Հաճախակի տրվող հարցեր

Նյութերի մասին

Ինչի՞ Հայաստանի պատանեկան առաջնությունը չեք լուսաբանում։ Լինում են նաև այլ նորություններ, որոնք հայտարարվում են շախմատի ֆեդերացիայի կայքով, բայց chessnews-ում չեն տեղադրվում։

Մեր նպատակն է՝ օգնել և լրացնել Շախմատի ֆեդերացիայի աշխատանքը, այլ ոչ թե կրկնօրինակել իրենց։ Եթե ֆեդերացիայի նորությանը ավելացնելու բան չկա, մենք նյութ չենք տեղադրում։

Հայկ Խաչիկյանը այլևս նյութեր չի՞ գրելու։

Այս պահին ունեմ Հայկ Խաչիկյանի մի քանի գիտական աշխատանք շախմատի մասին, որոնք պետք է փոքր-ինչ խմբագրվեն, բաժանվեն հոդվածների և տեղադրվեն։

Ինչի՞ Հայկ Խաչիկյանի բլոգի նոր նյութերի մասին ֆբ էջով հայտարարում եք, իսկ Անուշ Ասրյանի և Գոռ Վիրաբյանի նյութերի մասին՝ ոչ։

Հայկ Խաչիկյանը գրում է նյութեր, որոնք հետաքրքիր կլինեն բոլորին, իսկ Անուշն ու Գոռը գրում են փոքրիկ հոդվածներ դպրոցական երեխաների համար։ Իրենք ունեն սեփական ֆբ էջը, որին հետևելով կարող եք տեղյակ լինել նյութերից։

Ո՞վ է անում պարտիաների վերլուծությունը։

Եթե պարտիայի կամ հոդվածի սկզբում գրված չէ, ապա հեղինակային են։

Կայքում նոր բլոգերնե՞ր լինելու են։

Այո։ Մոտ ժամանակները պլանավորում եմ թիմի ընդլայնում։

Ինչպե՞ս Հայկ Խաչիկյանը և Անուշ Ասրյանն ու Գոռ Վիրաբյանը սկսեցին կայքում նյութեր գրել։

Հայկ Խաչիկյանին դիմեցի անձամբ, իրեն դուր եկավ գաղափարը և նա կայքի զարգացման համար որպես նվեր փոխանցեց իր մինչ այս գրված հոդվածներն ու գիտական աշխատանքները։ Պլանավորվում է երկարատը համագործակցություն։

Անուշ Ասրյանի և Գոռ Վիրաբյանի բլոգն էլ ստեղծվեց Գոռի նախաձեռնությամբ։ Գրեց անձնական նամակով, ներկայացրեց նախաձեռնությունը, ես էլ ստեղծեցի առանձին բաժին և ցույց տվեցի օգտվելու ձևը։

Ծրագրավորում իմանալ պե՞տք է կայքում նյութեր տեղադրելու համար։

Ամենևին։ Նյութ տեղադրելու համար ծրագրավորում իմանալ ընդհանրապես պետք չէ, բավական է ունենալ Microsoft Word ծրագրի բազային գիտելիքներ։

Որտեղի՞ց եք վերցնում կայքում տեղադրվող նյութերը։

Տարբեր, կան հեղինակային նյութեր, կան թարգմանված օտարերկրյա բլոգերներից, ինչպես նաև պաշտոնական կայքերից՝ այդ թվում՝ ՖԻԴԵ-ի պաշտոնական կայքից։

Ի՞նչ պատճառով են վերջերս նյութերը ավելի հազվադեպ հրապարակվում։

Վերջին մեծ իրադարձությունը Հայաստանի տղամարդկանց առաջնությունն էր, որը լուսաբանվել է։ Այլ նորություններ առայժմ չկան, բացի այդ այս ամիս պատրաստվում ենք Play Market-ում տեղադրել վաղուց խոստացած հեռախոսային հավելվածը (Chess Arbiter-ը), որի գրանցումն ու հրապարակումը շատ ժամանակ է խլում։

Ուսուցողական նյութերի ավելացում լինելու՞ է։

Այո։

Ինչի՞ Հայաստանի ու աշխարհի տղամարդկանց չեմպիոնների կենսագրությունները կան, իսկ կանանցը՝ ոչ։

Հայաստանի կանանց հետ կա ինֆորմացիայի պակասի խնդիր, աշխարհի կանանց կենսագրությունները շուտով կտեղադրվեն։

