Ժամանակը օգտագործողների տեսակներ

Ժամացույցը գործնական շախմատի կարևոր մասն է կազմում: Դուք կարող եք շատ լավ շախմատիստ լինել, սակայն եթե չեք կարողանում ճիշտ օգտագործել ձեզ տրված ժամանակը, պարտություններն անխուսափելի կլինեն: Ժամանակի ճիշտ կիրառման տեխնիկա է անհրաժեշտ: Իսկ ի՞նչ է դա: Պատկերացնենք, թե դուք ունեք 75 րոպե 5 վայրկյան ավելացումներով 40 քայլի համար և 30 րոպե վերջնախաղի համար (սա տիպիկ ժամանակային կառավարում է շատ առաջնություններում): Այսպիսի ժամանակային կառավարմամբ, շախմատիստը պետք է ծախսի միայն 2 րոպե առաջին 40 քայլերի վրա:
Սկզբնախաղային քայլերի վրա կարիք չկա շատ ժամանակ վատնել, քան օրինակ միջնախաղային բարդ դիրքերում: Պատկերացրեք, որ առաջին քայլերն ընթացել են սովորական սկզբնախղային ընթացքով, որի վրա ծախսել եք միայն 1 րոպե: Նշանակում է, որ այժմ ունեք 74 րոպե մնացած 30 քայլերի համար` տալով յուրաքանչյուրին 2 րոպե և 30 վայրկյան: Խնայե՛ք ձեր ժամանակը սկզբնախաղերում` միջնախաղային հաշվարկների համար հավելյալ ժամանակ ունենալու համար:

Հիմնականում կան 3 տիպի շախմատիստ`

1-ին տիպ:  Այս տիպին են պատկանում այն շախմատիստներն, ովքեր յուրաքանչյուր քայլի վրա ծախսում են 10-15 վայրկյան: Նրանք շատ խորը չեն վերլուծում քայլերը և հիմնականում վստահում են իրենց ներքին զգացողությանը: Իսկ ի՞նչն է սխալ նմանատիպ մոտեցման դեպքում: Սրանք այն շախմատիստներն են, ովքեր կարողանում են ժամանակ խնայել, սակայն փոխարենը պարտվել խաղը: Ինչպե՞ս խաղալ այս շախմատիստների հետ: Ամենասխալ քայլը կլինի ձեր հակառակորդի օրինակին հետևելը` 10-վայրկյանանոց քայլեր անելով: Ավելի հավանական է, որ դուք ավելի շուտ սխալներ կանեք, քան նա: Փորձեք կենտրոնանալ ձեր խաղի վրա` բավարար ժամանակ ծախսելով քայլերի վրա: Պարզապես համոզված եղեք, որ հաղթանակը ձերը կլինի, եթե հանդարտություն պահպանեք և ճիշտ կառավարեք ձեր ժամանակը:

2-րդ տիպ:  Սրանք այն շախմատիստներն են, ովքեր ամբողջությամբ հակասում են առաջին տիպի շախմատիստներին: Նրանք բավականին երկար ժամանակ են ծախսում նույնիսկ այն դեպքերում, երբ իրականում այնքան էլ շատ տարբերակներ չկան:  Այս շախմատիստնեը կարող են 10 րոպե, նույնիսկ ավել ժամանակ հատկացնել` պարզելու համար, օրինակ, թե որ նավակը դնել բաց ուղղաձիգում, երբ իրականում դա այնքան էլ կարևոր չէ: Նրանք պատրաստ են զոհաբերել ողջ ժամանակը` յուրաքանչյուր քայլի վրա 10 րոպե վատնելով, միայն թե գտնեն ճիշտ հակահարված: Իսկ ի՞նչն է սխալ նմանատիպ մոտեցման դեպքում: Նրանք խնդիրների չեն հանդիպում, քանի դեռ ժամանակ ունեն, և հետո կանգնում են այսպիսի իրավիճակի առջև` 2 րոպե 20 քայլի համար` զարմանալով, թե ինչու կորցրեցին նավակին` 10 րոպե մտածելով, թե որտեղ այն դնել: Ինչպե՞ս խաղալ այս շախմատիստների հետ: Նորից ու նորից կարելի է ասել, որ ճիշտ եղանակը ժամանակը ճիշտ օգտագործելն է` ոչ շատ դանդաղ, ոչ շատ արագ: Նույնիսկ, երբ ձեր հակառակորդն ունի 2 րոպե 20 քայլի համար, դուք պետք է շարունակեք խաղալ նորմալ ընթացքով: Հակառակ դեպքում դուք կհայտնվեք վտանգավոր խաղում, և սխալներ անելու հավանականությունները կմեծանան: Նայե՛ք ստորև ներկայացված խաղը:

3-րդ տիպ: Այս տիպին են պատկանում այն շախմատիստները, որոնց համար խոչընդոտներ ստեղծելն այնքան էլ հեշտ չէ: Նրանք առանց ջանք գործադրելու կարողանում են ճիշտ կառավարել իրենց ժամանակը: Բայց սա, իհարկե, չի նշանակում, թե նրանք երբեք խնդիրների չեն հանդիպում, պարզապես հազվադեպ է պատահում նման դեպքերը:
Մի՛ հուսահատվեք, եթե ձեզ առավել նման են առաջին 2 տեսակները: Գոհ եղեք, որ հասկացել եք դա, քանի որ խնդիրն արդեն իսկ կիսով չափ լուծված է: Եթե կարողանաք ճիշտ կառավարել ժամանակը, դուք շատ ավելի ուժեղ շախմատիստ կդառնաք, քան հիմա եք: Շատ լավ: Իսկ հիմա փորձենք հասկանալ, թե ինչպես կարելի է շտկել վերը նշված երկու սխալ մոտեցումները:

Խորհուրդ 1-ին տիպի համար

Սա շատ հեշտ է, քանի որ պետք է պարզապես հրաժարվել արագ քայլեր անելուց: Ամենահեշտ լուծումը կլինի գոնե 1 րոպե ծախսել քայլերի վրա` անկախ քայլը հեշտ, թե բարդ է թվում: Ավելի շատ ժամանակ հատկացրեք դիրքերը վերլուծելու վրա և հավատացեք, որ այսպիսով կբարելավեք ձեր խաղը: Որպեսզի հստակ հասկանաք, թե ինչքան ժամանակ եք հատկացրել յուրաքանչյուր քայլի վրա, դուք կարող եք գրի առնել մնացած ժամանակը` յուրաքանչյուր քայլն անելուց հետո: Փորձեք պայքարել այս սխալ մոտեցման դեմ: Ավելի շատ ժամանակ անցկացրեք վերլուծելու, հաշվարկելու և մտածելու վրա: Այսպիսով, դուք ավելի լավ արդյունք կցուցաբերեք և ավելի շատ հաղթանակներ կունենաք:

Խորհուրդ 2-րդ տիպի համար

Եթե ունեք ոչ բավարար ժամանակի խնդիր, անհրաժեշտ է խաղից առաջ աշխատել ձեր վրա` պլանավորելով, թե ինչքան ժամանակ է անհրաժեշտ ծախսել յուրաքանչյուր քայլի համար: Ժամանակի տաբելի վրա բաժանում արեք: Օրինակ, կարող եք բաժանել խաղը 4 մասերի (առաջին 10 քայլերը` 5 րոպե, հաջորդ 10 քայլերը` 20 րոպե և այդպես շարունակ): Իհարկե, խաղի ժամանակ ի վիճակի չեք լինի հետևել նախորոք ծրագրված ժամանակի ձեր պլանին, սակայն մոտավորապես գաղափար կկազմեք, թե ինչքան ժամանակ դեռ ունեք, և հավատացեք, որ այս օրինակով շատ խաղեր կփրկեք: Որոշ ժամանակ անց, դուք կսկսեք ավելի լավ զգալ ժամանակը և այլևս կարիք չի լինի նման պլաններ կազմել: 

Ամենակարևորը, սովորեք ժամանակը գրագետ օգտագործել։

Արտյոմ Սուքիասյան