Ալեքսեյ Կուզմինի` շախմատիստների հաշվարկելու ընդունակությունները բարելավելու լավագույն ձևը հետևյալ խորհուրդներին հետևելն է`
1. Գտե՛ք բոլոր թեկնածու քայլերը,
2. Հաշվարկե՛ք համապատասխան տարբերակները,
3. Գնահատե՛ք վերջնական դիրքերը,
4. Ընտրե՛ք ամենաուժեղ քայլը` հիմնվելով ձեր կատարած վերլությունների վրա:
Ինչպես ընտրել թեկնածու քայլեր․ առաջին հերթին դիրքը գնահատելուց հետո պետք է նայենք ակտիվ քայլերը, այսինքն շախերը, այնուհետև նայում ենք խաղաքար վերցնելը, որից հետո նայում ենք սպառնալիքները։ Եթե այս երեկ տարբերակից ոչ մեկն էլ ձեռնտու չէ, ուրեմն մենք նույնիսկ սպառնալիք ստեղծել չենք կարող, այսինքն մենք չունենք ակտիվ քայլ կատարելու հնարարվորություն, ուստի պետք է պաշտպանվենք մրցակցի ակտիվ քայլերից։ Այդ պատճառով նույն դիրքում մտովի քայլը փոխանցում ենք դիմացինին և ստուգում իր քայլերը, ընտրում լավագույն շարունակությունը և կատարում համապատասխան պաշտպանողական քայլ։
Ահա մի քանի գործնական խորհուրդներ` լավագույն քայլերը գտնելու համար:
1. Մի՛ կենտրոնացեք միայն մի քայլի վրա:
2. Խորապես մի հաշվարկեք մի քայլը` առանց արագ աչքի անցկացնելու մյուս թեկնածու քայլերը: Պետք չէ 30 րոպե վատնել ոչ-ոքի վերջնախաղային դիրքը գնահատելու վրա, երբ ավելի լավ հնարավորություն ունեք: Միշտ ձգտե՛ք ավելի պարզ դիրքերի, որ հնարավոր է գնահատել, քանի դեռ չեք պարտվում և ավելի բարդ դիրքերի կարիք չկա:
3. Լավ կլինի նաև ձեզ պատկերացնեք ձեր հակառակորդի դերում: Բավարար է հարցնել ինքներդ ձեզ` «ի՞նչ է ցանկանում անել իմ հակառակրոդը» կամ «ի՞նչ կխաղար իմ հակառակորդը, եթե նրա քայլը լիներ»: Այս հարցերի պատասխանները կօգնեն ձեզ ի հայտ բերելու հիմնական սպառնալիքներն ու թույլ կողմերը:
4. Դիրքը գնահատելու նպատակը բոլոր հնարավոր տարբերակները հաշվարկելը չէ: Ձեր հիմնական նպատակը պետք է լինի գտնել եթե ոչ լավագույն, գոնե լավագույն քայլից մեկը: Խնայե՛ք ձեր ժամանակը և հաշվարկե՛ք միայն մի քանի տարբերակներ:
5. Եթե չեք պայքարում աշխարհի չեմպիոնի տիտղոսի համար, պետք չէ ճշգրտորեն հաշվարկել 15 քայլ առաջ: Պետք է պարզապես հասկանալ արդյոք շարունակությունը իմաստ ունի և չի հանգեցնի վատ դիրքի:
6. Միշտ գնահատե՛ք ձեր հակառակորդի ամենաուժեղ պատասխանները` ժամանակ և էներգիա խնայելու համար:
Հիշե՛ք: որոշ շախմատիստներ մոռանում են քայլերն հաշվարկելու հիմնական նպատակի մասին: Անհրաժեշտ է ուժեղ քայլ գտնել և ոչ թե գնահատել բոլոր հնարավորությունները և 10 քայլ հետո պարտվել ժամանակի սղության պատճառով: