Ինչպես խաղալ վերջնախաղում

Այս թեման ավելի լայն պատկերացում կտա վերջնախաղային ռազմավարությունների մասին, որոնք կարելի է կիրառել տարբեր վերջնախաղերում:
Միգուցե դուք արդեն գիտեք դրանցից մի քանիսը, բայց այս ցանկը թույլ կտա ճիշտ դասավորել դրանք ձեր մտքում:

  • Ակտիվացրե՛ք և կենտրոնացրե՛ք ձեր արքային։ Դուք հավանաբար արդեն գիտեք, որ արքան վերջնախաղում շատ արժեքավոր խաղաքար է։ Ֆիգուրների սակավության պատճառով մատային սպառնալիքներ ստեղծելը գրեթե անհնար է, ինչի շնորհիվ արքան կարողանում է մտնել խաղի մեջ։ Շատ կարևոր է իմանալ, թե երբ է արքան դադարում լինել թուլություն և դառնում զենք: Շատ հաճախ ավելի առաջատար դիրքում գտնվող արքայով հնարավոր է հաղթել խաղը:
  • Զինվորներն առաջ մի՛ մղեք, քանի դեռ դրա անհրաժեշտությունը չկա։ Հավանաբար կմատածեք, որ այս մոտեցումը սխալ է: Չէ որ ենթադրվում է, որ պետք է հնարավորինս արագ առաջ տանել զինվորին և այն փոխակերպել թագուհու: Այնքան էլ պարտադիր չէ: Իհարկե, եթե տեսնեք, որ ձեր զինվորի առաջխաղացման համար ոչ մի վտանգ չկա, ապա այժմ հենց ճիշտ ժամանակն է: Սակայն, երբ տեսնում եք, որ վտանգներ կան, ավելի լավ կլինի զբաղվել արքայի դիրքի ուժեղացմամբ: Հիշե՛ք, որ զինվորները չեն կարող հետ գնալ։
  • Պահեստային տեմպ ունեցե՛ք (Զապաս քայլ)։ Սա մեկ այլ պատճառ է, թե ինչու պետք չէ շարժել ձեր զինվորները: Կա մի այսպիսի հասկացություն` հանդիպակցություն (օպպոզիցիա): Եվ եթե դուք զինվորներով ունեք հավելյալ քայլեր, կհաղթեք հանդիպակցությունը և խաղը:
  • Ստեղծե՛ք զինվորային մեծամասնություն։ Սա շատ կարևոր է: Օրինակ, եթե դուք ունեք 2 զինվոր թագուհու թևի մեկ զինվորի դեմ, կարող եք անցունակ զինվոր ստեղծել: Ենթադրենք` դուք ունեք 2 զինվոր ընդդեմ արքայական թևի 3 զինվորի: Թագուհու թևի այդ անցունակ զինվորով դուք կարող եք շեղել մրցակցին, և մինչ հակառակորդի արքան կփորձի կանգնեցնել զինվորին, դուք կարող եք վերցնել նրա արքայական թևի բոլոր զինվորները: Սա շատ կարևոր վերջնախաղային հասկացություն է, որը կօգնի ձեզ հաղթել շատ վերջնախաղեր:
  • Ավելի խորը հաշվարկ արե՛ք։ Իհարկե,  այս գործոնը պարտադիր է խաղի բոլոր փուլերում, սակայն վերջնախաղում այն հատկապես կարևոր է, քանի որ չկան շատ խաղաքարեր և տարբերակներ:

Արտյոմ Սուքիասյան