Ինչպես սնվել մրցաշարի ընթացքում

Շախմատը շատ բարդ սպորտաձև է, որը պահանջում է լավ մտավոր և ֆիզիկական պատրաստվածություն` դժվարին պայքարում լավ արդյունք ունենալու համար: Շատ գործոններ կան, որոնցից կախված են շախմատիստի կատարողականությունը, բայց ամենակարևորներից է սննդի ընդունումը խաղից առաջ կամ ընթացքում, ինչը կարող է նշանակալի ազդեցություն գործել շախմատիստի կատարողականության վրա: Մասնավորապես, սննդի ընդունումը մեծապես ազդում է շախմատիստի հոգեբանական վիճակի վրա, նրա զգոնության, հիշողության և ընդհանուր ուղեղի աշխատանքի վրա: Հետևաբար, շախմատիստները պետք է հատուկ դիետայի հետևեն:

Սննդի ընդունումը շախմատային պարտիայից առաջ շատ կարևոր գործոն է: Խաղից մոտ երկու ժամ առաջ ընդունված սնունդը կարող է ազդել շախմատիստի ինքնազգացողության և կատարողականության վրա խաղի ընթացքում: Չափից շատ, կամ քիչ, կամ սխալ սննդի ընդունումը կարող է որոշիչ լինել մրցաշարում: Գրեթե բոլոր մասնագետները համաձայնում են, որ այն սնունդը, որը հարուստ է ձկան յուղով, հատկապես արդյունավետ է շախմատիստի ուղեղի համար: Սկոլնիկը` սպորտային սննդի մասնագետը, փաստում է, որ «միտում կա ինչպես մարզիկների, այնպես էլ ոչ մարզիկների շրջանում ձկան յուղով հարուստ սնունդ ընդունել» (Կլեյն, Գրոսմայստերի Դիետա, 21):

Միտում կա հավատալու, որ ճապոնացիների ինտելեկտի մակարդակն ավելի բարձր է, քանի որ նրանք կանոնավոր ծովամթերք են ընդունում (Կլեյն, Գրոսմայստերի Դիետա, 21): Քելլի Ա. Համմերը` առողջ սննդի փորձագետը, խորհուրդ է տալիս շախմատային մրցակցությունից առաջ սպիտակուցներով և ածխաջրերով հարուստ սնունդ ընդունել: «Ածխաջրերը կօգնեն կենտրոնացնել ուշադրությունը, մինչ սպիտակուցը կսնուցի ուղեղը»,- ասում է Համմերը (Կլեյն, Գրոսմայստերի Դիետա, 21): Բավարար ածխաջրերի համար խորհուրդ են տալիս շատ ուտել միրգ և բանջարեղեն, կարտոֆիլ և բրինձ: Մասնագետները խորհուրդ են տալիս շախմատիստներին իրենց շախմատային դիետայի մեջ ներառել ձու, հավի միս, ընկույզ, կաթ և սոյա, որոնք հարուստ են սպիտակուցներով: Իսկ ահա այս սննդատեսակներն ընդհանրապես խորհուրդ չի տրվում ոչ մի լուրջ մտավոր կամ ֆիզիկական առաջադրանքից առաջ` խոզի կամ տավարի միս, համբուրգերներ և տապակած կարտոֆիլ: Այս սննդատեսակների մարսումը բավականին շատ էներգիա է պահանջում, ինչը գրեթե անհնար է դարձնում կենտրոնանալու գործընթացը երկար ժամանակահատվածում, ինչն անհրաժեշտ է շախմատում: Այս տեսակի սնունդ ընդունելուց հետո շախմատիստն ավելի շատ կցանկանա քնել, քան լուրջ շախմատային խաղ խաղալ: Ընդհանուր առմամբ, սննդի չափից շատ ընդունումը այնքան էլ լավ միտք չէ, քանի որ այդ դեպքում ձեր ստամոքսն ավելի շատ կաշխատի, քան ուղեղը:

Ոչ բավարար սնվելը նույնպես լավ բանի չի հանգեցնում: Գրոսմայստեր Եվգենի Բարեևը խորհուրդ էր տալիս խաղից առաջ քաղցած մնալ` «ձեր գլուխը պարզ է, կարողանում եք տարբերակներ հաշվարկել և ագրեսիվ եք»: Շատերն են փորձել այս մեթոդը, սակայն այն այնքան էլ լավ գաղափար չէ: Գրոսմայստեր Գրեգորի Սերպերը մեկնաբանում է, որ գրեթե անհնար է կենտրոնանալ խաղի վրա, երբ դուք քաղցած եք`«միակ բանը, որի մասին ընդունակ եք մտածելու այդ դեպքում, կերակուրն է» (Կլեյն, Գրոսմայստերի Դիետա, 21): Լավ շախմատ խաղալու համար պետք է իմանալ` ինչ ուտել և ինչքան ուտել: Սակայն, այս չափաբաժինը անհատական է, և յուրաքանչյուր շախմատիստ պետք է կամ ինքը հասնի այդ գիտակցմանը, կամ դիմի մասնագետի:

