20.06.2022

Հավակնորդների մրցաշար․ Կարունանան ու Նեպոմնյաշին գլխավորում են աղյուսակը

Հունիսի 16-ին մեկնարկեց Հավակնորդների մրցաշարը, որի մասնակիցներն են՝

  • Ֆաբիանո Կարուանա
  • Յան Նեպոմնյաշի
  • Դին Լիրեն
  • Ալիրեզա Ֆիրուզա
  • Յան-Կշիշտոֆ Դուդա
  • Ռիխարդ Ռապպորտ
  • Հիկարու Նակամուրա
  • Թեյմուր Ռաջաբով

Երրորդ տուրից հետո մրցաշարային աղյուսակը 2 միավորով գլխավորում են Ֆաբիանո Կարուանան և Յան Նեպոմնյաշին՝ նախորդ երկու հավակնորդների հաղթողները։

Առաջին տուրից սկսած բոլոր պարտիաներում լարված պայքար է արդյունավետ խաղերով։

Տուր 1

Յան-Կշիշտոֆ Դուդա 1/2 — 1/2 Ռիխարդ Ռապպորտ

Դուդան ամբողջ պարտիան անցկացրեց առավելությամբ, կարողացավ օգտագործել երկու փիղը և ստանալ զինվորի առավելություն, սակայն Ռապպորտը գրեթե հրաշքով կարողացավ փրկվել։

Ֆաբիանո Կարուանա 1 — 0 Հիկարու Նակամուրա

Ըստ մրցաշարի կանոնների, միևնույն երկիրը ներկայացնող շախմատիստները պետք է միմյանց դեմ խաղան առաջին տուրում։

Ֆաբիանո Կարուանան ապացուցեց իր ֆավորիտի կարգավիճակը և կարողացավ դիրքային պայքարում հետզհետե մեծացնել առավելությունը և հաղթել։

Դին Լիրեն 0 — 1 Յան Նեպոմնյաշի

Մրցաշարի կարևոր պարտիաներից մեկն է՝ ամենաբարձր վարկանիշ ունեցող մասնակիցը խաղում էր նախորդ Հավակնորդների մրցաշարի հաղթողի դեմ։

Եվ որքան էլ զարմանալի կարող է լինել, այս խաղն ավարտվեց ամենաառաջինը՝ սևերի հաղթանակով։

Այսպիսի մրցաշարում սևերի հաղթանակը հազվադեպ է հանդիպում, էլ ավելի հազվադեպ է հանդիպում Դին Լիրենի պարտությունը սպիտակներով՝ 2 պարտություն վերջին 50 խաղում։

12-րդ քայլին Նեպոմնյաշին շեղվեց հայտնի տեսությունից և 13-րդ քայլին սկսեց ;ուրջ սպառնալիքներ ստեղծել։

Դինը թերագնահատեց 25. … g5 քայլը և ստացավ պարտված դիրք։

Թեյմուր Ռաջաբով 1/2 — 1/2 Ալիրեզա Ֆիրուզա

Ռաջաբովը սկզբնախաղում զինվոր զոհաբերեց և փորձեց մատային գրոհ ստանալ։ Ամբողջ պարտիան իրանցի շախմատիստը անցկացրեց պաշտպանության մեջ և խաղը տեղափոխեց առանց զինվորի նավակին վերջնախաղ, իսկ նավակային վերջնախաղում, ինչպես գիտեք, հաղթելը անչափ դժվար է։ Տեսական ոչ-ոքի դիրքում Ֆիրուզան դեռ երկար ապացուցում էր իր վերջնախաղային գիտելիքները։

Տուր 2

Ռիխարդ Ռապպորտ 1/2 — 1/2 Ալիրեզա Ֆիրուզա

Եվ կրկին Ալիրեզա Ֆիրուզան հայտնվեց ծանր դիրքում, և կրկին ամբողջ պարտիան անցկացրեց պաշտպանությունում և ստիպված եղավ փրկել խաղը նավակային վերջնախաղում։

Հիկարու Նակամուրա 1 — 0 Թեյմուր Ռաջաբով

Նակամուրան նախորդ պարտիայում պարտվելուց հետո ևս մի քանի ժամ անցկացրեց ինտերնետում, ստրիմի ընթացքում վերլուծեց կայացած պարտիան, իսկ հետո սկսեց խաղալ։ Ֆանտաստիկ դիմացկունություն։

Հաջորդ օրն էլ նա կարողացավ հաղթել Թեյմուր Ռաջաբովին շատ բարդ, գրեթե էտյուդային վերջնախաղում։

Յան Նեպոմնյաշի 1/2 — 1/2 Ֆաբիանո Կարուանա

Մրցաշարի գլխավոր ֆավորտիները ոչ ամենասուր սկզբնախաղից կարողացան ստանալ բավականին սուր դիրք, որտեղ կողմերից ոչ մեկը չգնաց ռիսկի։

30-րդ քայլին Կարուանան որակի զոհաբերություն կարող էր կատարել, սակայն որոշեց ավելորդ ռիսկի չգնալ՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ խաղում է սևերով և հաջորդ շրջանում Նեպոմնյաշու դեմ կխաղա սպիտակներով։

Յան-Կշիշտոֆ Դուդա 1/2 — 1/2 Դին Լիրեն

Երկար դիրքային պայքարում Դուդան չկարողացավ կոտրել Դին Լիրենի դիմադրությունըԼ

Տուր 3

Դին Լիրեն 1/2 — 1/2 Ռիխարդ Ռապպորտ

Ռիխարդ Ռապպորտը կատարեց առաջին հայացքից ակնհայտ քայլ, որը լուրջ սխալ էր, ինչի պատճառով հունգարացի շախմատիստը ստիպված եղավ ծանր պաշտպանություն տանել։

Ֆաբիանո Կարուանա 1/2 — 1/2 Յան-Կշիշտոֆ Դուդա

Ֆաբիանո Կարուանան Սիցիլիական պաշտպանությունում ընտրեց ոչ ամենասուր տարբերակը և գերադասեց ստանալ փոքրիկ կայուն առավելություն։ Դուդան կարողացավ հավասարեցնել դիրքը և ձին փղի դեմ վերջնախաղում նույնիսկ հաղթանակի հավակնել, սակայն Կարուանան գործեց անսխալ և խաղն ավարտեց ոչ-ոքի։

Թեյմուր Ռաջաբով 1/2 — 1/2 Յան Նեպոմնյաշի

Ռաջաբովը գերադասեց չպայքարել և խաղն արագորեն ավարտել ոչ-ոքի, Նեպոմնյաշին դեմ չէր։

Ալիրեզա Ֆիրուզա 1/2 — 1/2 Հիկարու Նակամուրա

Ֆիրուզան միջնախաղում կատարեց ֆիգուրի զոհաբերություն և ստացավ շատ սուր դիրք։ Փոխանակումներից հետո Նակամուրա վերադաձրեց ֆիգուրն ու անցավ ծանր վերջնախաղի, որտեղ պաշտպանվեց ուժեղագույն շախմատային ծրագրերի նման։

Արտյոմ Սուքիասյան