Շառլ Ազնավուրը և շախմատը

Ինչպես պատմության տարբեր բնագավառների բազում հսկաներ, այնպես էլ Ազնավուրը, պարզվում է, սիրել ու խաղացել է շախմատ դեռ երիտասարդ տարիքում։

Ոչ վաղ անցյալում տված իր հարցազրույցներից մեկում նա նշել է, որ երիտասարդ տարիքում խենթի պես սիրել է խաղալ և նույնիսկ պատմել է, թե ինչպես են ինքն ու Ֆրանսիայի ազգային հերոս Միսաք Մանուշյանը երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին բազում օրեր անցկացրել շախմատի խաղատախտակի առջև, երբ ֆաշիստները գրավել էին Փարիզը, ու իրենք փակված էին տանը։

Ազնավուրի վկայությամբ՝ հիվանդանոցում գտնվելու ժամանակ բժիշկներից մեկը իրեն խորհուրդ է տվել երգարվեստից բացի գտնել ևս մեկ զբաղմունք, և նա ընտրել է շախմատը․․․

Հետագայում իր իսկ պատմելով նա բազմիցս շախմատ է խաղացել իր երաժիշտների հետ և ուշիուշով հետևել է հայ շախմատիստների փայլուն հաջողություններին, սկսած հանճարեղ Պետրոսյանի փառահեղ հաղթանակներից։

Վերջին անգամ Ազնավուրը մեծ շախմատին առնչվել է, թերևս, 2014 թվականին Ցյուրիխում կայացած գերմրցաշարի ընթացքում, որտեղ նույնիսկ առաջին խորհրդանշական քայլը կատարեց Արոնյան — Նակամուրա պարտիայում։

Արոնյան — Նակամուրա, Ցյուրիխ, 2014 թվական։

Խաչիկյան Հայկ