Աշխարհի երկրորդ չեմպիոն Էմանուիլ Լասկերը, ով չեմպիոնական կոչումը պահել է 27! տարի, պատմության մեջ մնացել է որպես անգերազանցելի ռեկորդակիր, ով ավելի քան 2 տասնամյակ կարողացավ լինել առաջինն աշխարհում, և միայն 1927 թվականին պարտվեց հանճարեղ Կապաբլանկային, երբ արդեն տարիքն առած էր և խնդիրներ ուներ նաև մոտիվացիայի հետ:
Անցած 27 տարիների ընթացքում նա վստահ հաղթանակներ էր տարել Ստեյնիցի, Մարշալի, Յանովսկու և Տարրաշի նկատմամբ, և միայն մեկ մրցախաղ՝ Կարլ Շլեխտերի դեմ, նա ավարտել էր հավասար՝ 5-5 հաշվով և մոտ էր տիտղոսը կորցնելու վտանգին:
Հենց այս մրցախաղն է, որ որոշակի բացեր է թողել պատմության համար, և ըստ ամենայնի, ընթացել է անարդար պայմաններում:
Բանն այն է, որ նախապես պայմանավորվածություն է եղել մրցախաղն անցկացնել 30 պարտիայից և տարբեր քաղաքներում՝ Վիեննայում, Ստոկհոլմում, Բեռլինում, Լոնդոնում և Նյու Յորքում, և որ ամենատարօրինակն է՝ Շլեխտերը պետք է հաղթանակ տաներ ամենաքիչը 2 միավորի առավելությամբ: Եթե Լասկերը պարտվեր 1 միավորի տարբերությամբ՝ ապա շարունակելու էր մնալ աշխարհի չեմպիոն:
Ֆինանսական դժվարությունների պատճառով նախատեսված երկար մրցախաղն անցկացնել չհաջողվեց, այլ միայն 1910 թվականին Բեռլինում և Վիեննայում անցկացվեց կարճ՝ 10 պարտիայից բաղկացած մրցախաղ, որտեղ ըստ շատ ուսումնասիրողների, 2 միավորի առավելության մասին կանոնը հանված չէր: Ամենատարօրինակն այն էր, որ այս մրցախաղի կանոնակարգը ամբողջովին հրապարակված չէր, և հետևություններ անել մնում է, թերևս, միայն մրցախաղի ընթացքից:
Հաղթանակ տանելով 5-րդ պարտիայում, Շլեխտերը վերջին՝ 10-րդ խաղից առաջ 1 միավորի առավելություն ուներ՝ և ոչ- ոքիի դեպքում, ըստ տրամաբանության պետք է նվաճեր աշխարհի չեմպիոնի կոչումը: Սակայն խաղից առաջ նա հայտարարեց, որ պատրաստվում է հաղթանակի, խաղի ընթացքում նույնիսկ հասավ շահած դիրքի՝ հրաժարվելով ոչ-ոքիի տանող ճանապարհներից, և ի վերջո պարտվեց ծայրահեղ լարված պայքարում…
Մրցախաղն ավարտվեց հավասար հաշվով, և փակման հանդիսավոր արարողության ժամանակ մրցավար Էրհարդ Պոստը Լասկերին հռչակեց աշխարհի չեմպիոն:
Բոլոր ժամանակների ամենահանճարեղ չեմպիոններից մեկի հետ հավասար, նույնիսկ առավելությամբ պայքարած շախմատիստի մասին շուտով շատերը մոռացան, ով միգուցե միայն անարդար կանոնի պատճառով չմտավ պատմության մեջ որպես աշխարհի չեմպիոն…
Ներկայացնում ենք նաև ճակատագրական վերջին 10-րդ պարտիան, որը Շլեխտերին զրկեց բաղձալի երազանքից: