Ինչպես գրագետ օգտագործել ժամանակը

Նկատած կլինեք, թե ինչպես է որևէ շախմատիստ անընդհատ հայտնվում ցայտնոտում՝ անկախ իր մրցակցի ուժից։ Դա ունի շատ պատճառներ, որոնցից հիմնականները կդիտարկենք այս հոդվածում։

Ժամանակը խնայելու և ճիշտ օգտագործելու համար կա մի քանի կանոն, որոնց հետևելով կխուսափեք ավելորդ ցայտնոտից։

  • Նախ, անհրաժեշտ է ճիշտ կառուցել հաշվարկը, քանի որ շատ ժամանակ կորցնում ենք հենց հաշվարկի սխալ տեխնիկայի պատճառով։ Ճիշտ տեխնիկայի զուգահեռ, կարևոր է նաև ճիշտ կառուցել հաշվարկի ծառը։
  • Այնուհետև հետևեք մի շատ պարզ կանոնի․ եթե ունեք միայն մեկ քայլ, կատարեք այդ քայլը և նոր միայն սկսեք մտածել։ Դիտարկենք հետևյալ օրինակը․ ձեզ շախ են հայտարարել, որից ունեք միայն մեկ պաշտպանություն։ Դուք այժմ նստած մտածում եք, թե ինչ կհետևի այդ քայլին, մինչդեռ ձեր մրցակիցը, իմանալով, որ դուք կատարելու եք այդ միակ քայլը, նույնպես նստած տարբերակներ է հաշվում, և ուշադրություն դարձրեք՝ նա դա անում է ձեր ժամի հաշվին։ Դուք կկատարեք քայլը, իսկ նա արդեն տարբերակները հաշվարկած կունենա և միանգամից կպատասխանի։ Այսպիսով քայլը կրկին կլինի ձերը, և դուք կրկին կծախսեք ձեր ժամանակը։ Բացի դրանից, դուք անընդհատ հոգեբանական ճնշման տակ կգտնվեք, քանի որ անընդհատ ձեր քայլն է լինելու։ Իսկ եթե դուք կատարեիք այդ միակ քայլը և նոր սկսեիք մտածել, ապա ձեր մրցակիցը իր տարբերակները հաշվելու համար կծախսեր իր ժամանակը, այլ ոչ թե ձերը։
  • Եվ երրորդ կողմը զուտ հոգեբանական անվստահությունն է։ Խաղացողը ուղղակի ինքն իրեն բավականաչափ չի վստահում և ամեն անգամ երկրորդ կամ նույնիսկ երրորդ անգամ ստուգում է տարբերակները այն դեպքերում, երբ դրա կարիքը չկա։

Սրանք այն հասարակ միջոցներն են, որոնք չեն պահանջում որևէ գիտելիք: Օրինակ կարող եք շատ ժամանակ կորցնել սկզբնախաղային գիտելիքի պակասի պատճառով, սակայն եթե գործեք ըստ վերը նշված խորհուրդների, կկարողանաք նվազեցնել ժամանակի կորուստը և փոքրացնել ցայտնոտում հայտնվելու հավանականությունը։

Օգտակար կլինի ծանոթանալ շախմատիստների ժամանակը օգտագործողների տեսակներին

Արտյոմ Սուքիասյան