Ծանոթացում Հավակնորդներին․ Դին Լիրեն

Հունիսի 16-ից Մադրիդում մեկնարկում է Հավակնորդների մրցաշարը, որի մասնակիցներն են՝

  • Դին Լիրեն
  • Ալիրեզա Ֆիրուզա
  • Ֆաբիանո Կարուանա
  • Ռիխարդ Ռապպորտ
  • Յան Նեպոմնյաշի
  • Հիկարու Նակամուրա
  • Թեյմուր Ռաջաբով
  • Յան-Կշիշտոֆ Դուդա

Ըստ կանոնադրության, Հավակնորդների մրցաշարի հաղթողը իրավունք կստանա պայքարել Աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կարլսենի դեմ շախմատային թագի համար։ Մագնուսը նախորդ մրցամարտից հետո նշել էր, որ չի ցանկանում խաղալ չեմպիոնական թագի համար, վերջերս կրկնել էր միտքը, սակայն, միգուցե, դա արվում է հանդիսատեսների հետաքրքրությունը բարձրացնելու համա՞ր։ Մագնուսն ասել էր, որ կխաղա միայն Ֆիրուզայի դեմ, ամեն դեպքում եկեք դեռ չշտապենք։

Մինչ Հավակնորդների մրցաշարի սկսելը ուսումնասիրենք մասնակիցների կազմը և փոխձենք կանխատեսել ապագա հավակնորդին։

Դին Լիրեն

Հավակնորդների մրցաշարի ուղեգիր նվաճել է Սերգեյ Կարյակինի որակազրկումից հետո՝ կարճ ժամանակահատվածում խաղալով 30 պարտիա իր հայրենակիցների հետ։

Դինի հաղթելու շանսերը շատ բարձր են և միաժամանակ շատ ցածր։ Չինացին այս պահին աշխարհի երկրորդ շախմատիստն է ըստ վարկանիշի, նա չի լքել լավագույն եռյակը 2019 թվականի փետրվարից։ Մյուս կողմից՝ Դինը արդեն մեկ տարուց ավելի է, ինչ մրցաշարերի չի մասնակցում։

Այս մրցաշարը կլինի երրորդը Դինի համար։ Ըստ Կարլսենի, չինացին շատ վտանգավոր մրցակից է իր համար։ Մի՞թե նրան հետաքրքիր չի լինի պայքարել նմանատիպ շախմատիստի դեմ։

2018 թվականին՝ առաջին անգամ խաղալով Հավակնորդների մրցաշարում, Դինը 14 պարտիայից 13-ը ավարտեց ոչ-ոքի։

2020-2021 թվականին նա շատ անհաջող մեկնարկեց (0/2) և ընդհանրապես բավականին անհաջող խաղաց մրցաշարի առաջին կեսը, երկրորդ կեսում ցույց տված լավագույն արդյունքը (4.5/7) և խաղի 99.0% ճշգրտությունը նրան ոչնչով չօգնեց։

2022 թվականի Մադրիդի մրցաշարը Դինի համար առաջինը կլինի նախորդ Հավակնորդների մրցաշարից հետո, եթե հաշվի չառնենք Չինաստանում անցկացրած 30 պարտիաները։

Արտյոմ Սուքիասյան