Ձիեր և հենակետային դաշտեր(ֆորպոստ)

Հենակետային դաշտն այն դաշտն է, որն ապահով է հակառակորդի զինվորների հարձակումներից: Եթե ձեզ հաջողվի ձեր խաղաքարերից մեկով հենակետային դաշտ գրավել, հակառակորդի համար դժվար կլինի դուրս մղել ձեր խաղաքարն այդ դաշտից: Ձեր խաղաքարն այդ դաշտից հեռացնելու համար նա պետք է դիմի մեկ այլ խաղաքարի օգնությանը: Երբեմն, նույնիսկ ձեր խաղաքարը հենակետային դաշտից դուրս բերելու համար ոչ մի հասանելի խաղաքար չի լինում, ինչն էլ հենակետային դաշտը դարձնում է շատ հզոր, հատկապես երբ այն խաղատախտակի կենտրոնում է, կամ հակառակորդի տարածքում, կամ հակառակորդի արքայի մոտ:
Հենակետային դաշտը հաճախ օգտագործվում է հարձակումներ ստեղծելիս: Երբ այն գրավված է ինչ-որ խաղաքարի կողմից(սովորաբար ձիու), խաղաքարի ուժը տարածվում է բոլոր ուղղություններով: Եթե հենակետային դաշտը գտնվում է կենտրոնում, դուք ավելի շատ վերահսկողություն եք ծավալում կենտրոնում: Եթե հենակետային դաշտը հակառակորդի տարածքում է, այն կարող է վնասել հակառակորդի խաղաքարերին, իսկ երբ հենակետային դաշտը մոտ է հակառակորդի արքային, այն կարելի է օգտագործել  մատային հարձակում ստեղծելիս: Դուք կարող եք նաև օգտագործել հենակետային դաշտը որպես տարանցիկ կետ:
Հենակետային դաշտը գրավելու լավագույն խաղաքարը ձին է: Եթե հակառակորդը փորձում է գրավել ձեր խաղաքարը հենակետային դաշտում, սովորաբար լավագույն տարբերակը ինչ-որ խաղաքարով հետ գրավելն է, կամ զինվորով: Այսպիսով, դուք կվերագրավեք հենակետային դաշտը մեկ այլ խաղաքարով: Եթե հետ գրավեք զինվորով,  կարող եք կորցնել ձեր հենակետային դաշտը, քանի որ այն կարգելափակվի ձեր զինվորով: Բացառություն է կազմում, երբ դուք կարող եք հետ գրավել զինվորով` այն անցունակ դարձնելու նպատակով: Անցունակ զինվորն այս դեպքում կարող է ավելի արժեքավոր լինել, քան հենակետային դաշտում գտնվող խաղաքարը:

Արտյոմ Սուքիասյան