Հայկ Մարտիրոսյան

Հայկ Մարտիրոսյանը ծնվել է 2000 թվականի հուլիսի 14-ին Արարատի մարզի Բյուրավան գյուղում։ Շախմատ խաղալ սովորել է 5 տարեկանում։ Առաջին մարզիչը եղել է հայրը՝ Միքայել Մարտիրոսյանը։ 7 տարեկանից սկսել է մասնակցել տարբեր մրցաշարերի, հետո ընդունվել է շախմատի ակադեմիա։ Նրա անձնական մարզիչն է եղել գրոսմայստեր Աշոտ Անաստասյանը։

2011 թվականին՝ հաղթելով Եվրոպայի մինչև 12 տարեկանների առաջնությունում, դարձել է ՖԻԴԵ-ի վարպետ։

Հաջորդ տարի կրկնել է հաջողությունը` դառնալով Եվրոպայի կրկնակի չեմպիոն նույն տարիքային խմբում։

2013 թվականին դարձել է կայծակնային շախմատի մինչև 14 տարեկանների Եվրոպայի չեմպիոն։

Միջազգային վարպետի կոչման արժանացել է 2014 թվականին` մի քանի ամսում լրացնելով երեք նորմերը։ Առաջին նորմը լրացրել է Մինսկում կայացած Դավիդ Բրոնշտեյնի հուշամրցաշարում, երկորդը` Երևանում կայացած Եվրոպայի անհատական առաջնությունում` միաժամանակ լրացնելով գրոսմայստերի առաջին նորմը, իսկ երրորդը` Կիրիշիում անցկացված Վանյա Սոմովի հուշամրցաշարում։

2016 թվականին «Աերոֆլոտ օփեն» մրցաշարում Հայկը լրացրել է գրոսմայստերի երկրորդ նորմը։

2017 թվականի Հայաստանի բարձրագույն խմբի առաջնության մրցաշարում նա երրորդ անգամ լրացրեց գրոսմայստերի նորմը, և նույն թվականին Թուրքիայի Անթալիա նահանգի Գյոյնուք ավանում կայացած ՖԻԴԵ-ի 88-րդ կոնգրեսում նրան շնորհվել է գրոսմայստերի կոչում։

2016 թվականին՝ մասնակցելով մինչև 16 տարեկանների աշխարհի առաջնությանը (Խանտի Մանսիյսկ), Հայկը տարավ 7 հաղթանակ, 4 պարտիա ավարտեց ոչ-ոքի և 11 հնարավորից վաստակելով 9 միավոր` դարձավ աշխարհի չեմպիոն։

2018 թվականի հունվարին Հայկ Մարտիրոսյանը՝ մասնակցելով Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությանը, 10 հնարավորից վաստակեց 7 միավոր և դարձավ Հայաստանի տղամարդկանց չեմպիոն։ Այդ հաղթանակով նա իրականացրեց իր երազանքը` նվաճելով Հայաստանի հավաքականի ուղեգիր։

Հաղթել է մի շարք միջազգային մրցաշարերում, 2019 թ․ Աէրոֆլոտ Օփեն միջազգային մրցաշարում կիսել է 1-ին տեղը, սակայն լրացուցիչ ցուցանիշներով գրավել 2-րդ հորիզոնականը։ 2021 թվականին դարձել է ուսանողների կայծակնային առաջին աշխարհի առցանց առաջնության չեմպիոն։

Հայկ Մարտիրոսյանը սովորում է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտում։

Արտյոմ Սուքիասյան