Շախմատիստներին տրվող ամենաբարձր կոչումը. հետաքրքիր մանրամասներ

<<Միջազգային գրոսմայստեր>> կոչումը ՖԻԴԵ-ն սկսեց պաշտոնապես շնորհել 1949 թվականից, սակայն հայտնի է, որ 20-րդ դարի սկզբին գրոսմայստեր կամ վելտմեյստեր (Weltmeister գերմ. <<աշխարհի չեմպիոն>>) էին անվանում ժամանակի ուժեղագույն շախմատիստներին՝ ովքեր հաղթում էին միջազգային խոշոր մրցաշարերում : Այդ ժամանակ գրոսմայստերներ էին համարվում Ալեխինը, Կապաբլանկան, Լասկերը, Էյվեն, Չիգորինը, Տարրաշը, Ռուբինշտեյնը, Շլեխտերը և այլ անվանի շախմատիստներ:

Կա նաև լեգենդ այն մասին, որ 1914 թվականին ռուսական ցար Նիկոլայ երկրորդն անձամբ է գրոսմայստերի կոչում շնորհել Սանկտ-Պետերբուրգի հայտնի մրցաշարի 5 մրցանակակիրներին:

Կոչումն, ինչ խոսք, շատ պատվաբեր է և հաղթահարվում է մեծ դժվարությամբ: Բավական է նշել, որ շախմատի զարգացման ամենաբուռն ժամանակաշրջաններից մեկում՝ 1951-1968 թվականներին այդ բարձունքը կարողացել են հաղթահարել միայն 74 շախմատիստներ:

Նշված ժամանակահատվածում գրոսմայստերներ դառնում էին իսկապես հզոր շախմատիստները, ովքեր փայլուն արդյունքներ էին ցույց տալիս ամենաբարձր մակարդակի մրցաշարերում, սակայն, երբ 1970 թվականին գիտնական Էլոն ի հայտ բերեց վարկանիշների հաշվարկի սխեման՝ նորմաներ լրացնելը զգալի հեշտացավ՝ քանզի հարկավոր էր որոշակի մրցաշարերում լրացնել համապատասխան բալը:

Այդուհանդերձ, այսօր էլ գրոսմայստերի կոչումը մնում է շատ ու շատ շախմատիստների համար միայն երազանք, քանզի այն ենթադրում է տարիների լարված ու նվիրումով աշխատանք: Բավական է նշել միայն, որ շախմատով ժամանակակից աշխարհում զբաղվում են տարբեր տվյալներով մոտ 200 մլն մարդ, սակայն մինչ օրս կոչումն հաղթահարել են մոտ 1900 շախմատիստներ:

Խաչիկյան Հայկ