Մոտ 6-րդ դարում Հնդկաստանի հյուսիս-աևմուտքում ստեղծվել է շախմատին նման առաջին խաղը՝ չատուրանգան: Այն ունեցել է շախմատի տեսք, բայց սկզբունքորեն տարբերվել է ներկայիս շախմատից: Այնուամենայնիվ ընդունված է շախմատի հայրենիք համարել Հնդկաստանը: Ինչ վերաբերում է շախմատի նման ռազմավարական դանդաղ խաղին, ապա այն ձևափոխվելով բավական երկար ճանապարհ է անցել Միջին Ասիայով, Պարսկաստանով, արաբական երկրներով և հասել Պիրենեյան թերակղզի: Հատկանշական է,որ շախմատի հնդկական ծագման մասին եվրոպացիներն իմացել են միայն 17-րդ դարում: Վստահորեն կարելի է պնդել միայն մի բան՝ ժամանակակից շախմատը ձևավորվել է 15-րդ դարում Միջերկրական ծովի ավազանում, և այն ինտելեկտուալ խաղ է, որն արտացոլում է հոգեբանական պատերազմ:
Առավել քան ակնհայտ է, որ երբ շախմատը ներխուժեց Եվրոպա, այն ոչ միայն սկսեց արտացոլվել գրականության և գեղանկարչության մեջ, այլ իրենով սկսեց արտացոլել հասարակական կյանքը: Դրա պատճառն այն էր,որ այդ ժամանակ խաղերը կենցաղ չէին մտել և համարվում էին աշխարհայեցության ձև: Միջնադարում շախմատում ասես խաղարկվում էր կյանքի մանրակերտային տարբերակը,որտեղ գործում էին պայմանական կանոններ: Խաղի մեջ փնտրում էին կյանքի խտացված բանաձևը. Երջանկություն- դժբախտություն, թռիչք-անկում, ձեռքբերում-կորուստ: Իսկ այդ ամենը ցայտուն կերպով արտացոլված է շախմատում: Պատահական չէ, որ միջնադարյան ձեռագրերում և մանրանկարչությունում հաճախ շախմատը ներկայացնում էին որպես արատավոր երևույթների դեմ պայքարի միջոց և հաճախ պատկերում էին իրավիճակ, որտեղ մարդը շախմատ էր խաղում սատանայի կամ մահվան հետ:
Ներկայում ևս, նույնիսկ ամենամոլի հակառակորդները չեն կարող ժխտել, որ չնայած անցել է ավելի քան 20 տարի, երբ Deep Blue համակարգիչը հաղթեց Գարրի Կասպարովին և հաստատեց մեքենայի առավելությունը մարդու նկատմամբ, շախմատի տարածումը չի վնասվել, շախմատային մրցաշարերը, միևնույն է, չեն կորցրել իրենց հանդիսատեսին, ընդհակառակը, ավելի է մեծացել հետաքրքրությունը շախմատի հանդեպ, և ավելի ու ավելի հաճախ են անցկացվում տարբեր մակարդակի մրցաշարեր: Ինչ վերաբերում է շախմատի դերին հանրակրթական դպրոցներում և երեխայի կյանքում առհասարակ, ապա իրականացված փորձերն ու հետազոտությունները փարատում են նույնիսկ ամենահոռետես մարդկանց կասկածները:
Հնդկաստանում շախմատի ստեղծման պատմությունը կարող եք ընթերցել հղումով։