Քենիայի բաց առաջնության կանանց խմբում կասկածելի հանդերձանքով մասնակիցներից մեկը եղել է տղամարդ։ Շախմատիստը, ում անունը մնում է անհայտ, խոստովանել է, որ նման քայլի դիմել է, որպեսզի փորձի հաղթել կանանց մրցաշարի հիմնական մրցանակը։
Խաբեբան գրանցվել է Միլիսենտ Աուվոր (Millicent Awuor) անվան տակ և կասկածի տակ է ընկել Քենիայի կանանց նախկին չեմպիոնուհի Գլորիա Ջումբային հաղթելուց հետո։ Հաջորդ տուրում նա նաև կարողացել է հաղթել Ուգանդայի ուժեղագույն շախմատիստուհի Ամպաիրա Շակիրային։
Մասնակցի պրոֆիլը chess-results կայքում։
Խաբեբան ամեն օր գալիս էր ամբողջությամբ ծածկված նիկաբով (մուսուլման կանանց գլխաշոր, որը ծածկում է դեմքը՝ աչքերի հատվածում նեղ բացվածքով), աչքերին էլ ակնոց էր կրում։ Մրցաշարի ընթացքում նա ոչ-ոքի հետ չէր շփվում։ Ըստ կազմակերպչի և Քենիայի Շախմատի ֆեդերացիայի նախագահ Բենարդ Վանյալայի խոսքերի, գրանցման ժամանակ շախմատիստը ոչ մի բառ չի ասել և միայն իր անունը գրել է թղթի վրա։
chess.com կայքի հետ զրույցում մրցաշարի գլխավոր մրցավար Էնտոնի Կիոնգան ասել է, որ սկզում չէր ուզում խառնվել, կարծելով, որ խաղում է մուսուլման կին, սակայն մրցաշարի ընթացքում մրցավարն ու մասնակիցները նկատեցին, որ նրա քայլվածքը տարբերվում է, իսկ նիկաբի տակից երևում են տղամարդկանց կոշիկներ։
Չորրորդ տուրից հետո գլխավոր մրցավարը խնդրեց մանսկանցին ցույց տալ փաստաթղթերը։ Այդ պահին շախմատիստը, որ հանդիսանում է ուսանող, խոստովանեց խաբերությունը։ Կից նամակում նա գրել է, որ այս քայլին գնալ ստիպել է կարիքի մեջ ապրելը, նա ցավում է կատարած արարքի համար և պատրաստ է ընդունել ցանկացած պատիժ։
Հովանավորների շնորհիվ այս տարի Քենիայի բաց առաջնության ընդհանուր մրցանակային ֆոնդը կազմում է 42,000$։ Կանանց խմբում կա 10 մրցանակային տեղ, առաջին մրցանակը կազմում է 500.000 քենիական շիլլլինգ կամ 3.815$, տղամարդկանց խմբում մրցանակները կրկնակի ավելի են, սակայն այնտեղ խաղում է 7 գրոսսմայստեր։ Խաբեբայի վարկանիշը կազմում է մոտ 1500 կետ։
Նա հեռացվել է մրցաշարից, և նրա բոլոր պարտիաները ճանաչվել են պարտված, միավորները վերադարձվել են մրցակիցներին։