Սննդի ընդունումը շատ նշանակալի դեր է խաղում մրցակցության ժամանակ: Խաղի ժամանակ ուտելու կամ խմելու հնարավորությունը իրենից մեծ առավելություն է ներկայացնում: Օրինակ, հակառակորդի համար կարող է իրոք նյարդայնացնող լինել ջրի շշի պարբերաբար բացելը, կամ փակելը, կամ բանանը կեղևից մաքրելը: Եթե նկատել եք, շախմատի մրցաշարերի ժամանակ գրեթե բոլոր սեղանների վրա ջուր կա: Ջուրը շախմատիստի սննդային ռացիոնի կարևորագույն բաղկացուցիչ մասն է: Համաձայն Քելլի Համմերի` «խաղի ժամանակ ոչ բավարար քանակի հեղուկ (ջուր) չընդունելու դեպքում բարձրանում է հոգնածության, գլխացավի, արյան ցածր ճնշման հավանականությունը, ինչն էլ բացասական կերպով է անդրադառնում արդյունքի վրա» (Կլեյն, Գրոսմայստերի Դիետա, 21): Սպորտային ըմպելիքների թեման բազմաթիվ բանավեճերի աղբյուր է դարձել: Համմերը պնդում է, որ շախմատում սպորտային ըմպելիքները պետք է սահմանափակվեն միայն ջրով: Սակայն, կարելի է այլ ըմպելիքներ նույնպես խմել, օրինակ` կոֆեին չպարունակող սառը թեյ, ինչը ածխաջրեր է պարունակում և հաճելի համ է պահում բերանի խոռոչում: Մեկ այլ քննարկման թեմա է կոֆեինը: Ըստ Սկոլնիկի` «կոֆեինը ինդիվիդուալ երևույթ է. մի շախմատիստի այն կարող է զգոն պահել, մյուսին չթողնել կենտրոնանալ: Լուրջ խաղերի ժամանակ չարժե հույսը կոֆեինի վրա դնել: Երբեմն այն կարող է զգոն պահել ձեզ, իսկ երբեմն էլ` քնկոտ դարձնել: Այս է պատճառը, որ խորհուրդ է տրվում կոֆեին չպարունակող ըմպելիք խմել:

Էմի Թեյլոր-Բրիլլը` առողջ սննդի մասնագետը, հավատում է այն ուսումնասիրությանը, ըստ որի` ուղեղի գործունեությունը կապված է սպիտակուցների ընդունման հետ (Կլեյն, Գրոսմայստերի Դիետա, 21): Ինչ վերաբերում է սննդին խաղի ընթացքում, կան բազմաթիվ տարբերակներ` ընկույզ, պանրի ձողիկներ, սենդվիչներ, որոնք բոլորն էլ սպիտակուց են պարունակում: Իր` <<Ինչպես գոլֆ>> խաղալ գրքում, Թայգեր Վուդսը գրում է, որ վիտամիններ B1, B6 և B12 շատ կարևոր են ճշգրիտ սպորտաձևերի համար (Կլեյն, Գրոսմայստերի Դիետա, 21): Քանի որ և՛ գոլֆը, և՛ շախմատը բարձր մակարդակի կենտրոնացում են պահանջում, վիտամինները կարևոր դեր են խաղում ուղեղի գործունեության համար: Կարելի է մի մեծ խնձոր կամ բանան վերցնել ձեզ հետ մրցաշարի գնալիս:
Այսպիսով, կարելի է ասել, որ սննդի ընդունումը խաղից առաջ և ընթացքում կարող է մեծ ազդեցություն գործել շախմատիստի կատարողականության վրա: Չափից շատ, կամ քիչ, կամ սխալ սննդի ընդունումը կարող է որոշիչ լինել մրցաշարում ձեր դիրքի համար: Փորձագետները խորհուրդ են տալիս թե՛ խաղից առաջ, և թե՛ խաղի ընթացքում ձկան յուղ պարունակող մթերք ընդունել, ինչը կբարելավի ուղեղի աշխատանքը: Սպիատկուցներն ու ածխաջրերը նույնպես խորհուրդ է տրվում ներառել շախմատային դիետայի մեջ:

Արտյոմ Սուքիասյան