Ավետիք Գրիգորյան

Ավետիք Գրիգորյանը ծնվել է 1989 թվականի հունվարի 27-ին Երևանում։

Նախնիները Գավառից և Պարսկաստանից են։ Շախմատ խաղալ 4 տարեկանում սովորեցրել է տատիկը։ Սերն այդ խաղի նկատմամբ փոխանցվել է պապից ու հորից։

Տարրական կրթությունը ստացել է Երևանի թիվ 51 դպրոցում, ավարտել է թիվ 59 դպրոցը։ Այնուհետև ավարտել է Ֆիզիկական կուլտուրայի հայկական պետական ինստիտուտի շախմատի բաժինը։

Մուտքը շախմատ

Առաջին մարզիչը եղել է Գագիկ Սարգսյանը։ Ավետիքը մեկ տարում լրացրել է բոլոր կարգերը և 7․5 տարեկանում դարձել 1-ին կարգային շախմատիստ։ Մրցաշարերում ունեցած երկարատև անհաջողությունները Ավետիքին ստիպում են մեկ տարով թողնել շախմատը և զբաղվել ձեռնամարտով։

12 տարեկանում նա վերադառնում է շախմատ և սկսում մարզվել Արսեն Եղիազարյանի մոտ։ Արդեն մեկ տարի անց Ավետիքը Հայաստանի մինչև 14 տարեկան պատանիների առաջնությունում զբաղեցնում է 2-րդ տեղը և առաջին անգամ մասնակցում Եվրոպայի պատանիների առաջնությանը։

Հաջողությունները

2002 թվականից սկսում է հաճախել Սմբատ Լպուտյանի ղեկավարած նորաբաց շախմատի ակադեմիան։ Նույն թվականին Ավետիքը նվաճում է մինչև 14 տարեկանների Եվրոպայի չեմպիոնի կոչումը։

2004, 2006 և 2007 թվականներին Ավետիքը դառնում է Հայաստանի մինչև 18 տարեկանների չեմպիոն։

2010 թվականին, մասնակցելով Հայաստանի մեծահասակների առաջնությանը, ավարտից մեկ տուր առաջ հռչակվում է մրցաշարի հաղթող։ Այդ հաջողության շնորհիվ նա ընդգրկվում է Հայաստանի հավաքականի կազմում և մասնակցում Խանտի Մանսիյսկում կայացած 39-րդ օլիմպիադային։ Այնտեղ անցկացնում է մեկ պարտիա և հաղթում կոստառիկացի մրցակցին։

Ավետիք Գրիգորյանը վերջին տարիներին պրոֆեսիոնալ շախմատ չի խաղում, զբաղվում է մարզչական գործունեությամբ։

Շախմատից դուրս

Շախմատից դուրս Ավետիքը սիրում է զբաղվել լողով և էքստրեմալ մարզաձևորվ, պրոֆեսիոնալ մարզումներ է անցկացրել կունգ-ֆուով, 2003 թվականից Հայաստանի կունգ-ֆուի ֆեդերացիայի անդամ է։

Հանդիսանում է chessmood.com կայքի հիմնադիրը։

Արտյոմ Սուքիասյան