Ի՞նչ նոր բաներ են սպասվում։

Նյութերի առումով՝ աշխարհի մրցամարտերի պարտիաներ, հավակնորդների մրցաշարերի պատմություն, էլիտար շախմատիստների կենսագրություններ, աշխարհի և Հայաստանի պատանիների չեմպինների մասին նյութեր ու շատ այլ բաներ 🙂

Ծրագրավորումից և հարակից ոլորտից

Ո՞ր ծրագրավորման լեզվով է գրված կայքը։

WordPress CMS-ով։

Ինչի՞ կայքի համար հեռախոսային հավելված չեք սարքում։ [Play market-ում տեղադրված]։

Կայքը ամբողջությամբ օպտիմիզացված է հեռախոսներով օգտագործելու համար, առանձին հավելվածը ոչ մի առավելություն չի տալու։

ararat.chessnews.am կայքը նույն chessnews-ը, բայց այլ նյութերո՞վ։

Կայքերը իրար նման են թե տեխնիկապես, թե արտաքին դիզայնով, սակայն դրանք տարբեր կայքեր են, ararat.chessnews.am-ը մեր կայքից կախվածություն չունի։

Որքա՞ն է կայքի դիտումների քանակը։

Միջինում կայք է այցելում օրական մոտ 300 մարդ՝ կախված է նյութի հրապարակումից։

Ծրագրային ի՞նչ փոփոխություններ են սպասվում։

Կայքի վրա կատարվել է SEO օպտիմիզացում, առաջին հերթին դա է ավարտին հասցվելու, հետո կատարելու դիզայնի փոփոխություն՝ համակարգչային տարբերակում մենյուն է ավելի հարմար դառնալու։ Ավելացվելու են վարկանիշային հաշվարկի նոր մեթոդներ։

Այլ սոցիալական սանցերում կայքի առաջխաղացում լինելու՞ է։

Միգուցե, ամեն դեպքում ոչ հիմա։

Ապագա պլանների մասին

Վերջում ի՞նչ է լինելու chessnews-ի հետ

Վերջնական տեսքով կայքը ցանկանում եմ վերածել հարթակի, որտեղ կհավաքվեն շախմատիստները, ցանկացողները կկարողանան կիսվել իրենց մտքերով, նյութերով, պարտիաներով և ցանկացած շախմատային բանով։

Հնարավո՞ր է մյուս շախմատային կայքերի պես [գաղտնիության սկզբունքից ելնելով, անուններ տալ չենք կարող] chessnews-ն էլ փակվի բավականաչափ եկամուտ չբերելու պատճառով։

Կայքը և ընդհանրապես այս նախագիծը չի ստեղծվել գումար վաստակելու նպատակով, ուստի նման բան չի դիտարկվում։

Chess Arbiter-ի հրապարակումից հետո կայքին ավելի քի՞չ ուշադրություն կդարձվի։

Առաջնահերթը Chess Arbiter-ն է, բայց chessnewsn-էլ առանց ուշադրության չի մնա, քանի որ համոզվեցի, որ կայքը օգտակար է։

Մյուս մարզերի համար կայքեր լինելու՞ են։

Կախված է մյուս մարզերից։

Մարզադպրոցների համար կայք ստեղծել կլինի՞։

Ծրագրային տեսանկյունից ոչ մի խնդիր չկա, էլի ամեն ինչ կախված է մարզադպրոցներից։

Այլ

Ինչպե՞ս ստեղծվեց Արարատի մարզի կայքը

Գաղափարով կիսվեցի մարզի պատասխանատու Միքայել Մարտիրոսյանի հետ, ամբողջ մարզից ստացա լիակատար աջակցություն և օգնելու պատրաստակամություն։

Ի՞նչ պայմաններով է ստեղծվել Արարատի մարզի շախմատի ֆեդերացիայի կայքը

Արտոնյալ 😉

Ինչի՞ հենց Արարատի մարզը։

Որովհետև ես Արարատի մարզից եմ։

Ինչի՞ չեք համագործակցում բուքմեյքերների հետ, Հայաստանում կայքերի համար ամենաեկամտաբեր գործն է։

Չեմ ցանկանում կայքում տեղադրել նմանատիպ գովազդ, քանի որ կայքից օգտվում են բազմաթիվ անչափահասներ։

Կայքում կա՞ վճարովի բաժին։

Ոչ, կայքից օգտվելը ամբողջությամբ անվճար է և անվճար էլ լինելու է։

Ինչի՞ ակադեմիային կամ ֆեդերացիային չեք հայտնել կայքի մասին։

Կայքը ստեղծելուց 2 ամիս անց գրեցի ակադեմիայի էլեկտրոնային հասցեին, սակայն պատասխան չստացա։