Ինչպես լեգենդար չեմպիոնը կորցրեց հավատն ուժերի նկատմամբ և թողեց շախմատը

2005 թվականին, երբ աշխարհի 13-րդ չեմպիոն Գարրի Կասպարովը հերթական տպավորիչ հաղթանակը տարավ Լինարեսի սուպերմրցաշարում, բոլորի համար ակնհայտ էր, որ շախմատի կենդանի լեգենդը  շարունակում է մնալ աշխարհի ուժեղագույն շախմատիստը և շարունակելու է հինավուրց խաղի միլիոնավոր երկրպագուներին հիացնել իր խաղի խորությամբ ու հանճարեղ մտահաղացումներով։  Սակայն տեղի ունեցավ անսպասելին՝ հենց նույն մրցաշարի փակման արարողության ժամանակ Կասպարովը հրավիրեց մամուլի ասուլիս և հայտարարեց, որ թողնում է մեծ շախմատը, քանի-որ բոլոր հնարավոր ռեկորդներն արդեն սահմանել է և պետք է փորձի նոր հորիզոններ բացել այլ բնագավառներում։

Տեղի ունեցածն ակնհայտ սենսացիա էր, և շոկային հատկապես շախմատային աշխարհի համար։ Մեծ չեմպիոնի հեռանալու իրական դրդապատճառների մասին կարծիքներն հաճախ իրարամերժ էին, սակայն կատարվածի վերաբերյալ մեկնաբանությունը տարիներ անց տվեց հենց ինքը՝ Կասպարովը, իր հայտնի <<Շախմատն ինչպես կյանքի մոդել>> գրքում, որտեղ՝ նկարագրելով 2004 թվականի գերմրցաշարերից մեկում խաղացված պարտիան Վեսելին Տոպալովի դեմ, պատմում է, որ վճռական պահին, երբ պարտիայից կախված էր առաջին մրցանակի ճակատագիրն, ու դիրքը հաղթած էր, նա չկարողացավ ճիշտ ընկալել դիրքը և սխալ շարունակությամբ պարտիան տարավ ոչ-ոքիի․․․ 

Ինչպես նկատում է Կասպարովը՝ ոչ-ոք ապահովագրված չէ սխալներից, սակայն իրեն հատկապես տխրեցրել էր այն փաստը, որ ինքը չէր կողմնորոշվել մի իրավիճակում՝ երբ իր և բոլորի համոզմամբ ինքը հավասարը չուներ աշխարհում։ Կասպարովի վկայությամբ, հենց այս պարտիայից հետո նա սկսում է կորցնել հավատն իր ուժերի նկատմամբ և սկսում կասկածել, որ կկարողանա համար առաջինը մնալ գրոհող երիտասարդ սերնդի դեմ․․․ Ինչպես հայտնի է, հաջորդ մի քանի մրցաշարերում նա նվաճեց Ռուսաստանի չեմպիոնի կոչումը, հաղթեց Լինարեսի գերմրցաշարում և, պահպանելով աշխարհում համար 1 վարկանիշը, հեռացավ մեծ շախմատից։ Այս պատմությունը տպավորիչ է ոչ այնքան որպես պատմական փաստ՝ այլ որպես ուսուցողական օրինակ սեփական հնարավորություններն օբյեկտիվ գնահատելու առումով, ինչը շատերի կարծիքով հաճախ բացակայում է գերհզոր մարդկանց մոտ։

Թոփալով - Կասպարով
լեգենդի վերջին պարտիան․․․

Խաչիկյան Հայկ